Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը «կկնքվի»

Հոկտեմբեր 02,2003 00:00

Արթուր Բաղդասարյանը «կկնքվի» Հայ ազգայնականները բացահայտել են Հայաստանի դեմ ջհուդամասոնական դավադրությունը Հայ-արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը երեկ «Ջհուդ-մասոնական ագրեսիան Հայաստանի դեմ» վերնագրով մամուլի ասուլիս էր հրավիրել։ Պարզվեց, որ արիները մեկտարյա պատերազմի մեջ են գտնվում ջհուդ-մասոնության հետ եւ ազգայնականները ջանում են ազգի «աչքերը բացել», որպեսզի փրկվենք վերահաս վտանգներից։ Ամենահրատապ վտանգը, ինչը մեր ազգին բաժին է հասնելու «մասոնական ծրագրից», ըստ միաբանականների առաջնորդի, Արթուր Բաղդասարյանի «կնքումն» է։ Ա. Ավետիսյանը հավաստիացնոււմ է, որ անձամբ է զրուցել Ա. Բաղդասարյանի հետ եւ վերջինս հայտարարել է, որ ինքը՝ «Հայաստանում գործող մասոնական «Ռոտարի» ակումբի անդամ է»։ Ըստ Ա. Ավետիսյանի, ԱԺ խոսնակը Մոսկվայից մեկնելու է Ֆրանսիա՝ «այնտեղ գործող օթյակում կնքվի որպես երկրի ապագա նախագահ»։ Նրա վերադառնալուն պես Հայաստանում իշխանափոխություն է լինելու։ Ու դրանով իսկ սկիզբ է դրվելու՝ «Հայաստանի վերջին, որովհետեւ մասոնությունը չի կարելի ազգի շահերին ծառայեցնել»,- ահազանգեց բանախոսը։ Ապա զայրացած հավելեց. «Արթուր Բաղդասարյանն արդեն մատ է թափ տալիս կառավարության վրա, բոլորին կանչում է հաշվետվության։ Իսկի նախագահն այդպես չի անում։ Նույնիսկ Կարեն Սերոբիչը չէր անում»։ Ըստ Ա. Ավետիսյանի, «Ռոտարի» ակումբի անդամների ցուցակում են նաեւ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, որը «բոլոր վերլուծություններն ու տվյալները խեղաթյուրելով է ներկայացնում հանրությանը»։ Ցուցակի հրապարակումն այսքանով սահմանափակեց բանախոսը՝ մնացածը թողնելով հաջորդ հանդիպմանը։ Անցնելով ընդդիմադիր թեւին, Ա. Ավետիսյանն ավետեց, որ «ընդդիմադիր դաշտի շատ ուժեր էլ են ղեկավարվում մասոնական օթյակների կողմից»։ Սակայն, այս պարագայում գերադասեց անուններ չհրապարակել։ Ապա լուսավորվեցինք, որ ազգայնական ճակատն էլ անմասն չի մնացել մասոնական ներդրումից. «Կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը մեր համագումարին հպարտորեն հայտարարեց, որ ինքը մասոն է»,- խոսքը շարունակեց Ա. Ավետիսյանը։ Ապա պարզաբանելով, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս են այդ ռեժիսորին հանդուրժել իրենց շարքերում, ասաց. «Մենք ճշտում էինք, թե ինչ են ուզում մասոնները մեզանից»։ Իսկ թե ինչ են ուզում, հանրությունը ոչինչ չի իմանա, որովհետեւ առաջնորդ Ա. Ավետիսյանն այդպես կամեցավ։ Բացի այդ, նա նաեւ ցանկություն հայտնեց, որ հանրության լայն զանգվածները տեղյակ լինեն, որ «շատ իշխանական եւ ոչ իշխանական ուժեր մեզ հետ միասին այս պատերազմի մեջ են, բայց չցանկացան համատեղ հայտարարությամբ հանդես գալ, քանի որ վախենում են, որ կկորցնեն իրենց իշխանական աթոռները կամ դրամաշնորհները, որ ստանում են դրսից։ Քանզի համաշխարհային դրամագլխի ետեւում կանգնած են ստվերային գաղտնի աշխարհի, ստվերային կառավարության գաղտնի անդամները, որոնք ամենատարբեր մասոնական օթյակների անդամներ են»։ Միաժամանակ, Ա. Ավետիսյանը նաեւ զգուշացնում է. «Մասոններն ուժեղ են, շատ ուժեղ», ուստի՝ չպատասխանելով «Առավոտի» հարցին մեզ չլուսավորեց, թե ովքեր են իրենց իշխանական եւ ընդդիմադիր համախոհները, որպեսզի նրանք չհամալրեն գործազուրկների բանակը։ Արիների առաջնորդը նաեւ համոզված է. «Համաշխարհային բանկը մասոնների ձեռքում է։ Հայաստանին ինչ դրամաշնորհ տրվում է նրանց կողմից է՝ նրանց թելադրանքով»։ Այնուհետեւ մեկժամանոց պատմական էքսկուրսի արդյունքում գլխավոր հակամասոնը հանգեց իր հիմնական եզրակացությանը. «Հայոց ցեղասպանության պատվիրատուներն ու կազմակերպիչները սիոնիստներն են։ Իրականացնողները՝ թուրքերն ու մասամբ էլ քրդերն էին։ Նրանք դա արել են իրենց համար պետություն կերտելու նպատակով։ Ցեղասպանությունից հետո առաջին քայլը՝ հայոց պատմությունն աղավաղելն էր, որ ճշմարտությունը չբացահայտվի։ Եվ դա արվում էր ու արվում է հայ ու օտարազգի կաշառված գիտնականների ձեռքերով»։ Իսկ ինչո՞ւ են Հայաստանն ու հայերը դարձել նրանց թիրախը՝ «Հրեաներն իրենց ներկայացնում են ընտրյալ ազգ, որպեսզի դա հիմնավորվի, նրանք իրենց ծագումն արարչական տարածքում պիտի ամրագրեին։ Իսկ դա Արարատյան լեռնաշխարհն էր»,- հիմնավորեց միաբանականների առաջնորդը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Լիահույս ենք, որ արիների կողմից «կնքված» բոլոր «մասոնները» զուրկ չեն հումորից եւ չեն հեղեղի մամուլը կրքոտ հերքումներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել