Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՐԴԻՆ ԽԱԲԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ

Հոկտեմբեր 03,2003 00:00

ԺՈՂՈՎՐԴԻՆ ԽԱԲԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ Այս հարցում համակարծիք են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է եւ սա առայժմ գործող երկրի գլխավոր օրենքի առաջին հոդվածներից է։ Սոցիալական իրավիճակը երկրում չափազանց լարված է, եւ լարված է լինում ամեն տեսակի ընտրություններից առաջ, երբ ոչ ոք թանկացումներից չի խոսում եւ դրանցից հետո, երբ դրա մասին խոսելն այլեւս վտանգավոր չէ։ Գործադիր եւ օրենսդիր մարմինների վերջին շրջանի գործունեությունը եւս փաստում է, որ սոցիալականին մատների արանքով են նայում ու բոլոր պայթյունավտանգ որոշումներն ու փոփոխությունները կապվում են հենց այդ բազմաչարչար ոլորտի գլխին։ Խոսքը սակագների սպասվող փոփոխությանն է վերաբերում, ինչպես նաեւ խնայդրամարկղերում ավանդադրված ավանդների վերադարձման հնարավորությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությունը, թե «հայաստանյան մեր սակագները բավականին մատչելի են, պարզապես մատչելի չեն ժողովրդին» կարելի է դասել հին հունական պարադոքսների շարքին։ Ուստի, մենք չփորձեցինք էլ դա մեկնաբանել, այլ խնդրեցինք, որ պրն Սահակյանն անձամբ բացատրի, թե հատկապես ո՞ւմ եւ ի՞նչն է մատչելի։ Պրն Սահակյանը հետեւյալ մեկնաբանությունը ներկայացրեց. «Եթե մեկ շնչին ընկնող համապատասխան զամբյուղը ձեւավորվի, այդ գները մատչելի են լինելու, հենց դրա մասին եմ ես խոսում։ Բայց, միեւնույն ժամանակ, որովհետեւ կանխատեսում կա, կարծում եմ, կառավարությունն սկսել է սոցիալական քաղաքականության մեղմացման տարբերակը, որը կլինի թոշակների, աշխատավարձերի բարձրացմամբ, նաեւ՝ բյուջեի դոտացիոն կարգով վճարների փակում»։ Պրն Սահակյանի գնահատականներին հասկանալի պատճառներով համամիտ չէ ընդդիմության ներկայացուցիչ Արշակ Սադոյանը. «Գալուստ Սահակյանը էլեմենտար դեմագոգիա է արել. եթե նկատի ունի, որ ուրիշ երկրներում ժողովրդի գնողունակությունը շատ բարձր է մեր ժողովրդի գնողունակությունից եւ նրանց սակագների համեմատ բարձրացումները շատ բարձր չեն, ապա պարզ է, որ այս սակագները մեր ժողովրդի համար չեն եւ դա բերելու է պայթյունավտանգ իրավիճակի»։ Ընդդիմության կունկրետ անելիքը ո՞րն է լինելու՝ «հարցերը հասարակության ուշադրության կենտրոնում պահելը, մեր կողմից ամեն ջանք գործադրել, որպեսզի գները չբարձրանան»։ Ինչպե՞ս է դա հաջողվելու ընդդիմությանը, երբ գազի գինը այստեղ չի որոշվում, երբ ԲԷՑ-երը մասնավորեցված են եւ այլն։ Արշակ Սադոյանը կարծիք հայտնեց, որ սակագների բարձրացումն ուղղակի կապված է կատարված ընտրական ծախսերի հետ. «որովհետեւ իշխանական համակարգը ինչ-որ տեղից պետք է ետ բերի իր ծախսերը, մի բան էլ ավելով ետ բերեն, ու բնական է, որ սակագները պետք է բարձրացնեն»։ Պրն Սահակյանին խնդրեցինք նաեւ՝ հետեւյալ մութ կետերը մեզ համար լուսավորել, հատկապես՝ ի՞նչ խնդիր է լուծելու ավանդների վերադարձման հնարավորությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը եւ արդյո՞ք նրա ստեղծումը զուտ ժողովրդին սպասողական ալիքի վրա պահելու, բուն խնդիրներից շեղելու նպատակ չի հետապնդում։ Ըստ պրն Սահակյանի, իրականությունը բոլորովին այլ է. «Բազմաթիվ կարծիքներ կլինեն, իմ կարծիքը հետեւյալն է, որ հանձնաժողովի ստեղծմամբ պիտի դասակարգվի ոլորտում կատարվող քաղաքականությունը։ Եթե հանձնաժողովը ԱԺ հանձնաժողով է, ակամայից նաեւ ժողովուրդն է այդ քննարկմանը մասնակցելու՝ լրատվություն, քննարկումներ, ցուցադրում, թերթ, ժողովուրդը ճշտորեն պիտի իմանա, թե ինչ բազա ունի ՀՀ-ն, ինչքան գումարների հետ է կապված, այդ գումարներն ի՞նչ ճանապարհով պիտի ստացվեն, ո՞ր ժամկետներում պիտի ստացվեն։ Կարծում եմ, դրան կհաջորդի մի օրենք, որում կերեւա ողջ սցենարը»։ Պրն Սահակյանն ազնվորեն բարձրաձայնեց, որ հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո ժողովուրդն ավանդները ետ չի ստանա. «Կարծում եմ, դա հեռանկարային չի լինի, հենց դա է պատճառը, որ ես չեմ ուզում, որ օրակարգ մտնեն ավանդների մասին մի շարք նախաձեռնություններ, որպեսզի այս լուրջ հարցը շոուի չվերածվի։ Սա ե՛ւ ժողովրդի հավատի հետ է կապված, ե՛ւ իշխանությունների իմիջի, ե՛ւ կուսակցությունների»։ Իսկ թե երբ ժողովուրդը կարող է իրապես զգալ հանձնաժողովի աշխատանքի արդյունքը, այսինքն՝ երբ կվերադարձվեն ավանդները. «Բնականաբար, 2004 թ. մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ ապրիլի 1-ին հանձնաժողովն իր աշխատանքը կավարտի, եւ հնարավոր է՝ այդ ժամկետը կրկին երկարացվի։ Դրա ելքերը ես տեսնում եմ 2007-2008 թթ., այն էլ այն դեպքում, եթե այսօր մեր կողմից արձանագրված զարգացման տեմպերը շարունակական պրոցեսի մեջ լինեն։ Միանվագ ավանդներ տալու կենսափորձ ոչ մի պետություն չունի»։ Մեր կոպիտ դիտարկմանը, թե մինչեւ 2007- 2008 թթ. «կամ էշը կմեռնի, կամ՝ իշատերը», պրն Սահակյանը համաձայն չէր. «Չէ, կարծում եմ, կֆիքսվի ժառանգականության հետեւանքները, եւ, նաեւ, նման դեպքերի համար էլ հնարավոր կլինի որոշակի մասնահանումներ (ամենուր փորձում ենք պահպանել պրն Սահակյանի լեզվամտածողությունը.- Մ. Ե.)՝ հենց նման դեպքերի համար։ Նույնիսկ, եթե ես շատ սուր եմ արտահայտվում, ապա նրա համար, որ ցանկացած դեպքում չի կարելի ժողովրդին խաբել, հույսով անել»։ Արշակ Սադոյանը եւս մտածում է, որ ժողովրդին խաբել չի կարելի։ Այս հարցում ընդդիմությունն ու իշխանությունը համակարծիք են, բայց խաբելը վերագրում են դիմացինին։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել