Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՇԽԱՐՀԻ ՍԿԶԲԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԱԽՃԱՆԸ»

Սեպտեմբեր 30,2003 00:00

«ԱՇԽԱՐՀԻ ՍԿԶԲԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԱԽՃԱՆԸ» Իշխանության տարիներին Մ. Գորբաչովը չափազանց հաճախ էր գործածում «նոր մտածողություն», «համաեվրոպական տուն» արտահայտությունները։ Սակայն նրան հռչակ բերեց «պերեստրոյկա» հասկացությունը, որը ավելի վաղ տարածում ստացած լատինական արմատներով, բայց զուտ ռուսական ծագում ունեցող «ինտելիգենցիա» եւ «նիհիլիզմ» բառերի հետ հարստացրեց միջազգային քաղաքագիտական բառարանի գանձարանը։ Անշուշտ, եվրոպական ընդունված չափանիշներով Գորբաչովին դժվար է դեմոկրատ համարել։ Իր «մեծ» նախորդների նման նա շարունակում էր փառաբանել «սոցիալիստական իդեալները», չնայած ավելի ու ավելի նվազ վստահությամբ էր խոսում կոմունիզմի ապագայից։ Հեշտ չէ նաեւ միանշանակորեն գնահատել երրորդ Հռոմի կործանման խնդրում նրա առաքելությունը, բայց Գորբաչովը դեմոկրատ չէր։ Միայն թե հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ նա պակաս դեմոկրատ չէր, քան իշխանության հասած իր հաջորդները Ռուսաստանում, եւ շատ ավելի դեմոկրատ էր, քան նախկին հանրապետություններում ժողովրդավարական առաջին ալիքի տեղատվությունից հետո վերստին իշխանություն զավթած ղեկավարները։ Այնուամենայնիվ, նա կատարեց դեմոկրատական չափանիշներով ամենամեծ քայլը՝ իրողություն դարձնելով ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու հնարավորությունը։ Պատմական կարճատեւ հեռավորությունից դժվար է նաեւ գնահատել, թե արդյոք Գորբաչովի «պերեստրոյկան» ծառայե՞ց իր նպատակին, թե՝ ոչ։ Ավելի ճիշտ՝ իրագործվե՞ց երկիրը զարգացման նոր ռելսերի վրա դնելու նախնական մտահղացումը։ Հարցերին պատասխանելիս բազմակարծությունը անխուսափելի է դառնում եւ սա, թերեւս, այն միակ առավելությունն է, որ անհրաժեշտ դարձավ ետգորբաչովյան ժամանակաշրջանում։ Որ դրանով աշխարհում հաստատվեց «նոր աշխարհակարգ»՝ արդեն ոչ ոք չի կասկածում։ Այլ բան է, որ «վերջին» կայսրության կործանումը եւ «նոր աշխարհակարգի» հաստատումը փլուզեց նաեւ տիրապետության նախկին համակարգը։ Խոսքը միայն երկբեւեռությունից միաբեւեռության փոխակերպվելու մասին չէ, քանի որ դեռեւս պարզ չէ՝ երկբեւեռության օգուտներն էին շատ, թե միաբեւեռության վնասները։ Մանավանդ դրանով զգալիորեն թուլացավ աշխարհում կարգուկանոն պահպանելու, առավել եւս՝ վերահսկելու հնարավորությունը։ Էլ չենք խոսում, որ հզորագույն երկու գերտերությունների մրցակցության պայմաններում նրանք կարողանում էին իրադարձություններ «կազմակերպել», հաճախ նաեւ հրահրել, իսկ «նոր աշխարհակարգում» հնարավոր է ընդամենը հետեւել եւ արձագանքել իրադարձություններին, ինչպես 2001-ի սեպտեմբերյան ահաբեկչությունից հետո ԱՄՆ գործելակերպը։ «Նոր աշխարհակարգը» ի հայտ բերեց եւս մի իրողություն, որ անհնար էր կանխատեսել նախորդ ժամանակներում։ Վերջերս հայաստանյան մամուլում հրապարակվեց մի «ուղերձ», որտեղ մասնավորապես ասված է. «Երեկ Հայաստանի փաստաբանների միության անդամ, փաստաբան Սամվել Մարտիրոսյանը տեսակցել էր իր պաշտպանյալի՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանի հետ։ Վերջինս «ուղերձ» էր փոխանցել փաստաբանին այսպիսի բովանդակությամբ. «Ն. Հունանյանը գործող եւ նախկին իշխանություններին դեմ է։ Պրն նախագահ Ռ. Քոչարյան եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյան, Ձեզ զգուշացնում եմ. հանգիստ թողեք հայ ժողովրդին։ Դուք կործանում եք մեր երկիրը, ուստի հեռացեք այստեղից, թե չէ ժողովուրդը կհեռացնի»։ Անշուշտ, բանտից ուղարկված «քսիֆը» իր տրամաբանությունն ունի։ Այն սովորաբար ծածկագիր է եւ դրա բանալին հաճախ հասկանալի է միայն առաքողին եւ ստացողներին։ Սակայն այս դեպքում հետաքրքիրը ուղերձի ծածկագիր լինելը չէ, որքան ոճը։ Ուշադրություն դարձրեք ոճի հրամայական եղանակին («հանգիստ թողեք», «հեռացեք») եւ միանգամայն հասկանալի կլինի նաեւ ծածկագրի բովանդակությունը։ Տեղը չէ երկարաբանելու. ուզում եմ շեշտել միայն մի բան՝ առաքիչը կամ իշխանություն ունի նրանց վրա, ում հասցեագրել է իր «ուղերձը», կամ, որ ավելի հնարավոր է՝ զգուշացնում է, որ իշխանություն ունի։ Առարկությունները կանխելու համար ավելացնեմ, որ խոսքը այն մասին չէ, թե «նամակագիրը» իրականում իշխանություն ունի՞, թե՝ ոչ, այլ որ նա ավելի քան համոզված է՝ իշխանություն ունի։ Այս պարագայում, բնականաբար, «հայ ժողովրդի» անունից խոսելու եւ նրան վերագրվող «հեռացնողի» առաքելությունը ընդամենը քող է ծածկելու «ծանուցագրի» բուն նպատակը՝ հիշեցնել, որ ինքը իշխանություն ունի, ինքը կա։ Մյուս կողմից՝ հրապարակումն ինքնին արտառոց չէր լինի, եթե մամուլը որեւէ կերպ արձագանքեր սույն փաստին։ Իսկ դա նշանակում է, որ տեղեկատվությունը դասվել է «շարքային» լինելու պատվին, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ արդեն սովորական է դարձել իշխանության մի ձեւ, որը «նոր աշխարհակարգի» իսկապես նոր իրողություն է՝ բացարձակապես անծանոթ նախորդ պատմաշրջաններին։ Որ դա այդպես է եւ մեզ համար սկսում է սովորական թվալ իշխանություն ունենալու այս նոր ձեւը, կարելի է փաստել նաեւ բին Լադենի՝ ամերիկյան վարչակազմին ուղղված պարբերական սպառնալիքներով։ Որեւէ մեկը պարզե՞լ է, թե որ երկիրն է ներկայացնում բին Լադենը, պետություն է ներկայացնում, թե այլ բան։ Եվ այստեղ բնավ կարեւոր չէ՝ նա խոսում է «համայն իսլամի» անունի՞ց, թե՝ անձնական նկրտումներով։ Իսկ սա նշանակում է, որ մենք գտնվում ենք իշխանության բնույթի հեղափոխական փոխակերպման մի փուլում, երբ բախվում են ոչ թե եւ ոչ միայն պետություններն ու երկրները, ինչպես նախկինում, այլ հակառակորդ կողմերից մեկը կարող է լինել «սովորական» մի մարդ, որ պակաս իշխանություն չունի, քան այդ նույն պետություններն ու երկրները։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել