Լրահոս
Օրվա լրահոսը

Բուռն իրադարձություններ ՀՖՖ-ում

Հոկտեմբեր 02,2003 00:00

Բուռն իրադարձություններ ՀՖՖ-ում ՈՒԵՖԱ-ն Ռուբեն Հայրապետյանին հրավիրել է Ժնեւ Սեպտեմբերի 6-ին ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Հունաստան ազգային հավաքականների երեւանյան հանդիպումից անմիջապես հետո, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի սենսացիոն հայտարարությունից հետո Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը (ՈՒԵՖԱ) հարցը պարզելու համար հատուկ հանձնակատար է նշանակել, որը պետք է իր եզրակացությունը տա մինչեւ հոկտեմբերի 11-ը՝ «Եվրո-2004»-ի ընտրական մրցաշարի եզրափակիչ օրը։ Ամենայն հավանականությամբ, խնդրի հանգուցալուծումը մոտ օրերս կլինի, քանի որ ՈՒԵՖԱ-ն Ռուբեն Հայրապետյանին հոկտեմբերի 3-ին հրավիրել է Ժնեւ։ Այնտեղ պետք է քննարկում կազմակերպվի։ Արկադի Անդրեասյանին ներեցին Ֆուտբոլասերները հիշում են, որ անցած տարի հունիսի 28-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գործկոմի նիստում «Արարատ» ակումբի նախագահ եւ գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանին ֆուտբոլում անցանկալի անձ էր ճանաչել։ Այս տարի հանդիսավորությամբ նշվելու է «Արարատ» թիմի ԽՍՀՄ չեմպիոն եւ նույն տարում (1973թ.) ԽՍՀՄ գավաթակիր դառնալու 30-ամյակը։ Արկադի Անդրեասյանը «Արարատ-73»-ի հերոսներից է։ ՀՖՖ գործկոմի հերթական նիստում Ռուբեն Հայրապետյանն առաջարկել է այդ առիթով Արկադի Անդրեասյանին ներում շնորհել։ Առաջարկը դրվել է քվեարկության եւ (11 կողմ, 2 ձեռնպահ) գրեթե միաձայն ընդունվել է։ Իր այդ քայլը ՀՖՖ նախագահը մեկնաբանել է այսպես. «Անդրեասյանը մեր ֆուտբոլային լեգենդներից է… Սրանով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւս մի կարեւոր քայլ արած կլինի, որպեսզի մեր մատաղ սերունդը հասկանա, որ մենք մեր լեգենդներին ինչպես մեծարել, այնպես էլ պատժել ու ներել գիտենք»։ Միհայ Ստոյկիցային պատժեցին ՀՖՖ կարգապահական կոմիտեն հերթական նիստում որոշել է երեք խաղով որակազրկել «Փյունիկ» թիմի գլխավոր մարզիչ Միհայ Ստոյկիցային՝ երկրորդ անգամ ստադիոնում անպարկեշտ պահվածքի («Բանանց»-«Փյունիկ» հանդիպման ժամանակ), անվայել, ոչ մարզական վարքագծի համար։ Նույն պատճառով ռումինացի մասնագետին արդեն մեկ անգամ նկատողություն էր հայտարարվել։ Սրա, ինչպես նաեւ ստադիոնում տեխնիկական գոտու սահմանները պարբերաբար խախտելու համար (մարզչի կողմից) «Փյունիկ» ակումբը նաեւ տուգանվել է 200 հազար դրամ։ Նկատողություն՝ Սարգիս Իսրայելյանին Նույն խաղում ընդմիջման ժամանակ անպարկեշտ, անվայել վարքագծի, ոչ մարզական պահվածքի համար «Բանանց» ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանին հայտարարվել է նկատողություն, իսկ ակումբը տուգանվել է 50 հազար դրամ։ Ֆուտբոլիստին որակազրկեցին Կարգապահական կոմիտեն նաեւ համաձայնել է «Բանանց» ակումբի ընդհանուր ժողովի որոշմանը, որով Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում անօրինական գործողություններ կատարելու, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, ազգային ֆուտբոլային շարժմանը վնաս հասցնող գործողությունների, ազգային ու երիտասարդական հավաքականների ղեկավարության, ֆուտբոլիստների, «Բանանց» ՖԱ հասարակական կազմակերպության եւ ֆուտբոլային թիմի բարի համբավն ու արժանապատվությունը ոտնահարելու, մարզիկին ոչ հարիր արարք թույլ տալու համար «Բանանց» թիմի ֆուտբոլիստ Սերգեյ Առաքելյանը զրկվել է ֆուտբոլ խաղալու իրավունքից. Հայաստանի Հանրապետությունում՝ մեկընդմիշտ, իսկ արտասահմանյան որեւէ երկրի թիմում՝ 2 տարով։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել