Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՊԱՇՏՊԱՆԻՆ

Սեպտեմբեր 30,2003 00:00

Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՊԱՇՏՊԱՆԻՆ 20 օրվա ընդմիջումից հետո երեկ վերսկսվել է «Հոկտեմբերի 27» քրեական գործի դատաքննությունը Երեկ նախագահող Սամվել Ուզունյանը հրապարակեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պաշտոնական պատասխանը՝ կապված 1999թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի՝ պաշտպանության նախարարությունում գտնվելու եւ նկարահանված ժապավենի հետ։ Ոստիկանությունը հայտնել էր, որ ժապավենը հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները որեւէ արդյունք չեն տվել եւ, նկատի ունենալով տուժողների միջնորդությունները, շարունակում է օպերատիվ-քննչական միջոցառումները։ Գլխավոր դատախազության այս գործի անջատված մասով քննությունն իրականացնող Ջոն Ֆարխոյանը նույնպես ուղարկել էր գրություն, որով հայտնել էր, որ ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ «տեսաժապավենը հնարավոր չի եղել հայտնաբերել»։ Ձայն վերցնելով «փորձաքննությունների հետ կապված» ձեւակերպումով, ամբաստանյալ Նաիրի Հունանյանը դատարանին հայտնեց, որ հրաժարվում է իր պաշտպանից, քանի որ սկսած սեպտեմբերի 1-ից, գրավոր դիմումներ է ուղարկել պաշտպան Սամվել Մարտիրոսյանին հանդիպելու խնդրանքով։ Սեպտեմբերի 8-ին ստիպված դիմել է դատարան, հայտնել է, որ տեսակցելու խնդիր ունի, ավելին՝ «անջատված մասով ցուցմունք ունի»։ Ամբաստանյալը հայտնեց, որ պաշտպանը չի այցելել իրեն։ Սեպտեմբերի 11-ին անձնական նամակ է ուղարկում նրան։ Նամակով մեղադրում է պաշտպանին, որ խուսափում է իրենից եւ կոչ է անում չխուսափել՝ «օր առաջ գալ մեկուսարան»։ Սեպտեմբերի 15-ին նույնպես փորձել է հանդիպել նրա հետ, ինչը չի հաջողվել։ Ն. Հունանյանն իր ահաբեկչական ոճով հետեւյալ նախազգուշացումն արեց «Սեպտեմբերի 18-ից հրաժարվել էի նրանից, որպեսզի ստիպված չլինեի դիմել ծայրահեղ միջոցների»։ Նախագահող դատավորն իր հերթին տեղեկացրեց, որ ԱԱԾ քննչական մեկուսարանից, ուր պահվում է ամբաստանյալը (այն գործում է արդարադատության նախարարության ենթակայության տակ եւ այժմ կոչվում է «Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ»), Հունանյանի գրությունը ստացել է սեպտեմբերի 24-ին։ Դատավորը ստիպված էր հիշեցնել, որ պաշտպանն այս ընթացքում լրատվամիջոցներին է տրամադրել Հունանյանի կոչը՝ ուղղված «մեծին ու փոքրին»։ Ամբաստանյալը հայտնեց, որ սեպտեմբերի 1-ից զրկված է եղել թերթեր կարդալու հնարավորությունից եւ անջատել է ռադիոն։ Տուժողի շահերի ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցը դիմելով ամբաստանյալին հարցրեց՝ ինչպիսի փաստեր կարող է բերել, թե փաստաբանը գտնվել է ճնշման տակ։ Ամբաստանյալը ժամանակ խնդրեց վերջնական կողմնորոշվելու համար։ Ընդմիջումից հետո ամբաստանյալը «թույլատրեց», որ պաշտպանը մնա, պահանջ դրեց, որ իր պաշտպանի հանդիպումների ժամանակ չձայնագրվեն իրենց խոսակցությունները, չխուզարկեն պաշտպանին եւ գրաքննության չենթարկեն այն նյութերը, որը տրամադրվում է պաշտպանին։ Ամբաստանյալ Նաիրի Հունանյանի եւ նրա պաշտպան Սամվել Մարտիրոսյանի հարաբերություններն իսկապես տարօրինակ են: Նախ՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ սեպտեմբերի ընթացքում Ս. Մարտիրոսյանը հանդիպել է իր պաշտպանյալին: Փաստաբանը սեպտեմբերի 9-ին բացառիկ հարցազրույց էր տվել «Առավոտին», արտահայտելով իր եւ իր պաշտպանյալի ընդհանուր կարծիքը։ Ընդ որում, իր պաշտպանյալի կարծիքը նա հիմնավորում էր իր պաշտպանյալի կողմից իրեն տրամադրած գրառումներով։ Սեպտեմբերի 19-ին Հայաստանի փաստաբանների միության անդամ, պետպատվերով Նաիրի Հունանյանի պաշտպանությունն իրականացնող Սամվել Մարտիրոսյանը «Առավոտին» փոխանցեց իր պաշտպանյալի ուղերձ-«Նախազգուշացումը» գործող իշխանություններին։ Սեպտեմբերի 26-ին հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում, այդ թվում նաեւ «Առավոտում», տպագրվեց Նաիրի Հունանյանի կոչը, որը թերթ էր փոխանցվել նրա միջոցով։ Պաշտպանը մեր մասնավոր զրույցի ժամանակ շարունակ ասում էր, որ ուզում է մամուլի ասուլիս անցկացնել իր պաշտպանյալի ցանկությամբ, անգամ խնդրում էր թերթից տարածք՝ ասուլիսն անցկացնելու համար։ Հունանյանի դժգոհությունը կարող է պայմանավորված լինել նրանով, որ պաշտպանը ձախողել էր մամուլի ասուլիսը։ Պրն Մարտիրոսյանը երեկ պնդեց, որ 7-8 անգամ եղել է մեկուսարանում եւ իր վրա որեւէ ճնշում չի գործադրվել։ Ի դեպ, ճնշման մասին։ Վերջին պնդումը նույնպես հետաքրքիր է: Սեպտեմբերի 17-ին նույն «Առավոտում» «Հունանյանի պաշտպանը պաշտպանված է» լուրի մեջ մենք տպագրել էինք, թե ինչպես են փորձ արել Սամվել Մարտիրոսյանի բնակարան մուտք գործել երկու կին, որոնք «մինչ այդ զրուցել են բակում կանգնած BMW մեքենայից դուրս եկած զինված մարդկանց հետ»։ Ս Մարտիրոսյանն այն ժամանակ մեզ հայտնել էր, որ այդ կապակցությամբ իրեն տրամադրել են թիկնապահներ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել