Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհարային անջատումներ Գյումրիում

Հոկտեմբեր 01,2003 00:00

Հովհարային անջատումներ Գյումրիում Պատասխանատուներ չկան Նորակառույց Անի թաղամասում վերջերս հաճախակիացել են հովհարային անջատումները: Սրա վնասներն ուղղակի են: Օրինակ, «Աշոտ Պետրոսյան անհատ ձեռներեց» խանութը մեկ օրվա հոսանքազրկման պատճառով 10000 դրամի պաղպաղակ է թափել, չհաշված սառնարանում եղած միսը, կաթն ու կարագը, որոնք նույնպես փչացել են: Նույն գծի հոսանքն սպառող ինտերնետային ակումբների ու խանութների տերերը նույնպես մոլորված են կրած վնասներից: Ի դեպ, Շիրակի մարզում ինտերնետային կապը բավականին թանկ է. առավոտյան 9-ից մինչեւ երեկոյան 9-ը 34 000 դրամ է, իսկ ինտերնետային ակումբում մեկ ժամն արժե 500 դրամ: Ստացվում է, որ այն ոչ առաջարկողին, ոչ էլ սպառողին է ծառայում: Իսկ էլեկտրաէներգիայի անընդմեջ հովհարային անջատումներից դժգոհող բնակիչներն, իրենց խոսքերով ասած, «սեփական տան մեջ տուն-տունիկ են խաղում»: «Ոչ սոված ու կուշտ լինելն է հայտնի, ոչ հեռուստացույց դիտել է ստացվում, ոչ էլ պարապ-սարապ քաղաքում մարդու երես տեսնելը»,- հատկապես երեկոյան ժամերի երկարատեւ հոսանքազրկումից զայրանում են վերջիններս: Քաղաքի կենտրոնական հատվածից կտրված թաղամասում բարձրացված հարցերը ոչ մի տարբերակով լուծում չեն գտնում. ոչ «Հայգազարդն» է օգնության հասնում (15 տարվա թաղամասը դեռ գազիֆիկացված չէ), ոչ էլ «ԱրմենՏելն» է մթան մեջ ձանձրույթ փարատում (այստեղ հեռախոս քաշելը թանկ հաճույք է): Փոխարենը ցուրտ ու խոնավ, բետոնապատ ու ջրերով լի նկուղներով շենքերը կամաց-կամաց իրենց սեւ գործն են անում, քայքայելով մարդկանց առողջությունը: Բնակիչներն էլցանցի հետ պարտաճանաչորեն պայմանագիր են կնքում, բայց օգուտ չկա, որովհետեւ էլցանցի աշխատակիցները հոսանքազրկումից առաջ չեն նախազգուշացնում: Իսկ անջատումները կարող են լինել 20 րոպեի ընթացքում 6-7 անգամ, հնարավոր է 3-4 ժամով: Խանութների տերերի հավաստմամբ, սեփական բիզնեսի արդյունքները չտեսած՝ անիմաստ պարտք են շալակում: Գյումրիի էլցանցի առաջին տեղամասի պետ Հարություն Արշալուսյանն էլ իր հերթին քրքրված ու հին սարքավորումներից, մի կերպ կցոնված լարերից ու հատկապես ապահովիչների բարոյական մաշվածությունից է դժգոհում: Պայմանագրի խախտումներն էլ ջրափոսերով լի թաղամասում հաճախակի տեղի ունեցող վթարներով է բացատրում: Մասնագետների խորին համոզմամբ, չչորացող անձրեւաջրերից ու կառույցների ջրերով լի նկուղներից լարերի պաշտպանիչ շերտը ամբողջովին քայքայվել է: Շահագործման բաժնի ճարտարագետի հավաստմամբ, նոր սարքավորումներով ապահովելու հարցը վերադասներին քիչ է հուզում: Ասենք նաեւ, որ գյումրեցիները չգիտեն՝ ունենալու են ջեռուցում թե ոչ, բայց «Ջերմամատակարարում» ՓԲԸ-ի հետ քիչ հույսեր չեն կապում: Իսկ ձմեռն արդեն մոտենում է: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել