Բայց ափսոս, որ երազ էր Սոցիալական ներդրումների հիմնադրամը հետ է կանգնել թիվ 38 դպրոցը վերանորոգելու մտքից Օրերս թերթն արձագանքել էր Երեւանի թիվ 38 դպրոցի մի խումբ մանկավարժների բողոքին՝ կապված ուսուցիչների անհիմն կրճատումների եւ դպրոցի անբարեկարգ վիճակի հետ։ Խմբագրությանն ուղղված գրավոր պատասխանում տնօրեն Ավետիք Վանեսքեհյանը գրում է. «Մենք կատարել ենք կառավարության որոշումը, առաջնորդվելով Աշխատանքային օրենսգրքի համապատասխան կետերով, ինչը, չգիտես ինչու, համարվել է կադրային ջարդ»։ Ինչ վերաբերում է դպրոցի անբարեկարգ վիճակին, ապա այս խնդիրը դժվար ճանապարհ է անցել։ «1999 թվականի փետրվարի 22-ին դպրոցի հանդիսությունների դահլիճը լեցուն էր ծնողներով, ուսուցիչներով։ Ներկա էր Հայաստանի Սոցիալ ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) ներկայացուցիչ Կ. Գեւորգյանը, որն այնքան հստակ ներկայացրեց շենքի կապիտալ վերանորոգումը, որ բոլորն արդեն տեսնում էին լրիվ նորոգված ու շքեղ դպրոցը»,- պատմում է թիվ 38 դպրոցի տնօրեն Ա. Վանեսքեհյանը։ «Երազն» այնքան պատկերավոր ու իրատեսական է թվացել, որ շքեղ շենք ունենալու հեռանկարով դպրոցը հիմնադրամին էր փոխանցել $800։ Նույն շտապողականությամբ դպրոցի տնօրինությունը ՀՍՆՀ հաշվեհամարին է փոխանցել նաեւ «Բարի լոտոյով» շահած ողջ գումարը՝ 1050100 դրամ։ Նույն ընթացակարգով նորոգման ծրագրի ընդհանուր արժեքի 10%-ի ներդրում պարտավորվում է կատարել դպրոցի համայնքը՝ ծնողներն ու ուսուցչական կոլեկտիվը։ Իսկ ընդհանրապես ներկայացված ծրագրի արժեքը կազմում էր 50642004 դրամ։ Այսքանից հետո, աշնանը, պարզվում է, որ դպրոցը չի «տեղավորվել» հիմնադրամի առաջին ծրագրի շրջանակներում՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։ Ա. Վանեսքեհյանի խնդրանքով հիմնադրամը վերադարձրել է 1050100 դրամ գումարը, ինչն, ըստ տնօրենի, «օգտագործվել է տարրական դպրոցի մասնաշենքում միջանցքների հատակի, պատերի վերանորոգման եւ այլ աշխատանքների համար»։ Որոշ ժամանակ անց, Կաթոլիկ օգնության ծառայության գրասենյակից ստացված «շինանյութային» աջակցությամբ հաջողվել է դպրոցի միջանկյալ մասնաշենքի հարթ տանիքը վերափոխել լանջավորի։ Այդ ընթացքում դպրոցը «հասցնում» է դուրս մնալ ՀՍՆՀ-2 ծրագրի շրջանակներից։ Այս անգամ, ըստ ՀՍՆՀ հաստատությունների օժանդակության վարչության պետ Արամ Գրիգորյանի բացատրության, «դպրոցը չի համապատասխանել ընտրության չափանիշներին»։ Նշենք, որ դպրոցը 60 տարեկան է, իսկ վերջին 25 տարվա ընթացքում հիմնանորոգման չի «արժանացել»։ Դպրոցի խողովակաշարը փտած է, իսկ զուգարաններից այնպիսի հոտ է գալիս, որ ճիշտ կլինի երեխաներն այնտեղ մտնեն հակագազով։ Իհարկե, ծրագիրը շարունակական է, սակայն, ակներեւաբար, դպրոցը չի ուզում ապրել նախորդ մերժումներով ու հիասթափությամբ։ Այժմ օրակարգում 800 դոլարանոց կորստի վերականգնման խնդիրն է։ Սակայն այդ գումարը փոխանցվել էր «Նորաշեն» կազմակերպության հաշվեհամարին՝ թիվ 38 դպրոցի վերանորոգման նախագծային աշխատանքների համար, որոնք կատարվել են։ Խմբագրություն այցելած Ա. Վանեսքեհյանն իր խոսքում շատ մեծ ցանկություն հայտնեց. «Թե հնարավոր լիներ ու այդ գումարը հետ ստանայինք՝ զուգարանները կնորոգեինք»։ Իսկ հնարավո՞ր է, թե՞ ոչ, վարչության պետ Ա. Գրիգորյանը մեր այս հարցին պատասխանեց «համաձայն ընթացակարգի»։ Այն է՝ «թող տնօրենը համապատասխան գրություն գրի, կքննարկենք»։ ԱՐՇԱԿ ՌՈՒԶԱՆՅԱՆ