ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՄԱԶՈՆՈՒՀԻՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ Եվ ավարտվում է տղաների համընդհանուր ֆեմինիզացիան Եթե մեկ-երկու տարի հետո տրանսպորտում տեսնեք, թե ինչպես են կանայք կամ աղջիկները իրենց տեղը զիջում երիտասարդ տղաներին՝ չզարմանաք: Ամեն ինչ գնում է դրան: Մեծանում է տղաների՝ տղամարդուն բնորոշ հատկանիշներից զուրկ մի սերունդ: Մեր պատանիները չափից ավելի նուրբ են, փափկասուն, անպատրաստ կյանքի դժվարություններին: Ամեն ինչ սկսվում է մանրուքներից: Օրինակ, այն բանից, որ երթուղային տաքսիներում նստատեղերը զբաղեցնում են միայն եւ միայն 15-25 տարեկան տղաները, որոնք ամենայն անտարբերությամբ կամ ավելին՝ դեմքի բութ արտահայտությամբ նայում են, թե ինչպես են կանայք, աղջիկները եւ երեխաները մի քանի տակ ծալված կանգնած իրենց կողքին: Բավական չէ, որ նրանցից ոչ մեկի մտքով չի անցնում վեր կենալ եւ տեղը զիջել գոնե տարիքով կանանց կամ փոքր երեխաներին, նրանք հարկ չեն համարում անգամ մի քանի սանտիմետր կողք քաշվել, եւ «խցկվելու» տեղ տալ «թույլ սեռի» ներկայացուցիչներին: Հավանաբար, նախկին «թույլ սեռի»: Քանի որ, տեղ զիջողները կամ իրենց նստած տեղից ուրիշին «բաժին հանողներն» էլի կանայք են: Ամենացավալին այն է, որ այս կարգի դեպքերը եզակի չեն, դրանք համատարած են, ու ստացվում է, որ տղաների փափկասունությունը օրինաչափ երեւույթ է: Իսկ վերջերս ականատես եղա մի դիպվածի, որը վերջակետ դրեց կասկածներիս՝ մեր պատանիների տղամարդկային որակների առումով: Առավոտ վաղ երթուղային լեփ-լեցուն տաքսու մեջ նստած էին միայն տղաները, ամենայն հավանականությամբ՝ ուսանողներ: Իսկ երկտակ կամ՝ նույնիսկ, եռատակ ծալված կանայք, աղջիկները, երեխաները եւ մի երիտասարդ տղա չգիտեին ինչպես կես ոտքի տեղ գտնեն: Կանգառում նստածներից մեկն իջավ, ու մինչ աղջիկները իրենց միջից ամենատարիքով էին առաջարկում գրավել «ազատագրված տարածքը», այնտեղ իրեն գցեց միակ կանգնած մնացած տղան: Տեղը զբաղեցրեց դեմքի՝ «բա ի՞նչ էիք կարծում, այդպես էլ պետք է լիներ» արտահայտությամբ: Բա ո՞նց, տղամարդ է, բոլորից ուժեղն է, ուրեմն պիտի նստի: Իսկ իրականությունն այն է, որ սոցիալական ճգնաժամի դաժան տարիներին, երբ, ցավոք սրտի, խեղաթյուրվեցին շատ արժեքներ, այդ թվում եւ՝ տղամարդու եւ կնոջ դերը հասարակական կյանքում, մեծացավ մի սերունդ, որը տեսել էր հանգամանքների բերումով գործազուրկ դարձած հայր եւ ընտանիք պահող մայր: Այդ տարիներին մեր կանայք իրենց ուսերի վրա վերցրեցին տղամարդկանց հոգսը, եւ տառացիորեն ոչնչից ինչ-որ բան ստեղծելով, կարողացան մեծացնել իրենց երեխաներին, եւ կերակրել՝ աշխատանքի կորստյան պատճառով խորը դեպրեսիայի մեջ ընկած ամուսիններին: Երեխաները մեծացան եւ նրանց համար օրինաչափ դարձավ այն, ինչ հակասում է դարեր շարունակ ձեւավորված համակարգին: Այսօր ամեն ինչ գլխիվայր է շուռ եկել. կինն ուժեղ է, կինը ընտանիքի սյունն է, կինն ի վիճակի է անել ամեն ինչ՝ բոլորի համար, իսկ տղամարդը թույլ է, փխրուն, հակված է տառապելու եւ ընկճվելու չնչին անհաջողություններից: Դրան նպաստում էր նաեւ մեր ազգային մտածելակերպին տիպիկ մտայնությունը՝ հայ մայրերը պատրաստ են իրենց որդիների փոխարեն անել ամեն ինչ, միայն թե նրանք հանկարծ չհոգնեն, չնեղվեն, չտխրեն, նեղություն չկրեն, ի վերջո՝ չաշխատեն: Իսկ դուստրերին մեծացնում են՝ կյանքի բոլոր փորձություններին դիմագրավելու պատրաստելով: Արդյունքում, այսօր ունենք ուժեղ, ինքնուրույն, ամեն ինչի սեփական ուժերով հասնելու ցանկություն եւ պատրաստակամություն ունեցող աղջիկներ, եւ ճիշտ հակառակ որակներով տղաներ: Բնականաբար, փոխվել են նաեւ արժեքային համակարգերը: Եթե նախկինում տղաները երազում էին լավ, բարձր վարձատրվող աշխատանք գտնելու եւ կնոջն ու երեխաներին ըստ պահանջի ապահովելու մասին, իսկ աղջիկները՝ հարուստ ամուսին էին երազում, ապա հիմա ամեն ինչ այլ է: Քանիցս նույն այդ երթուղային տաքսիներում նստած եւ կողքին կանգնած աղջիկներին չնկատելու տվող տղաների բարձրաձայն խոսակցություններից հասկացել եմ՝ այսօրվա երիտասարդները երազում են հարուստ եւ հեղինակավոր աշխատանք ունեցող կին գտնելու մասին, իսկ, ահա, նպատակասլաց աղջիկները ձգտում են հասնել ամեն ինչի սեփական ուժերով: Իսկ գուցե չէր կատակում ընկերուհիս, երբ ասում էր, թե ինչ-որ տեղ կարդացել է, որ մի քանի հարյուր տարի հետո Երկիր մոլորակի վրա մնալու են միայն կանայք: Եվ ապրելու ու բազմանալու են երկար ու երջանիկ տարիներ: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ