ԵԽ ԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԻ Մեր պատվիրակությունն այնտեղ միասեռ է Այսօր ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքների վերջին օրն է: Ու թեեւ սեպտեմբերի 25-ից ի վեր ԵԽ ԽՎ-ում մեծ չի եղել Հայաստանին անմիջականորեն առնչվող հարցադրումների շրջանակը, այդուհանդերձ, դատելով ադրբեջանական «Զերկալո» թերթի երեկվա մի հրապարակումից Հայաստանին ուղղակիորեն առնչվող մի քանի հիմնախնդիրների մասին ԵԽ ԽՎ-ում դեռ խոսվելու է: Ի թիվս Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու ՀՀ պատվիրակության լիազորությունների հաստատմանն առնչվող հարցադրումների, մեր երկրի անունն արդեն շեշտվել է նաեւ ԵԽ անդամ երկրներում գենդերային քաղաքականության համատեքստում եւ դա ամբողջը չէ: ԵԽ ԽՎ-ն ընդհանուր հայտարարի է եկել այն հարցում, որ Վեհաժողովի ընթացակարգային կանոնները պետք է երաշխավորեն ԵԽ անդամ երկրների պատվիրակություններում գենդերային պատկանելության բալանսավորված ներկայությունը: Վեհաժողովը ցավով է արձանագրել, որ կանայք ԵԽ ԽՎ-ում այսօր կազմում են միայն ԵԽ ԽՎ-ի 20 տոկոսը, իսկ ընդհանուր առմամբ, միջազգային մակարդակով խորհրդարաննների կին պատգամավորներն ընդամենը կազմում են 15,2 տոկոս: Այս վիճակը նկատի ունենալով, Վեհաժողովը ԵԽ անդամ երկրներին առաջարկել է ձգտել այն բանին, որպեսզի կանանց թիվը ԵԽ անդամ պետությունների պատվիրակությունների կազմում լինի 30 տոկլոսից ոչ պակաս, եւ ԵԽ անդամ պետություններին կոչ է արել բոլոր դեպքերում խուսափել իրենց պատվիրակություններում ընդգրկել միայն մեկ սեռի ներկայացուցիչների: Այդ համատեքստում նշվել է, որ 2003-ի մայիսի 31-ին հատկապես այդպիսի իրավիճակ է եղել Հայաստանի, Իռլանդիայի, Մալթայի, Սան-Մարինոյի, Սլովենիայի եւ Ուկրաինայի կողմից ներկայացված պատվիրակություններում: Առայժմ հայտնի չէ, թե ՀՀ պատվիրակությունն ու ՀՀ ԱԺ-ն մտադի՞ր են արդյոք արձագանքել ԵԽ ԽՎ այս կոչին եւ այդ համատեքստում վերանայել ԵԽ ԽՎ-ում մեր խորհրդարանական պատվիրակության կազմը: Փոխարենը, ինչպես ադրբեջանական «Զերկալոն» է տեղեկացնում, ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակությունն է պատրաստվում հարց բարձրացնել Նախիջեւանում հայկական պատմական հուշարձանները քանդելու վերաբերյալ: ԵԽ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Սամեդ Սեիդովն ասել է, թե հայ խորհրդարանականների այս նախաձեռնությունը պատասխան քայլ է ադրբեջանական պատվիրակության կողմից՝ «հայերի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում պատմական հուշարձանների ոչնչացման հարցը օրակարգ մտցնելուն»: «Այդ նախաձեռնությունը հանդիպել է հայկական պատվիրակության խիստ բացասական վերաբերմունքին»,- ասել է Ս.Սաիդովը՝ հավելելով, թե ադրբեջանցիների համար նման արձագանքը սպասելի էր, բայց նա իր դիրքերից, այդուհանդերձ, չի նահանջել: Ս.Սաիդովը նաեւ տեղեկացրել է, թե Ադրբեջանի պատվիրակությունը հայերի պատասխան նախաձեռնության առնչությամբ որեւէ վերաբերմունք չի հայտնի, բայց միաժամանակ կփորձի հասնել այն բանին, որ ԵԽ ԽՎ-ում քննարկման առարկա դառնա «Հայաստանից 200 հազար ադրբեջանցիների տեղահանման հարցը»: Ու քանի որ խոսեցինք ԵԽ ԽՎ-ում նաեւ ադրբեջանական պատվիրակության նախաձեռնությունների մասին, թերեւս, ավելորդ չէ մեկ-երկու տողով անդրադառնալ նաեւ Ադրբեջանին առնչվող հարցադրումների մասին: Վեհաժողովում ադրբեջանցի պատվիրակի՝ «Զերկալոյին» տված հարցազրույցից տեղեկացանք, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով եւ մարդու իրավունքների պաշտպանության գծով ԵԽ ԽՎ զեկուցող Ժորժ Կլեյֆարտը վայր է դրել իր լիազորությունները: Թե ով է նրան առաջիկայում փոխարինելու՝ տակավին պարզ չէ: Դա, ամենայն հավանականությամբ, հայտնի կլինի միայն ԵԽ ԽՎ նոյեմբերին կայանալիք նստաշրջանում, երբ ավարտված կլինեն Ադրբեջանի նախագահի ընտրությունները: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ