Լրահոս
Օրվա լրահոսը

15 տարվա անտունիները

Հոկտեմբեր 02,2003 00:00

15 տարվա անտունիները Երեկ Երեւանի քաղաքապետարանի մոտ հավաքվել էին Արշակունյաց 13 հասցեի մի խումբ բնակիչներ։ Նրանց խնդիրն անծանոթ չէ տեղական ու քաղաքային իշխանություններին, որովհետեւ այն 15 տարվա վաղեմություն ունի։ Երկրաշարժից անմիջապես հետո քաղաքային գործկոմի նախաձեռնությամբ նրանց վթարային շենքը քանդվել է, դրա հետ միասին քանդել են շրջակայքի առանձնատների մի մասը։ Բնակիչների հետ կնքվել է պայմանագիր, ըստ որի, տեղում կառուցվող շենքից նրանց կտրվի բնակարան։ Ընդ որում, քանդողները նշել են բնակարանամուտի ժամանակը՝ 1989-ի Նոր տարվա նախօրյակ։ Արշակունյաց 13-ի շուրջ 30 ընտանիքների մի մասը մինչ օրս ապրում է վարձով, մի մասը՝ մետաղե տնակներում, մի քանի ընտանիք էլ տեղավորվել է ժամանակավոր կացարաններում։ Իրար հաջորդող քաղաքագլուխները գումար չեն գտել խնդրի ամբողջական լուծման համար։ Միայն 1999 թվականին պետբյուջեի գումարներով հաջողվել է սկսել շինարարությունը, իսկ հետո, երրորդ հարկ չհասած, կանգնեցվել է մինչեւ այժմ։ Մի տեղաշարժ էլ արձանագրվել է այս տարի. նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն առաջարկել է գումարային փոխհատուցում, ինչին համաձայն չեն բնակիչները։ Նրանք գտնում են, որ Կենտրոն համայնքում մեկ սենյականոց բնակարանի դիմաց 6000 դոլար վճարը (2-ի համար՝ 9000, 3-ի համար՝ 12 եւ այլն) շատ քիչ է։ «Դրա փոխարեն թող մեր շենքը կառուցեն, մեր հասանելիքը տան, մենք մեր մեկ սենյականոցը կվաճառենք ու կգնենք 2-3 սենյականոց»,- ասացին զրուցակիցներս, պատճառաբանելով, որ «15 տարի է անցել, մեր երեխաները մեծացել են, ամուսնացել, նրանց էլ է տուն պետք»։ Նորակառույցը նախագծված է 95 բնակարանի համար։ Այս շենքից բնակարան պետք է ստանային Կոնդ թաղամասի իրացված տների բնակիչները նույնպես։ Նրանցից 13-ը դեմ չի եղել գումարային փոխհատուցմանն ու օգոստոսին ստացել է իր հասանելիքը։ Բնակիչներից մեկը չէր զլացել անձամբ կազմել շինարարության նախահաշվարկ, հույս ունենալով ապացուցել իշխանություններին, որ «շինարարությունն ավարտին հասցնելն ավելի էժան կնստի նրանց վրա, քան մեզ առաջարկվող փոխհատուցումն է՝ 585,3 հազար դոլար»։ Նշենք, որ բնակիչներն ամեն հնարավոր օղակի դիմելուց զատ, աչքից բաց չեն թողնում նաեւ թաղապետի, քաղաքապետի, երկրի նախագահի եւ «հարց լուծող» մյուս պաշտոնյաների հետ հեռուստաեթերով շփվելու հնարավորությունը՝ զանգերի միջոցով։ Նման մի առիթ եղել է վերջերս, երբ «Ար» հեռուստաընկերության ուղիղ եթերում Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն էր։ Վերջինս լսել է իր համաքաղաքացիների խնդրանքը եւ խոստացել պատասխանել։ Երեկ բնակիչների մուտքը քաղաքապետարան չստացվեց։ Նրանք հերթական նամակը թողեցին նամակների բաժնում։ Ռ. ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել