Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մշակութային Գյումրին՝ առանց մշակույթի նախարարի

Սեպտեմբեր 30,2003 00:00

Մշակութային Գյումրին՝ առանց մշակույթի նախարարի Սեպտեմբերի 26-28-ը կայացավ «Նոր Գյումրի-2003» փառատոնը Կազմակերպիչը Գյումրիի քաղաքապետարանն էր, աջակցել էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Կրթությամբ զարգացման ակադեմիան, Ուրբան ինստիտուտը, Շիրակի զարգացման կենտրոնը։ Սեպտեմբերի 27-ին առաջին անգամ պաշտոնապես նշվեց Գյումրիի օրը։ Ոչ սովորական մշակութային փառատոնը նշանավորվեց մի շարք կառույցների վերաբացման կամ, ինչպես գյումրեցիներն են ասում՝ հին ավանդույթների վերականգնման արարողությամբ։ Նախեւառաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի ձեռքով օծվեց մոտ 70 տարի պահեստի վերածված, 1854-64թթ. կառուցված Գյումրիի քարաշեն եկեղեցին՝ Սուրբ Նշանը (նախնական անունը՝ Սուրբ Աստվածածին)։ Հին ու նոր գյումրեցիների, տեղացի եւ արտասահմանցի հյուրերի մասնակցությամբ (հյուրընկալ, բայց վերջին տարիներին անտեսված քաղաքը վաղուց այդչափ հյուրեր չէր ունեցել) վերաբացվեցին վարպետների՝ Ավետիք Իսահակյանի եւ Հովհաննես Շիրազի տուն-թանգարանները։ Առաջին մշակութային օջախի վերանորոգման վրա ծախսվել է 35 մլն դրամ՝ պետբյուջեից եւ եւս 8 մլն դրամ՝ համայնքի միջոցներից։ Երկու բանաստեղծների թանգարանների միջեւ ընկած Շահումյան փողոցը վերանվանվեց Վարպետաց փողոց։ Շուտով թանգարանների շարքը կհամալրվի եւս մեկով. կկառուցվի Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը։ Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ կյանքի կոչվեց նաեւ Վարպետաց հուշաղբյուրը։ Քաղաքի կենտրոնական հատվածում, նախկին քաղկոմի շենքի տեղում էլ քաղաքապետարանի նոր շենքի հիմնաքարը դրվեց։ Գյումրիի հին տեսքը պահպանելու նպատակով այն կառուցվում է ճարտարապետական նույն ոճով, ինչպիսին եղել է նախկինում։ «Նոր Գյումրի-2003» փառատոնը այնպիսի շուքով, գյումրեցուն հատուկ հումորով ու երգուպարով սկսվեց, որ առաջին անգամ Գյումրի եկած ու Գյումրիի մասին միայն գրքերից լսած ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանը ներդրում կատարելու ցանկություն ունեցավ։ Հայաստանում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի արտակարգ ու լիազոր դեսպանները եւ մեր պետական այրերից շատերը քաղաքի տեսքի փոփոխության հետ մեկտեղ անելիքների առատությունը շեշտեցին։ Զարմանալի էր հատկապես քաղաքաշինության նորանշանակ նախարար Արա Արամյանի կեցվածքը. աղետի գոտու նկատմամբ կառավարության ու պետության պարտքը կատարված համարեց, իսկ Գյումրիի անօթեւանների թվի մասին առաջին անգամ լրագրողներից լսեց։ Եվ եթե քաղաքաշինության նախարարը Գյումրի գալով գոնե ինչ-որ ինֆորմացիա, այնուամենայնիվ, քաղեց, ապա մշակույթի նախարարը մշակութային խոշոր փառատոնին մասնակցելու ցանկություն չցուցաբերեց։ Փառատոնին մասնակցելու հրավերները անարձագանք են մնացել եւ այս գերատեսչությունից գոնե ձեւականորեն որեւէ ներկայացուցիչ Գյումրի չեն ուղարկել։ ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել