Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՌՉՈՒՆԻՉԸ ՉԻ՞ ՏՎԵԼ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՓՈՂԸ

Հոկտեմբեր 01,2003 00:00

ԹՌՉՈՒՆԻՉԸ ՉԻ՞ ՏՎԵԼ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՓՈՂԸ Հաստատված ավանդույթի համաձայն, պատգամավորական լիազորությունները վայր դնելուց հետո՝ անձեռնմխելիությունը կորցրածներով սկսում են հետաքրքրվել իրավապահ մարմինները: Ըստ որոշ տեղեկությունների՝ նման հետաքրքրություն այժմ դրսեւորվում է նախկին պատգամավորներ Մարտին Հովհաննիսյանի, Տարոն Սահակյանի նկատմամբ: Բայց այն դատական գործընթացները, որոնք ծավալվել էին նախկին պատգամավոր, կոմունիստ Խորեն Սարգսյանի նկատմամբ՝ պարունակում են որոշակի զավեշտ նրբերանգներ: «Ես երկու անգամ գրություն ստացա դատարաններից: Երկուսում էլ ինձ մեղադրում էին հանցանք կատարելու մեջ,- «Առավոտին» պատմեց Խորեն Սարգսյանը:- Նախ, մեղադրեցին, որ չեմ ներկայացրել ԱԺ ընտրությունների ժամանակ՝ որպես պատգամավորության թեկնածու կատարած ծախսերս: Սակայն դա չի համապատասխանում իրականությանը: Ես հաշվետվություն ներկայացնում էի յուրաքանչյուր 15 օրը մեկ: Առանձնապես մեծ ծախսեր էլ չէի արել՝ փաստաթղթերը կան: Դատարանից երկրորդ անակնկալ գրությունն էր, թե մեծ գումարի պարտք եմ կուտակել պետության նկատմամբ, քանի որ չեմ վճարել ոռոգման ջրի վարձը: Իսկ ես ընդամենը երկուսենյականոց բնակարան ունեմ՝ 3-րդ հարկում, որտեղ ոռոգելու բան չկա: Փորձեցի պարզաբանումներ ստանալ՝ անուն-ազգանունը, շենքի հասցեն իմն էին՝ միայն բնակարանի համարն էր սխալ: Ինչ-որ այլ Խորեն Սարգսյանի հետ էին իբր շփոթել եւ ծանուցագիր ուղարկել: Բայց ինչքան էլ շփոթեն՝ Խորեն Թռչունիչը հանրապետությունում միակն է: Ուրիշ Թռչունիչ չեն կարող գտնել»: Մեր հարցին, թե այս երկու դեպքերն էլ փաստորեն ընդամենը թյուրիմացությա՞ն հետեւանք էին՝ պրն Սարգսյանը պատասխանեց. «Դեռ վաղուց էին ցանկանում իմ անվան հետ ինչ-որ բաներ կապել՝ նախ երթուղային գծերի սեփականատեր դարձրին ինձ՝ չստացվեց, հետո տաքսակայանի տեր՝ էլի չստացվեց: Փաստորեն՝ էլի ինչ-որ բաներ են փնտրում ու միշտ գտնում, որ ընդամենը 6 երեխայի տեր եմ: Ուրիշ ոչի՛նչ չունեմ»: Ա. Ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել