Լրահոս
Օրվա լրահոսը

Բրուցելյոզը գլուխ է բարձրացնում

Հոկտեմբեր 03,2003 00:00

Բրուցելյոզը գլուխ է բարձրացնում Գյուղատնտեսության փոխնախարար Հովսեփ Քլոյանի տեղեկությամբ, բրուցելյոզով «տառապող» հիմնական տարածքները Թալինն ու Կրասնոսելսկն են, բայց «դա սովետի ժամանակներից մնացած հիվանդություն է, որն իրենից վտանգ չի ներկայացնում»։ Իսկ Թալինի անասնաբուժական սպասարկման կենտրոնի մանրէաբան Հեղուշ Եղոյանը խմբագրությանը ներկայացնում է հակառակ պատկերը. «Իմ երեսնամյա աշխատանքային կենսագրության ընթացքում ես բրուցելյոզի այս չափի տարածման դեպք չեմ հիշում»։ Նրա ներկայացրած փաստաթղթերով պարզվում է, որ այս տարվա մայիսից շրջանում անցկացվել են ստուգումներ, որոնց արդյունքում գյուղերում գրանցվել են հիվանդության մի շարք դեպքեր։ Վերին Բազմաբերդ գյուղում, օրինակ, օգոստոսին ստուգված 308 խոշոր եղջերավորներից 44-ի մոտ առկա է եղել հիվանդության բացիլը, մնացած գյուղերում այդ թիվը նկատելիորեն փոքր է։ Հիվանդ կովերին անհապաղ գրանցում են «մահապարտների» շարքում։ Ըստ կանոնակարգի, գործընթացի կատարմանը հետեւում է մարզպետարանն ու անասնաբուժական տեսչությունը։ Իսկ Կաթնաղբյուր գյուղում, ըստ Գյուղնախարարության Թալինի անասնաբուժական կենտրոնի տեղեկանքի, բրուցելյոզով հիվանդ եղջերավոր չկա, չնայած տիկին Եղոյանը ներկայացրել էր մի շարք գրություններ գյուղի անասնատերերից, որոնց վկայությամբ՝ «մեր կովը մորթվել է, որովհետեւ հիվանդ էր բրուցելյոզով»։ Դա նշանակում է, որ հայտնաբերված հիվանդությունը չի արձանագրվել եւ, խիղճը կորցնելու դեպքում, այդ մարդիկ կարող էին շարունակել կիթը եւ մթերքը հանել վաճառքի։ Եթե հաշվի առնենք այսօր շուկաներում վաճառվող գյուղմթերքի ստուգման որակը, դա անհնարին չէ, ոչ էլ՝ դժվար։ Պարոն Քլոյանի խոր համոզմամբ՝ «ստուգումների արդյունքով հայտնաբերված հիվանդների թիվը դեռ նորմայից էլ քիչ է» եւ, ընդհանրապես, «կարեւորը, որ սիբիրախտ կամ այլ վտանգավոր հիվանդության դեպք չունենք»։ Նրա ասելով, անհրաժեշտ է պահպանել սննդի օգտագործման տարրական կանոններ՝ գնումներ չկատարել չստուգված ապրանքի կետերից, չզբաղվել հումակերությամբ (խոսքը մսի մասին է), կաթն օգտագործել եռացնելուց հետո եւ այլն, ու անհանգստանալու կարիք՝ չիք։ Թալինից ստացված ահազանգի հիման վրա նախարարության կատարած ստուգումների արդյունքում իր աշխատատեղը կորցրել է «Թալինի անասնաբուժական սպասարկման կենտրոն» ՊՓԲԸ նախագահ Միշա Սիմոնյանը, որն, ըստ փոխնախարար Քլոյանի, «թույլ է տվել, որ հիմնարկը գնա սնանկացման»։ Պարտքերը սոցապ հիմնադրամին կազմել են 270 հազար դրամ։ Սակայն մեր բողոքարկուի (Հ. Եղոյան) կարծիքով, «այդ գումարը վճարելն այնքան էլ դժվար գործ չէր, դա հորինված պարտք էր, որպեսզի դրա դիմաց աճուրդի հանվի լաբորատորիայի շենքը»։ Նրա տվյալներով, «օգոստոսի 11-ին գաղտնի ձեւով իրականացվել է աճուրդ-շորթում եւ այդքան կարեւոր շինությունն ընդամենը 450 հազար դրամով դարձել է Միշա Սիմոնյանի սեփականությունը՝ մտերիմներից մեկի անունով գրանցելով»։ Տիկին Եղոյանն իրենց շրջանում բրուցելյոզի ծաղկման հիմնական մեղավոր նույնպես համարում է հենց Մ. Սիմոնյանին եւ անասնաբուժական սպասարկում իրականացնող նորաստեղծ «Ցրոնք-Ասիմ» ՍՊԸ նախագահ նրա որդուն։ Ասենք, որ գյուղնախարարության անասնաբուժական ծառայության պետ Տիգրան Գասպարյանը հարցին հանգիստ է վերաբերում, որովհետեւ «հենց առկա թվերն արդյունք են նորմալ ստուգումների, իսկ հիվանդ անասունները դրված են մորթման»։ Իսկ որ Թալինում այս տարի գրանցվել է բրուցելյոզով հիվանդ 10 բնակիչ, նրան ոչինչ չի ասում, որովհետեւ «կարող է նրանք այլ շրջաններում են պանիր կերել ու հիվանդացել»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել