Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼ ԲԱՑԱՌԻԿ ՉԻ ԼԻՆԻ

Սեպտեմբեր 30,2003 00:00

ԷԼ ԲԱՑԱՌԻԿ ՉԻ ԼԻՆԻ Պարզվում է, այսօրվա դրությամբ, Հայաստանի հեռահաղորդակցության շուկա մուտք գործելու ոչ մի պաշտոնական առաջարկ չի ստացվել: Սա պարզվեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի երեկվա ասուլիսից: Նախ արդարադատության նախարարն անդրադարձավ հնարավոր օպերատորներից մեկին. «Ալկատելը» տելեկոմ հեռահաղորդակցության օպերատոր չէ: «Ալկատելը» հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող ընկերություն է, որը երբեմն որոշակի օպերատորների հետ մասնակցում է հեռահաղորդակցության տարբեր բնագավառներում ծառայությունների մատուցմանը, բայց երբեւէ ինքնուրույն նա դա չի անում»: Իսկ «Ղարաբաղ տելեկոմն» ու «ՌոսՏելեկոմը» գուցե դեռեւս պահպանել են «ԱրմենՏելում» ներդրումներ կատարելու կամ շուկա մուտք գործելու իրենց հետաքրքրությունները: Այսպիսով, Դավիթ Հարությունյանի մեկնաբանությամբ՝ «անիմաստ է բանակցենք, քանի դեռ չունենք առաջարկություն»: Նախարարի ասելով, բանակցային փուլ կմտնենք, «երբ մշակենք լիցենզիայի փոփոխությունները, ինչի համար կպահանջվի 30-40 օր: Հետո կմտնենք շատ ավելի ինտենսիվ փուլ եւ կկայացվի օպերատորի ընտրությունը, ինչը կտեւի 1-2 ամիս: Սրանից հետո կարող ենք գոնե բջջային կապի զարգացումն ակնկալել ոչ ուշ, քան կես տարվա ընթացքում»: Արդարադատության նախարարի հավաստիացմամբ, առավել խիստ մոտեցում, քան առաջարկել է բաց ժողովի նախագահողը, կառավարությունը չի կիրառի «ԱրմենՏելի» նկատմամբ: Սակայն նա չբացառեց, որ OTE-ի հետ հնարավոր բանակցությունների արդյունքում կառավարությունը որոշակի զիջողությունների գնա, «որովհետեւ բաց ժողովի նախագահողը պետք է ղեկավարվեր ոչ թե հեռահաղորդակցության զարգացման կոնցեպցիայով, այլ պատժի, սանկցիայի կիրառման տեսանկյունից գնահատեր»: Իսկ բացառիկ իրավունքներից զրկելով, «չենք ենթադրում, որ երբեւէ այդ իրավունքը նորից կդառնա բացառիկ»: Սակայն կառավարությունն այսօր բացարձակապես հիմքեր չի տեսնում լիցենզիան դադարեցնելու համար: Դ. Հարությունյանը հավաստիացրեց, որ «մեր նպատակը «ԱրմենՏելը» ջախջախելը չէ: «ԱրմենՏելը» ՀՀ-ի իրավաբանական անձ է, մեր ռեզիդենտն է, որը գործում է մեր շուկայում եւ ծառայություններ է մատուցում: Մեր նպատակն է ընդամենը զարգացնել հեռահաղորդակցության ոլորտը»: Նախարարի հավաստիացմամբ, կառավարության համար այսուհետ ներդրումների գնահատման չափանիշը ոչ թե գումարի չափն է լինելու, այլեւ, ասենք, ծածկույթը, որակը եւ այլն: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել