Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑՎԵՑ ԱՇՏԱՐԱԿԻ ԿԱՄՈՒՐՋԸ

Հոկտեմբեր 03,2003 00:00

ԲԱՑՎԵՑ ԱՇՏԱՐԱԿԻ ԿԱՄՈՒՐՋԸ «Մինչեւ տարվա վերջ շատ թեժ աշուն ենք ունենալու՝ կարմիր լենթեր կտրելու առումով»,- «եղանակի իր տեսությունն արեց» ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Քասախ գետի կամրջային անցումը հանդիսավոր բացելու համար Արագածոտնի մարզ ժամանած ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին լրագրողներն այլ՝ «ոչ կամրջային» հարցեր էին պատրաստվում տալ: Սակայն արարողակարգով հարց ու պատասխանին հատկացվելիք 5-7 րոպեն նախատեսված էր բացառապես «թեմային առնչվող հարցերի» համար: «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը հայտնի անեկդոտի մեթոդով գտավ Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին հարց տալու ձեւը. «Ե՞րբ է հնարավոր իրապես միջպետական հաղորդակցությունների համար օգտագործել այս բարեկարգ ճանապարհները: Այսինքն, դրանք կարելի է օգտագործել տարածաշրջանային բոլոր հակամարտությունների կարգավորումից հետո՞: Ձեր կարծիքով, դա ե՞րբ հնարավոր կլինի»: «Դուք բան հասկացա՞ք»,- նախ արձագանքեց նախագահը: Այնուհետեւ ասաց. «Մի քիչ շատ բարդացրիր»: Նախագահն անշուշտ մեզանից լավ էր հասկացել լրագրողի հարցը: Ինչն իհարկե չխանգարեց դրան չպատասխանելուն. «Դա հավի-ձվի պատմությունն է. եթե լավ ճանապարհ չունես, ուրեմն երբեք ձեր ասած նպատակների համար չի էլ ծառայելու, ուրեմն պետք է կառուցենք այդ ճանապարհները եւ ես համոզված եմ, որ մեկ տարվա ընթացքում մենք, նաեւ, տնտեսական էֆեկտը ունենալու ենք»: Կոնկրետ այս կամրջի շինարարությունից Ռ. Քոչարյանն իր գոհունակությունը հայտնեց եւ որակի, եւ ժամանակից շուտ հանձնված լինելու առումով: Չմոռանանք աշխատատեղերը. «Միայն կոնկրետ շինարարության վրա 160 մարդ էր աշխատում: Իսկ հարակից, սպասարկող աշխատողների ծավալը շատ ավելի մեծ է»: Այնպես որ, նախագահն իր խոստովանությամբ, «ուղղակի լավ տրամադրությամբ էր այնտեղ»: «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանն էլ նույնը խոստացավ, քանի որ մինչեւ հոկտեմբերի վերջ պետք է ավարտվի ճանապարհաշինության ծրագիրը: Փաստորեն այս հոկտեմբերն էլ կարմիր կլինի՝ շնորհիվ «կարմիր լենթերի»: Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Քասախ գետի կամրջի երկրորդ հերթի շինարարությունն արժեցել է 1 միլիարդ 40 միլիոն դրամ կամ 1 միլիոն 780 հազար դոլար, երկարությունը 365 մետր է, բարձրությունը՝ 60 մետր: Շինարարները, նախագծողները եւ պատվիրատուն մեկ շաբաթ առաջ կանգնել են կամրջի տակ, որի վրայով անցել է 280 տոննա բեռ: Այս կերպ կատարվել է կամրջի դինամիկ եւ ստատիկ փորձարկումը: Պրն Բեզոյանից ճշտեցինք, որ կամրջի համար նախատեսված առավելագույն ծանրությունը 200 տոննա է: «Շատ ենք դրել՝ ապացուցելու, որ ամուր է»,- ասաց ԾԻԳ-ի տնօրենը: Հետագայում կլինի՞ Լինսի հիմանադրամի ծրագրի շարունակություն, թե ոչ, դժվարանում է պատասխանել անգամ ՀՀ նախագահը. «Հիմա ձեր հարցին չեմ կարող պատասխանել, մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ շինարարական ծավալների նվազում մենք չունենանք: Կփորձենք ամեն ինչ անել: Տարբեր ծրագրերով: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Լինսի շարունակությանը, այնպես պետք է անենք՝ որակի առումով, որ…8230 ուղղակի մեզանից չի կախված, որ, ուղղակի ձեր ասած, մեր ցանկությունները շատ հավանական լինեն»: Արագածոտնի մարզի լրագրողներին բնականաբար ավելի շատ իրենց մարզն էր հետաքրքրում, մանավանդ որ Ռ. Քոչարյանի նախընտրական ծրագրում խոստում կա Ալագյազի ավտոճանապարհի կառուցման մասին: «Իմ նախընտրական ծրագրում կա այդ ճանապարհը եւ փորձելու ենք ամեն ինչ անել, որ կառուցենք: Հիմա հայթայթում ենք ֆինանսավորման հնարավորություն: Ես մեկ տարվա խոստումներ չեմ տվել, բայց համոզված եղեք, որ կառուցելու ենք: Կառուցելու ենք հաստատ: Չեմ ուզում ժամկետների մասին խոսել, երբ որ ծրագիրը կհաստատենք, այնտեղ ամեն ինչ կերեւա»: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել