Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ «ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ»

Հոկտեմբեր 02,2003 00:00

ՀԵՐԹԱԿԱՆ «ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ» Երեկ ՀՀ նախագահի նստավայրում տարբեր բնագավառներում ունեցած հաջողությունների ու վաստակի համար մի խումբ գործիչների պետական պարգեւներ ու կոչումներ շնորհվեցին։ Ռոբերտ Քոչարյանը հերթով շնորհավորեց նրանց՝ հանձնելով պարգեւները։ Օրինակ, գնդապետ Մուրադ Իսախանյանը պարգեւատրվեց «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով՝ զինվորական առաջադրանքի հմուտ կատարման համար, «Մովսես Խորենացի» շքանշան ստացան հանրապետության տարբեր թատրոնների դերասաններ, Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, սփյուռքահայ գրող Պողոս Սնապյանը։ ՀՀ վաստակավոր եւ ժողովրդական արտիստի կոչումներ էլ բաշխվեցին դերասաններ Ռաֆայել Քոթանջյանին, Արմեն Մարությանին, երգչուհի Սյուզան Մարգարյանին, օպերային թատրոնի մեներգչուհի Հասմիկ Հացագործյանին եւ այլոց։ «Սունդուկյան թատրոնը բազմաթիվ տաղանդավոր ժողովրդական ու վաստակավոր արտիստներ է ունեցել։ Վերջապես ես էլ անցա նրանց շարքը»,- ուրախությամբ բացականչեց Արմեն Մարությանը՝ վաստակավոր արտիստի իր կոչման առիթով։ Իսկ օպերային թատրոնի մեներգչուհի Հասմիկ Հացագործյանը խնդրեց նախագահին հաճախ այցելել օպերային թատրոն։ Ռ. Քոչարյանն էլ ի պատասխան կատակեց. «Չէ, դա մի քիչ թանկ կնստի»։ Արվեստի վաստակավոր գործչի կոչում ստացան նաեւ Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, «Ա1+»-ի փակմանը նպաստած, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը եւ «Ագուլիս» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանը։ Վերջինս նաեւ փաստեց, որ մեծապես հուզված է հայրենիքում առաջին պարգեւը ստանալու համար։ Նա, սակայն, դեմ է ամեն տեսակ կոչումներին, գտնում է, որ դրանով մշակույթի մշակի արժանիքները չեն ավելանում. «Կարծում եմ, կոչումներն ավելորդ են։ Եթե այս գործի մարդ եմ, պարտավոր եմ իմ աշխատանքը լավ կատարել։ Այդպես էլ յուրաքանչյուրը պիտի լավ աշխատի իր բնագավառում՝ առանց վերեւից որեւէ բան ակնկալելու»։ Մշակույթի վաստակավոր գործչի կոչում ստացավ նաեւ Հայպետֆիլհարմոնիայի տնօրեն Լաերտ Մովսիսյանը։ «Ես ոչ մի տարի, ոչ մի տեղ ու ոչ մի անգամ չեմ խոսել։ Այսօր խոսելու եմ, որովհետեւ հպարտ եմ, որ այս պարգեւը ստացա Հայաստանի Հանրապետության հպարտ նախագահից։ Կարծում եմ՝ եթե նախագահը հպարտ է, երկիրն էլ է հպարտ»,- ասաց նա։ «Առավոտի» հարցին՝ «Արդյոք, ձեր կարծիքով, հպա՞րտ էր Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը», Լ. Մովսիսյանը շփոթված պատասխանեց. «Բա ո՜նց, իհարկե, անպայման։ Բա որ ինքը հպարտ չլիներ, ես սենց կքայլեի՞։ Հպարտ էր ոչ միայն նախորդ նախագահը, որին ես շատ սիրում, հարգում ու գնահատում եմ, այլեւ մեր Ռոբերտ Քոչարյանը»։ Ռ. Քոչարյանը շնորհավորելով բոլոր պարգեւատրվածներին, խոստացավ, որ այսուհետ նման պարգեւների ու կոչումների հանձնումը ավանդույթ կդառնա. «Անկախության տոնի առթիվ սրանից հետո «գույքագրելու» ենք, թե ով ինչ ավանդ ունի այս կամ այն բնագավառում, հետո դաշտը լավ ուսումնասիրելով՝ պարգեւներ ենք հանձնելու»։ ՀՀ նախագահը փաստեց «պետության բացը» արվեստի, առողջապահության, գիտության եւ այլ բնագավառների գործիչների նկատմամբ։ «Երբ փորձում եմ բոլոր առաջնահերթությունները դասակարգել, այնպիսի մեծ ցանկ է ստացվում, ու երեւում է, որ երկրորդական խնդիրներ չունենք»,- ասաց նախագահը, շեշտելով, որ չկա որեւէ ոլորտ, որ մյուսի նկատմամբ գերակա լինի։ Շնորհավորանքների վերջում դիմելով ներկաներին, Ռ. Քոչարյանն ասաց. «Մենք ձեզանով ենք ուժեղ, դուք՝ մեզանով։ Մեկս մեկիս ուժեղացնենք, որ կառուցենք մեր երազած Հայաստանը»։ Այնուհետեւ բոլոր կոչումավոր եւ պարգեւատեր գործիչները հրավիրվեցին հարեւան սրահ՝ մի-մի բաժակ շամպայնով իրար շնորհավորելու, հետո էլ լուսանկարվեցին նախագահականի աստիճանների վրա՝ ՀՀ նախագահի հետ։ Լաերտ Մովսիսյանը քանիցս փորձեց լուսանկարն իր ճաշակով «ձեւավորել», այսինքն՝ անպայման կանգնել Ռ. Քոչարյանի կողքին։ Սակայն նախագահը գերադասեց տիկնանց ընկերակցությունը՝ կանգնելով երգչուհի Սյուզան Մարգարյանի եւ դերասանուհի Մարիամ Ղազարյանի մեջտեղում։ Այնուհետեւ պետական ծանրակշիռ պարգեւներ ու կոչումներ ստացածները ծաղկեփնջերով շարվեցին Բաղրամյան պողոտայի երկայնքով՝ յուրաքանչյուրն իր երթուղայինին սպասելու։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել