Լրահոս
Օրվա լրահոսը

Զրպարտության համար՝ տուգանք, ոչ թե ազատազրկում

Հոկտեմբեր 01,2003 00:00

Զրպարտության համար՝ տուգանք, ոչ թե ազատազրկում Առաջարկում է Վիկտոր Դալլաքյանը «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ դնելու առաջարկով երեկ ԱԺ նախագահին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։ Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են Քրօրենսգրքի «Զրպարտություն» եւ «Վիրավորանք» հոդվածներին, որոնք ժամանակին լուրջ աղմուկ բարձրացրին եւ, որոնց նման առկայությանը մեր օրենսգրքում արձագանքեցին ոչ միայն լրատվամիջոցները, այլեւ միջազգային կառույցների ներկայացուցիչները։ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի այն ժամանակվա ղեկավար, դեսպան Ռոյ Ռիվը եւ շուրջ 16 միջազգային եւ տեղական կառույցների ղեկավարներ նամակ հղեցին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին՝ առաջարկելով որոշակի օրենսդրական նախաձեռնությամբ մեղմել Քրօրենսգրքի մի շարք խիստ կացնային տրամաբանությամբ գրված հոդվածները։ Նամակը հասցեագրված էր նաեւ ՀՀ նախագահին, վարչապետին, նախարարներին, դատախազներին եւ ԱԺ պատգամավորներին։ Սակայն որեւէ մեկը, բացի լրատվամիջոցներից, լուրջ արձագանքի չարժանացրեց այն, թեպետ հրապարակվեց Արթուր Բաղդասարյանի զուտ քաղաքավարական պատասխանը։ Շարունակ մեր չունեցած ժողովրդավարության մասին խոսողների համար շատ լավ շանս է տրված՝ դառնալ հնարավորինս ժողովրդավար։ Եվ որպես այդ ճանապարհի առաջին քայլ կարելի է սկսել հենց «ՀՀ Քրօրենսգրքի» համապատասխան հոդվածների փոփոխությամբ։ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնության մեջ նշված են հետեւյալ կետերը։ Այսօր գործող օրենսգրքի 135 հոդվածը. «Զրպարտություն» արձանագրում է. «Զրպարտությունը՝ ուրիշի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ՝ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»։ Նախագծում առաջարկվում է բավարարվել տուգանքով պատժելու եղանակով, դուրս թողնելով ազատազրկումը։ Ժամանակին խոսակցությունների առիթ դարձավ նաեւ սույն Քրօրենսգրքի համապատասխան հոդվածը, որում ջոկողություն էր դրվում ՀՀ շարքային քաղաքացուն հասցված եւ իշխանության ներկայացուցչին հասցված վիրավորանքի ու զրպարտության միջեւ։ 318 հոդվածը փաստում է, որ իշխանության ներկայացուցչին հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ ԶԼՄ-ներով վիրավորելը «պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրյապատիկի չափով, կամ՝ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ՝ ազատազրկմամբ՝ առավելագույնը՝ երկու տարի ժամկետով»։ Օրենսդրական նախաձեռնության մեջ առաջարկվում է սույն հոդվածը, նաեւ 344-ը, ուժը կորցրած ճանաչել։ Նկատելի է, որ նախագծի հեղինակ Վիկտոր Դալլաքյանն առաջարկների մեջ ներառել է հետեւյալ սկզբունքը՝ օրենքի համապատասխան հոդվածներից դուրս թողնել զրպարտության եւ վիրավորանքի համար սահմանված կալանք եւ ազատազրկում պատժաձեւերը եւ դրամական տույժն ու տուգանքներն առավել մեծացնել։ Ստացվում է վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացում, ինչը եւ իրենց նամակներում առաջարկում էին ԵԱՀԿ եւ միջազգային կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաեւ՝ մենք։ Որպես արված առաջարկների հիմնավորում, Վիկտոր Դալլաքյանի կողմից բերված է հետեւյալը. «Օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է Սահմանադրության 16-րդ հոդվածում ամրագրված՝ «Բոլորը հավասար են օրենքի առջեւ եւ առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են օրենքով» դրույթի իրականացման անհրաժեշտությամբ։ Բացի այդ, զրպարտության եւ վիրավորանքի հասկացությունների տարաբնույթ մեկնաբանությունները կարող են պատրվակ դառնալ քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ հաշվեհարդարի եւ խոսքի ազատության սահմանափակման»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել