Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարզապես բի՞զնես, թե՞ կյանքի իմաստ

Սեպտեմբեր 30,2003 00:00

Պարզապես բի՞զնես, թե՞ կյանքի իմաստ Հեռուստատեսությունը տարբեր ձեւով է ընկալվում ընկերությունների ղեկավարների կողմից Այսօր կշարունակվի «Ինտերնյուսի» կազմակերպած «Հեռուստատեսություն. կառավարման արվեստ» համաժողովը, որը սկսվեց երեկ եւ աշխույժ քննարկումների առիթ տվեց ներկաներին: Համաժողովին մասնակցում էին նաեւ արտերկրի մեր գործընկերները, որոնցից ոմանց համար հեռուստատեսությունը վաղուց արդեն կայացած եւ հաջողակ բիզնես է, իսկ ոմանց համար` դեռ մեծ ներդրումներ եւ հսկայական աշխատանք պահանջող, ոչ եկամտաբեր գործունեություն: Եթե Վաշինգթոնից ժամանած տնտեսագետ Դավիթ Գրիգորյանի համար հեռուստատեսությունը նույնպիսի բիզնես է, ինչպես ցանկացած այլ ոլորտ, եւ նա վստահ է, որ TV-բիզնեսի զարգացումը ուղղակիորեն կապված է Հայաստանի ողջ տնտեսության զարգացման հետ, ապա Մոսկվայի «Կոորդինատ 20» գործակալության ստեղծագործական տնօրեն Միխայիլ Սպիրովը լրիվ այլ կարծիք ուներ. «Հեռուստատեսությունը լրիվ այլ արտադրություն է, այն չի կարելի համեմատել, ասենք, լվացքի փոշու արտադրության հետ: TV-ն անընդհատ փոփոխության մեջ է, TV-ն հնարավոր է օգտագործել պասիվ կերպով, այն հույզեր է արտահայտում, նաեւ իրականացնում է սոցիալական ֆունկցիա, ենթակա է անընդհատ փոփոխման, եւ ի վերջո, այն տարբեր ամբիցիաների եւ հետաքրքրությունների տեր ստեղծագործ մարդկանց համատեղ աշխատանքի արդյունք է»: Ավելի ուշ հեռուստատեսությանը համեմատեցին անգամ սեփական զավակի կամ նույնիսկ` կյանքի իմաստի հետ: Իսկ նման մոտեցմամբ սովորական բիզնեսին չեն նայում: Տարբեր աղմկալի պատմությունների մեջ ընկած վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Էրոսի Կիցմարիշվիլու զեկույցը կրում էր «Հաջողակ լինելու գաղտնիքը» անունը: Այս ելույթը հատկապես մեծ հետաքրքրություն առաջացրեց, քանի որ «Ռուսթավի 2»-ը հայտնի է իր ոչ իշխանական (եթե չասենք` ընդդիմադիր) հայացքներով, եւ քանիցս փակվել-բացվելու փորձով: Այսօր այդ հեռուստակայանը Վրաստանում ունի ամենամեծ ռեյտինգը, եւ ինչպես Է. Կիցմարիշվիլին խոստովանեց, իր լրագրողները ստանում են «կատաղած փողեր»՝ մրցակցությունն է ստիպում: Հայկական կողմից «Հայաստանում հեռուստաեթերի զարգացման ուղղությունները» քննարկմանը մասնակցում էին ընդդիմադիր լինելու որեւէ հավակնություն չունեցող հեռուստաընկերությունների (Հ1, «Պրոմեթեւս», «Արմենիա», «Շանթ» եւ «Հայրենիք») ղեկավարները: Ասել, թե այս քննարկումը լուծեց առաջադրված խնդիրը` բացահայտել հեռուստաեթերի զարգացման ուղղությունները, կլինի, մեղմ ասած, չափազանցություն: TV- ների ղեկավարներից յուրաքանչյուրը քննարկումների արդյունքում մնաց իր կարծիքին` իր բիզնեսի զարգացման ուղղության մասին: Ճիշտ է, նրանք ձեւ էին անում, թե իրենց հեռուստաընկերությունները զարգանում են բացառապես շուկայական մեխանիզմներով եւ միայն ճիշտ կոմերցիայի եւ մենեջմենթի միջոցով: Եվ, ասենք, իշխանությունների հովանավորչությունը եւ դրսի կամ ներսի որոշակի ամուր «տանիքները» իրենց հետ որեւէ կապ չունեն: Իրականությանն առավել մոտ էր եւ ավելի անկեղծ էր «Պրոմեթեւսի» ղեկավար Սամվել Մայրապետյանի դիրքորոշումը: Նա հայտարարեց, որ իրեն շատ քիչ են հետաքրքրում վարկանիշային հետազոտությունները, եւ որ գովազդային ժամանակ վաճառելու համար իրեն պետք չէ գովազդատուին ռեյտինգ ներկայացնել. «Յուրաքանչյուր կլինետի հետ առանձին աշխատանք է տարվում, եւ համոզելով հարցերը լուծվում են, ու ոչ մի ռեյտինգ ներկայացնելու կարիք չկա: Պարզ չի, որ հարցնի, պիտի ասեմ, որ ես ամենալավ ալիքն եմ, հո չե՞մ ասի, թե վերջիններից մեկն եմ»: Իսկ ահա գովազդատուների պրոբլեմ չունեցող, եւ ամբողջովին դոտացիաներով սնվող «Հայրենիքի» ղեկավար Ժիրայր Դադասյանին, բնականաբար, այլ հարցեր էին հուզում, եւ նա առաջարկեց Հայաստանում անցկացնել հեռուստատեսային փառատոներ: Այս գերլավատեսական նոտայի վրա էլ համաժողովն ընդհատեց իր աշխատանքները մինչ այսօր: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ Հ.Գ. «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տնօրեն Էրոսի Կիցմարիշվիլու հետ «Առավոտի» հարցազրույցը կարդացեք մեր վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել