ՄԵՂԱՎՈՐՆ ԱՐԵՎՄՈՒՏՔՆ Է Թե չէ, ըստ Աղասի Արշակյանի, վաղուց կանդամակցեինք Ռուսաստան-Բելառուս դաշինքին Նախկին Ազգային ժողովի 9 քաղաքական միավորումներից 6-ի ներկայացուցչիները անդամագրվել էին՝ Ռուսաստան-Բելառուսին մեր երկրի միավորվելու նախաձեռնությանը։ Սակայն ազգի 131 ընտրյալներից 43-ը իրենց անդամությամբ այդպես էլ էական ոչինչ չարձանագրեցին։ Ներկայիս խորհրդարանում վերոնշյալ 43 պատգամավորներից 18-ը վերընտրվել են, ինչը նախաձեռնող խմբի անդամ Աղասի Արշակյանին հիմք է տալիս ասելու, որ նախաձեռնությունը շարունակում է գործել։ Նոր ընտրյալներից ոչ ոք դեռ իր «ռուս-բելառուսական» հավակնությունների մասին չի տեղեկացրել նախաձեռնողներին, բայց Ա. Արշակյանը գտնում է, որ «անհատական աշխատանքի շնորհիվ» համախոհներ կհայտնաբերվեն։ Բայց, միաժամանակ, մեզ հետ զրույցում պարոն Արշակյանը խոստովանեց, որ «ակտիվությունը մեր կողմից մի քիչ նվազել է»։ Բացատրությունը, ըստ նրա, հետեւյալն է. «Վերամիավորման գործընթացների գլխավոր արգելակները տեղափոխվել են Մոսկվա»։ Սա էլ պարոն Արշակյանը բացատրում է աշխարհաքաղաքական խնդիրներով. «Մի կողմից սկսվեցին նախկին ԽՍՀՄ փլուզման ինտենսիվ գործընթացները, մյուս կողմից՝ Եվրոմիության ինտենսիվ ստեղծումը»։ Մեր զրուցակիցը դա ուղղակի կապում է նախկին ԽՍՀՄ-ից մնացած բազմամիլիարդանոց պարտքերի, դրանց սպասարկման, ինչպես նաեւ հետխորհրդային շրջանում տրված մեծ՝ սկզբնական շրջանում, ըստ Ա. Արշակյանի, անվերահսկելի վարկերի հետ։ Դրանք, պարոն Արշակյանի պնդմամբ, տրվել են մեկ միտումով. «Տեղերում քրեականացնել իշխանություններին, հնարավորություն տալ, որ նրանք մսխեն, խժռեն։ Մեզ ներքաշեցին մեր ընդհանուր տունը քանդելու մեջ, կոռումպացրեցին իշխանություններին՝ կախման մեջ գցեցին»։ Իբրեւ ասվածի հիմնավորում, Ա. Արշակյանը նկատեց. «Հայաստանի արտաքին պարտքի (մոտ 1 մլրդ 200 մլն դոլարի վարկի տեսքով) սպասարկումն ամբողջ թափով սկսվելու է 2005 թվականից։ Այդ պարտքի շուրջ 700-800 մլն ստացվել է մինչեւ 1997թ.։ Իսկ վերջին չորս տարիներին արտասհմանյան ֆինանսավորումը Հայաստանին տրվում է ճիշտ այնքան, որքան այդ տարվա ընթացքում պետք է վերադարձնենք։ Ասենք, 1999-ին տվեցին 53 մլն դոլար, իսկ այդ տարի բյուջեով ունեինք 51 մլն դոլար արտաքին պարտքի սպասարկում եւ այլն»։ Վերոհիմնավորվածից պարոն Արշակյանը հետեւություն է անում. «Հայաստանը չի կարող առաջ ընկնել։ Դրա համար հարաբերական պասիվ գործընթացների մեջ ենք եւ չարժե առաջ ընկնել մյուս միավորվող պետություններից»։ Մեր դիտարկմամբ, փաստորեն, ըստ պրն Արշակյանի, ռուս-բելառուսական միավորման խոչընդոտողները Արեւմուտքը եւ Եվրամիությունն են։ «Ես կուզեի, որ այդ խոչընդոտներն ավելի շատ ու կոշտ լինեին,- ցանկությունն արտահայտեց պարոն Արշակյանը,- որպեսզի հետխորհրդային տարածքի պետությունների ղեկավարները հասկանային ու միավորվելու պրոցեսներն ավելի արագ տանեին»։ Եվրոպան ու Արեւմուտքը, ըստ Ա. Արշակյանի, մեզ թույլ կտան՝ «այն շրջանակներում ինտեգրվել, քանի դեռ դա իրենց համար տնտեսական, շուկայական սպառնալիք չի ներկայացնում։ Թույլ հարեւանը ձեռնտու է, ուստի չեմ կարծում, որ ԱՄՆ-ի կամ Եվրոպայի ուշքը գնում է, որ մեզ մոտ ամեն ինչ լավ լինի, լավ ապրենք»։ Հարկ է նկատել, որ Ռուսաստանը եւ Բելառուսը հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում, հատկապես՝ միասնական վճարամիջոցի գոտի մտնելու հետ կապված, բավականին տարաձայնություններ ունեն եւ երկու երկրների վարչապետներն էլ տարբեր առիթներով խոսել են այդ մասին ու հայտարարել իրենց երկրների հավակնությունների մասին։ Այս առիթով Ա. Արշակյանն ասելիք չգտավ։ Փոխարենը, ի ապացուցումն նրա, որ Հայաստանի փրկությունը Հայաստան-Բելառուսին անդամագրվելն է, համեմատականներ տարավ. «Մեր երկրում օֆիցիալ միջին աշխատավարձը 49 դոլար է, Բելառուսում՝ 118։ Չորս հոգիանոց ընտանիքի համար կոմունալ ծախսը կազմում է աշխատավարձի 5-8%-ը։ Մեզ մոտ՝ 49 դոլարի 15-20%-ը»։ Այս եւ այլ վերլուծությունների արդյունքում մեր զրուցակցի եզրահանգումը դասական բնույթի էր. «Մեր տնտեսական աճը փուչիկ է, այն էլ՝ անգույն»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ