Լրահոս
Օրվա լրահոսը

Որ փողը գտնի իր տիրոջը

Հոկտեմբեր 01,2003 00:00

Որ փողը գտնի իր տիրոջը Ինչի վրա ծախսել առողջապահության սուղ միջոցները Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) առողջապահության՝ գերակա ճանաչված ոլորտում, կառավարությունը նպատակադրվել է «շրջադարձ կատարել համակարգի զարգացման վերջին տարիներին նկատված անբարենպաստ միտումներից եւ առավելագույնս իրականացնել քաղաքացիների առողջության պահպանման սահմանադրական իրավունքը՝ կտրուկ բարձրացնելով պետության կողմից երաշխավորվող բուժօգնության մատչելիությունը եւ որակը (առաջին հերթին՝ բնակչության աղքատ խմբերի համար)»։ Հատկանշական է այս վերջին ընդգծումը։ Բանն այն է, որ ըստ ԱՀՌԾ-ի 1998/99թթ. տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտությունների, 1999թ. պետական առողջապահական ծառայությունների սպառումը բնակչության ամենահարուստ 20%-ի կողմից շուրջ 3 անգամ գերազանցել է բնակչության ամենաաղքատ 20%-ի համապատասխան ցուցանիշը։ Ընդ որում, հիվանդանոցային բուժօգնության պարագայում խզումն ավելի մեծ է եղել (3,2 անգամ), անհամեմատ հավասարաչափ են բաշխված եղել (ցուցանիշը՝ 1,8) ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունները։ Միեւնույն ժամանակ, առողջապահության բյուջետային հատկացումների գերակշիռ մասն ուղղվում է հիվանդանոցային բուժօգնությանը։ Մինչդեռ տրամաբանական է, որ դրանք վերաբաշխվեին առողջության առաջնային պահպանման օղակի օգտին, որն ըստ վերոբերյալի, առավել արդյունավետ է եւ բնակչության աղքատ խավերի համար ավելի մատչելի։ Ի դեպ, իրենց վերլուծություններում աշխատանքային խմբի անդամները հանգել են այս եզրակացությանը եւ այն ամրագրել իբրեւ գերակայություն ու նպատակադրում։ Ինչպես նաեւ կարեւորվում են՝ «հասարակության բոլոր ինստիտուտների մասնակցությունը եւ համակարգված գործողությունները»։ Այսպիսով, ըստ աշխատանքային խմբի եզրակացության, բյուջետային հատկացումների աճը, բացի աշխատավարձերի բարձրացումից, մասնավորապես ուղղվելու է ամբուլատորիա-պոլիկլինիկաներին դեղորայքով եւ համապատասխան նյութերով, արդիական սարքավորումներով ապահովելուն, շենքային պայմանները բարելավելուն։ Ընդ որում, հատուկ ուշադրություն է դարձվելու գյուղական բնակավայրերում առաջնային բուժօգնության մատչելիության խնդիրներին։ Նաեւ՝ ըստ պահանջարկի, իշխանությունները պատրաստակամ են «բյուջեի կառուցվածքում իրականացնել նույնիսկ ավելի մեծ չափերի միջոլորտային վերաբաշխումներ»՝ ելնելով ոլորտի գերակայությունից։ Այս պարագայում, ծրագրի փորձագետ Լարիսա Ալավերդյանի համոզմամբ, գործողությունների ծրագրում, որն այժմ մշակման փուլում է, շեշտը պետք է դրվի հասցեականության վրա։ Մինչդեռ այս ամենի, ինչպես նաեւ մյուս գերակա ոլորտների խնդիրների ապահովման համար, կառավարության հիմնական գաղափարախոսությունը տնտեսական աճն է։ Այսինքն, կառավարության համոզմամբ, տնտեսական աճը թույլ կտա հաղթահարել աղքատությունը։ Սակայն այս գաղափարախոսության օգտին չի խոսում վերջին տարիների տնտեսական աննախադեպ աճը (մենք անվերապահորեն հավատում ենք մեր կառավարության ներկայացրած թվերին) եւ բնակչության, հատկապես գյուղական, աղքատ բնակչության անմխիթար վիճակը։ Միջազգային հասարակական եւ դոնոր կազմակերպությունները, համաշխարհային ճանաչման շատ փորձագետներ այն կարծիքին են, որ աղքատության հաղթահարման հիմնական ռազմավարությունը պետք է լինի հասարակության ակտիվ մասնակցությունը, բյուջետային հատկացումների ավելի հասցեականությունը։ Օրինակ, բրիտանական «Օքսֆամ» միջազգային կազմակերպությունը, «Ապավեն համայնքներին» հայաստանյան հկ-ն, որոնք Հայաստանի հեռավոր մարզերում իրականացնում են համայնքային առողջապահության ծրագրեր, համոզված են, որ հասարակության մասնակցությամբ իրենց հաջողվել է լուծել շատ որոշակի խնդիրներ։ Այսօր Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի 77 համայնքներում, օրինակ, գործում են դեղերի շրջանառու հիմնադրամներ, որոնց միջոցով եւ վերանորոգվել են այդ համայնքների բուժկետերը, վերապատրաստվել են բուժաշխատողները եւ մատուցվում են առողջապահական մատչելի ծառայություններ։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել