Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ՝ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆԻ ԶՈՀ

Հոկտեմբեր 02,2003 00:00

ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ՝ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆԻ ԶՈՀ «Երբ ենք բաժանելու մեր փողերը» Կոալիցիոն կառավարության անդամ կուսակցություններից երկուսը՝ ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը հայտնվել են հայտնի վեպի հերոսներից մեկի՝ Պանիկովսկու դերում, որին շարունակ մի հարց էր հուզում. «Ե՞րբ ենք վերջապես բաժանելու փողերը»։ Տվյալ դեպքում ե՞րբ են վերջապես բաժանվելու փոխնախարարների եւ այլ հայեցողական պաշտոնները։ Եվ եթե «փողերը» բաժանելուց հետո Պանիկովսկին հույս էր փայփայում. «կամուսնանամ, Շուրա», ապա պաշտոնները բաժանելը գրեթե նույնատիպ հանգուցալուծում է խոստանում՝ կոալիցիայի ապահարզանն առավել կձգձգվի։ Ըստ էության, սկզբունքային պայմանավորվածությունն արդեն ձեռք բերված է եւ մնում է հարցի տեխնիկական մասը։ Դեռեւս սեպտեմբերի 24-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց. «Սա բնական հիմնահարց է (փոխնախագահների պաշտոններից մյուս երկու կուսակցություններին եւս բաժին հանելը) եւ գտնվում է կոալիցիոն պայմանավորվածությունների շրջանակում»։ Եթե բնական հարց էր, ինչո՞ւ էր հանրապետական Գալուստ Սահակյանը հայտարարում, թե՝ հո գործադիրը չենք կուսակցականացնելու։ Կամ՝ մյուս կողմից, եթե բնական հարց էր, ինչո՞ւ էր մինչ հարցի շուրջ սկզբունքային պայմանավորվածություն ձեռք բերելը Դաշնակցությունն այդքան անհանգիստ։ Այնուամենայնիվ, գործադիրը կուսակցականացնելու անհանգստություն, կարծես թե, վարչապետը եւս ունի, քանի որ հետեւյալն ասաց նաեւ. «կփորձենք ունենալ այս պաշտոններին հավակնող այնպիսի թեկնածուներ, ովքեր կհամապատասխանեն կոալիցիայի անդամների կողմից սահմանված սկզբունքային չափորոշիչներին։ Այսինքն՝ պետք է լինեն պրոֆեսիոնալ, ունենան անհրաժեշտ ունակություններ, նախարարության առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար»։ Փոխնախարարների հարցը պիտի լուծվեր կոալիցիայի խորհրդի հերթական նիստում, բայց այդ նիստն առայժմ տեղի չի ունեցել։ Հնարավոր է, նիստի հետաձգումը խիստ անմեղ պատճառով է՝ նրանք, ովքեր ըստ կոալիցիոն հուշագրի պահանջի պետք է մասնակցեն կոալիցիոն խորհրդի նիստին՝ քաղաքում չեն։ Երկրից երեկվա դրությամբ բացակայում էր ե՛ւ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ե՛ւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Ըստ ամենայնի, ինտենսիվ բանակցությունները կսկսվեն եկող շաբաթվանից։ Այս պահին հայտնի է հետեւյալը։ Ակնհայտորեն ուժային փոխնախարարների խաթրին ոչ ոք չի համարձակվի կպչել։ Նրանք կմնան Սերժ Սարգսյանինն ու Ռոբերտ Քոչարյանինը։ Ընդհանուր հաշվով մոտ 55 փոխնախարարներից, հավանաբար, կփոփոխվեն 20-25-ը։ Եվ այս փոփոխությունը եւս միանշանակ չի լինի։ Մեր զրուցակից բոլոր մեծ ու միջին պաշտոնյաները միաձայն վստահեցնում են, որ այսօր գործող շուրջ 30 փոխնախարար պարզապես անփոխարինելի են իրենց տեղերում, եւ տվյալ ոլորտների իրական բեռը հենց այդ մարդկանց ուսերին է, այսինքն՝ կա «սեւագործ» փոխնախարարների 30 հոգիանոց բանակ, որին ոչ մի ղեկավար պարզապես չի կարող եւ չի էլ ուզի տեղաշարժել, հաստատապես իմանալով, որ կառույցը կքանդվի։ Դառնանք փոփոխվողներին։ Սրանց մի մասը բավականին արագ եւ ճարպկորեն եկող շաբաթվա ընթացքում կդառնա ՕԵԿ անդամ կամ էլ՝ ՀՅԴ երկրպագու։ «Քաղաքականապես» արագ կողմնորոշվողները (մանավանդ եթե, նաեւ, պրոֆեսիոնալ են իրենց ոլորտում) կշարունակեն պաշտոնավարել։ Այս տարբերակը ձեռնտու է թե՛ ՀՅԴ-ին, թե՛ ՕԵԿ-ին, քանի որ զուտ կադրային բանակի առումով այս երկու կուսակցություններն առանձնապես հարուստ չեն։ Կարող են գտնվել նաեւ այլ կարգի ճարպիկներ, ովքեր համապատասխան տեղերում կհայտարարեն, թե իրենց մեջ արթնացել է Նժդեհի անմահ ոգին եւ տարոնականությունը պարզապես իրենց հանգիստ չի տալիս։ Խիստ դժվարին վիճակ կառաջանա վարչապետի համար, քանի որ նա ստիպված է բավարարվել այն 30 պրոֆեսիոնալներով, որոնց մեծ մասն արդեն վաղուց «նժդեհական» է։ Իսկ առայժմ փոխնախարարների հոգեկան կեցությունը խիստ անհավասարակշռված է։ Նրանք, ում ոտքերի տակ հողն ամուր չէ, շատ լավ հասկանում են այդ եւ աննախանձելի վիճակում են։ Օրերս մի քանիսի հետ առիթ ունեցել եմ զրուցել եւ ինչի մասին էլ լինի զրույցը, նրանք միշտ նույն սեւեռուն գաղափարն ունեն. իրենք լավն են եւ իրենց չեն գնահատում, այ, կտեսնեք, իրենցից հետո եկողը համակարգը կքանդի։ Սակայն վստահաբար նման բան չի լինի, որովհետեւ կան մի շարք ուժեղ դիրքավորված նախարարներ, ովքեր պարզապես դեմ են, որ իրենց «կոմիսար» (կուսակցական) փոխնախարար ուղարկեն։ Այդ դեպքում նրանք պարզապես աշխատանքային վիճակ չեն ստեղծի նոր եկողի համար՝ «կոմիսարը», իհարկե, կունենա ծառայողական մեքենա, քարտուղարուհի, աշխատավարձ, եւ՝ վերջ։ Սակայն այս իրավիճակում կարեւորը, ըստ կոալիցիոն հոգեբանության, այն է, որ պահպանվում է սկզբունքը՝ յուրաքանչյուրին՝ ըստ ընտրություններում հավաքած տոկոսների եւ յուրաքանչյուրից՝ ըստ նախագահին մատուցած ծառայությունների։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել