Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սպասենք գալիք նստաշրջանին

Սեպտեմբեր 30,2003 00:00

Սպասենք գալիք նստաշրջանին Դեռ նախորդ շաբաթավերջին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բյուրոյում քննարկվել էր Հարավային Կովկասի ժողովրդավարական համակարգերի զարգացման թեման, որի համատեքստում քննարկման առարկա կարող էր դառնալ նաեւ Հայաստանում անցկացված նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները միջազգային չափանիշներին չհամապատասխանող ճանաչելու, հետեւաբար, նաեւ որոշակի պատժամիջոցներ կիրառելու մասին առաջարկները: Որպես այդպիսին կարող էր լինել ՀՀ ԱԺ նոր պատվիրակության լիազորությունները չճանաչելը: Իսկ ԵԽ ԽՎ բյուրոյում նման առաջարկներ եղել էին: ՀՀ ԱԺ «Ժողովրդական պատգամավորներ» խմբակցության նախագահ Կարեն Կարապետյանը երեկ Ստրասբուրգից «Առավոտին» տեղեկացրեց. «ԵԽ ԽՎ բյուրոյում Հայաստանին առնչվող հիշյալ երկու հարցերից առաջինը՝ Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարական ինստիտուտների վիճակը, ԵԽ ԽՎ լիագումար նիստում քննարկման առարկա դարձնելու առաջարկը բացասկան գնահատկանի էր արժանացել: Փոխարենն ընդունվել էր ՀՀ նոր պատվիրակության մանդատները ճանաչելու վերաբերյալ հարցադրումը: Հենց այդ մոտեցմամբ էլ այդ հարցերը մտան ԵԽ ԽՎ լիագումար նիստ: Հինգ երկրների ներկայացուցիչներ եւ տասը պատգամավորներ կարող էին հանդես գալ եւ քննարկման առարկա դարձնել ՀՀ պատվիրակության լիազորությունները չհաստատելու հարցը: Բայց քանի որ նման առաջարկությամբ ոչ ոք հանդես չեկավ, ուստի՝ մեր պատվիրակության լիազորությունները մեխանիկորեն ճանաչվեցին»: Իհարկե, Կ.Կարապետյանի ասելով, չի բացառվում, որ հետագայում Վրաստանում եւ Ադրբեջանում կայանալիք ընտրություններից հետո Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցն, այնուամենայնիվ, քննարկման առարկա դառնա, որի համատեքստում՝ ի թիվս Վրաստանի եւ Ադրբեջանի, քննարկվի նաեւ Հայաստանի հարցը: Մինչեւ ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանի մեկնարկը կարծիքներ կային, թե ադրբեջանցիները կօգտվեն առիթից եւ ՀՀ պատվիրակության մանդատների ճանաչման հարց կհարուցեն: Ինչո՞ւ նրանք այդ քայլին չդիմեցին: Պատասխանելով մեր այս հարցին՝ Կ.Կարապետյանն ասաց. «Նրանք նման փորձ նույնիսկ չարեցին, թեեւ մենք սպասում էինք եւ պատրաստ էինք դրան: Տրամաբանությունն ասում էր, որ դա անիմաստ էր լինելու, որովհետեւ մոտ ապագայում այդ երկրում էլ ընտրություններ են լինելու եւ եթե Հայաստանի նկատմամբ միտումները, կարծես, դրական են, ապա՝ Ադրբեջանի առնչությամբ դրանք ավելի բացասական ֆոն ունեն: Ադրբեջանի պատվիրակությունն ինքն առաջիկայում ավելի բարդ վիճակում է լինելու: Երեւի իրենք դա հասկանալով էր, որ նման քայլի չգնացին»: ՀՀ ԱԺ «Ժողպատգամավոր» խմբակցության նախագահը նաեւ փոխանցեց, թե ԵԽ ԽՎ առաջիկա նիստերում թեեւ մեր երկրին անմիջականորեն վերաբերող հարցադրումներ չկան, բայց անուղղակիորեն ՀՀ-ին առնչվող բազմաթիվ հարցեր կան, ինչպես օրինակ, ԵԽ անդամ երկրներում միգրացիոն գործընթացների հիմնախնդիրն է: «Այստեղ մենք կարող ենք ակտիվ մասնակից լինել: Կարծում եմ, այս համատեքստում մենք էլ ուսումնասիրություններ կատարելու խնդիր ունենք»,- ասաց Կ. Կարապետյանը: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել