Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՓԱՅՏ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԵՐԿԻՐ

Հոկտեմբեր 01,2003 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՓԱՅՏ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԵՐԿԻՐ ՀՀ մաքսային պետական կոմիտեի եւ ՀՀ վիճակագրության ծառայության տվյալներով՝ վերջին 4 տարիների ընթացքում կտրուկ աճել են Հայաստանից փայտի արտահանման ծավալները: Խորհրդային տարիներին հանրապետությունից փայտանյութ ընդհանրապես չէր արտահանվում, միայն ներմուծվում էր: Այսօր հակառակն է՝ անտառազուրկ Հայաստանը սկսել է արտահանել ոչ միայն փայտե արտադրանք, այլեւ՝ անմշակ անտառանյութ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի արտահանման ծավալներն 1999-2002թթ. այսպիսին են (Տոննա, տես աղյուսակը). Փայտն արտահանվում է Իրան, Ֆրանսիա, Իսպանիա, Արաբական Էմիրություններ, Գերմանիա, Ռուսաստան: 1999թ. Կապանի տարածաշրջանի գյուղական համայնքների սեփականաշնորհված հողերում, անտառտնտեսության տարածքներում հատվել է «Կարմիր գրքում» գրանցված 17 հունական ընկուզենի, որից 3-ի վերաբերյալ կազմվել է ակտ, մնացած 14-ի վերաբերյալ նշվել են ընդամենը հատման ժամանակն ու տարածքը։ Հարցին, թե «Կարմիր գրքում» գրանցված հունական ընկուզենու հատման դեպքեր 2000-ից հետո եղել են, Կապանի անտառտնտեսության տնօրեն Ռոբերտ Նավասարդյանը պատասխանեց. «40 տեսակ ընկուզենի կա Կապանի անտառներում, ո՞վ է ասում՝ արգելված է։ Որքանով ինձ հայտնի է, նախկինում ընկուզենու մեկ տեսակ կար արգելված։ Մենք այս տարի հունական ընկուզենու հատումների վերաբերյալ բողոքներ չենք ստացել»։ Սակայն, ըստ Կապանի անտառտնտեսության նախկին տնօրեն Վլադիկ Մարտիրոսյանի, Կապանի անտառներում կա միայն հունական ընկուզենի, որը համարվում է թանկարժեք եւ անհետացող, «Կարմիր գրքում» գրանցված ծառատեսակ, ինչպես գիհին, կենին, սոսին եւ այլն։ Հունական ընկուզենու կոճղերն օգտագործվում են կահույքագործության մեջ, թանկարժեք մեքենաների ներքին հարդարանքի համար։ Ըստ 1998թ. Երեւանի կոնյակի գործարանի հետ կնքված պայմանագրի, «Հայանտառը» 15 տարի շարունակ տարին 2000 խմ ծավալով կաղնու տակառանյութ պետք է մատակարարի գործարանին՝ խորանարդ մետրը 120 դոլարով: Ըստ մասնագետների, նման որակի փայտանյութը շուկայում արժե 200 դոլար: Պայմանագիրը ստորագրվել է նախարար Գեւորգ Վարդանյանի օրոք: Համաձայն կառավարության մի որոշման, կաղնին արգելվում է հատել, նույնիսկ սանիտարական հատման ենթարկել: Փաստորեն, 15 տարվա ընթացքում Հայաստանի անտառներից հատվելու է 30000 խմ բարձր որակի կաղնու փայտ: Մասնագետների հավաստմամբ, դրանք դարավոր կաղնիներ են: Կառավարությունը նման որոշում է կայացրել մասնավոր ֆիրմայի՝ «Պեռնո ռիկարի» գործերը լավացնելու համար: Տարբեր հասարակական կազմակերպություններ ահազանգում են հատվող անտառների համար, նրանք իրականացնում են տարբեր ծրագրեր, կազմակերպում ծառատունկ, մոնիտորինգ, սեմինարներ: Իսկ իրականությունն այն է, որ անտառահատումը Հայաստանում պետական ծրագիր է եւ խրախուսվում է պետության կողմից: Որպես տնտեսական աճի, արտահանվող ապրանքների ցուցանիշ՝ այն հպարտանալու հայտարարությունների առիթ է դառնում պետական պաշտոնյաների համար: Մեզ տված հարցազրույցում Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը նույնպիսի հպարտությամբ նշեց, որ անտառանյութի վաճառքից 2003թ. պետբյուջե է մուտքագրվել 1 մլրդ դրամ, մի քանի անգամ ավելի, քան նախորդ տարի: Դժբախտաբար, ՀՀ բնապահպանության նախարարությունը զբաղված է ամեն ինչով, բացի բնապահպանության խնդիրներից: Հենց նա է իրականացնում եւ՛ անտառների հատումը, եւ՛ անտառների պահպանությունը: Հենց այդ նախարարությունն է ցույց տալիս նման բարձր ցուցանիշներ: Չնայած մեր հարցազրույցում նախարարը նշեց, որ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի ոչ մի տեսակի անտառահատում չիրականացվի Հայաստանում: Սակայն նախարարության տարբեր օղակների աշխատանքներին ծանոթանալուց հետո միանգամայն հակառակ պատկերն է ստեղծվում: «Այսօր Սեւան-Երեւան ավտոմայրուղով յուրաքանչյուր օր Երեւան է մտնում 100 մեքենա փայտ,- պատմում է նախարարության աշխատակիցներից մեկը, որի անունը չենք կարող նշել։172 Գրեթե բոլոր մեքենաները փաստաթուղթ ունեն: Այդ փաստաթղթերով նրանք հաղթահարում են բոլոր «արգելքները»: Իսկ փայտն իրացնելուց հետո փաստաթղթերը պարզապես շպրտում են: Միլպետները, մարզպետարանի աշխատակիցները, գեներալները, բոլորն էլ փայտի գործով են զբաղված: Իսկ սրանց դեմ պայքարել անհնար է, մինչեւ վերեւից հրահանգ չլինի»: Թե վերեւներ ասելով ի՞նչ նկատի ուներ մեր զրուցակիցը՝ այդպես էլ չպարզաբանեց: Մեր ուսումնասիրություններից պարզվեց, որ փայտի բիզնեսը գլխավորում են տարբեր պաշտոնյաներ՝ հիմնականում ուժային կառույցների ներկայացուցիչներ: Մի խոսքով, Հայաստանում անտառը նույնպես բաժանված է կլանների միջեւ: Բոլորը գիտեն, թե Կրասնոսելսկի անտառները որ գեներալն է վերահսկում, Լոռու եւ Տավուշի անտառները՝ որ: (շարունակելի) ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել