Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՂԱՐԱԲԱՂԸ ՄԻՇՏ ԷԼ ԵՂԵԼ Է ԿՈՂՄ, ԵՎ ՊԻՆԴ ԿՈՂՄ»

Սեպտեմբեր 30,2003 00:00

«ՂԱՐԱԲԱՂԸ ՄԻՇՏ ԷԼ ԵՂԵԼ Է ԿՈՂՄ, ԵՎ ՊԻՆԴ ԿՈՂՄ» Ասում է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը – Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր առաջարկների մասին խոսակցությունները վերջին շրջանում առավել ակտիվացել են։ Դուք ծանո՞թ եք այդ նոր առաջարկներին եւ ի՞նչ են դրանք ենթադրում։ – Ոչ, ծանոթ չեմ։ Որեւէ նոր առաջարկ Հայաստանը պաշտոնապես չի ստացել։ Վստահ եմ, որ եթե Հայաստանը ստանա, ես ծանոթ կլինեմ այդ առաջարկներին։ Կարծում եմ, որ այդ առաջարկներն էապես չեն տարբերվելու Փարիզի եւ ՔԻ Վեսթի ֆորմատից։ Դրանում ես վստահ եմ։ – Այնուամենայնիվ, կարծես թե, որպես նորություն կարելի է դիտարկել հարցի կարգավորման մեջ փուլային լուծման որոշ երանգների ընդգրկման առաջարկը։ Որքանո՞վ է սա հնարավոր եւ իրական։ – Իրոք, ծանոթ չեմ ես առաջարկներին եւ հարցն ինչպես էլ ձեւակերպեք, ես ոչ մի նոր բան ասել չեմ կարող։ Բայց պիտի ասեմ, որ փուլային եւ փաթեթային տարբերակները շատ խիստ անջրպետված չեն։ Բնական է՝ փաթեթային տարբերակը միշտ էլ իր մեջ ներառել է փուլային որոշակի էտապներ։ Ի՞նչ է նշանակում փուլային եւ ի՞նչ է նշանակում փաթեթային։ «Փաթեթային» նշանակում է, որ խնդիրը լուծվում է եւ էս գլխից գիտենք, թե ի՞նչ է լինելու հինգ տարի հետո, 15 տարի հետո, 50 տարի հետո։ Իսկ «փուլայինը» նշանակում է՝ խնդրի մի մասը լուծում ենք, սպասում, թե հետո ինչ կլինի։ Այ, մենք սրան չենք գնալու, ես այսպիսի տարբերակի հետ չեմ կարող համակերպվել։ Իսկ թե փաթեթայինի մեջ ինչպիսի (ինչպես դուք ասացիք)՝ երանգներ կլինեն, այդ երանգները ինձ քիչ են հետաքրքրում։ Ինձ հետաքրքիր է հանգրվանը, այսինքն՝ փաթեթայինը ենթադրում է վերջնական լուծման իմացություն, հանգրվանի իմացություն, ես պետք է իմանամ, թե վերջնական լուծումն ինչպիսին է, այ, դա ինձ կբավարարի։ – Հարցի լուծումը որքանո՞վ է կախված Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտի հետ։ Իրոք, այդ ընտրություններից հետո հանգուցալուծման կհասնի նաեւ ղարաբաղյան հարցը, թե՞ դեռեւս ոչ։ – Չեմ կարծում, որ հարցի հանգուցալուծումը պիտի կապենք Ադրբեջանում նախագահական ընտրությունների հետ, որովհետեւ հարցն այնքան խրթին է, այնքան բարդ է, որ միանգամից հանգուցալուծում գտնելը շատ պրոբլեմային է։ Որ Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտից հետո հարցի քննարկումն ավելի ինտենսիվ է դառնալու, որ հարցով ավելի շատ են հետաքրքրվելու, քան հիմա, ինձ համար որեւէ կասկած չկա։ Բայց մյուս կողմից պիտի հաշվի առնել, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո նախագահական ընտրություններ են սկսվելու Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, եւ այնպես չի, որ ինչ-որ ընտրության հետ կապված հարցը կարող է հանգուցալուծվել։ Բայց որ հարցը դառնալու է համանախագահների հետաքրքրության առարկան՝ թեեւ հիմա էլ հետաքրքրության առարկա է, ուղղակի՝ ավելի ինտենսիվ, ես չեմ կասկածում։ – Ե՞րբ է Ղարաբաղը դառնալու իր իսկ հարցի կարգավորման բանակցային կողմ։ – Բայց Ղարաբաղը միշտ էլ եղել է բանակցային կողմ, իսկ ո՞վ է ասում, որ Ղարաբաղը կողմ չէ։ Այն, որ Ղարաբաղը հակամարտության կողմ է, որ հակամարտությունը կարող է լուծվել Ղարաբաղի համաձայնությամբ, մի՞թե որեւէ մեկի համար գաղտնիք է, որեւէ մեկը կասկածո՞ւմ է սրանում։ Կարծում եմ, հերթական անգամ թյուրըմբռնում կա եւ մարդիկ հերթական անգամ փորձում են ինչ-որ բան գտնել այս ամբողջ պրոցեսի մեջ։ Ղարաբաղը միշտ եղել է, կա, եւ ինչքան էլ հակամարտությունը շարունակվի, լինելու է հակամարտության կողմ եւ՝ պինդ կողմ։ Որեւէ մեկը սրանում չի կասկածում։ Եվ հարցը, թե Ղարաբաղը կողմ չէ, ուղղակի արհեստականորեն է շրջանառվում։ – Վերադառնանք պաշտպանության նախարարությանը վերաբերող հարցերին։ Ի՞նչ կադրային փոփոխություններ են սպասվում նախարարությունում եւ եթե դրանք լինելու են, հատկապես ի՞նչ նպատակ են հետապնդում։ – Պաշտպանության նախարարությունը հսկայական համակարգ է, որտեղ ծառայում են 20 հազարից ավելի սպաներ եւ ենթասպաներ, եւ ամեն օր կադրային փոփոխություններ են լինում։ Սա մշտական պրոցես է։ Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարության ղեկավար կազմին, ապա, գոնե ես, մոտ, տեսանելի ապագայում չեմ ենթադրում որեւէ փոփոխություն։ – Սակայն կոնկրետ անուններ են նշվում, օրինակ, ասվում է, թե գլխավոր շտաբի պետին՝ Միքայել Հարությունյանին փոխարինելու է գալու ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ – Այդ լուրերը տարածողները կարող են մի քանի պատճառ ունենալ։ Ես կարող եմ բազմաթիվ պատճառներ նշել. պատճառներից մեկը կարող է լինել բամբասանքներ տարածելը, հաջորդը՝ որոշ մարդիկ փորձում են խառնակչությամբ զբաղվել, ուզում են ասել՝ տեսեք-տեսեք շտաբի պետին փոխում են, բերում են Ղարաբաղից։ Այդ մարդիկ չեն հասկանում, որ շտաբի պետն արդեն ինը տարի այդ պաշտոնին է, եւ ծնունդով էլ՝ ղարաբաղցի, իսկ Սեյրան Օհանյանը գիտեք, որ Հայաստանի ծնունդ է։ Կարող է լինել նաեւ ուրիշ պատճառ։ Հնարավոր է, որ լուրերը տարածվում են հենց պաշտպանության նախարարությունից։ Շատ հնարավոր է, որովհետեւ շտաբի պետը ի պաշտոնե պարտավոր է մշտապես հսկել, ղեկավարել եւ, բոլորը չէ, որ կարող են գոհ լինել շտաբի պետից, այդ թվում նաեւ՝ նախարարի վերաբերմունքից։ Այնպես որ, պատճառները բազմաթիվ են։ Ու եթե մենք մի անգամ ասել ենք, որ չեն լինելու փոփոխություններ մոտակա ապագայում, պետք չէ ամեն շաբաթ նույն բանը գրել։ – Վերջերս թերթերից մեկին տված հարցազրույցում դուք հույս էիք հայտնել, որ հայ-թուրքական սահմանը մի քանի ամսից կբացվի։ Որքանո՞վ է իրական եւ հնարավոր սահմանի բացումը։ – Ես մնում եմ այն կարծիքին, որ հայ-թուրքական սահմանի բացման հավանականությունը մեծ է։ Մեր իրականության մեջ շատ տարօրինակ երեւույթ է կատարվում, երբ մարդիկ, ընդ որում, շատ լուրջ մարդիկ քննարկում են՝ պե՞տք է բացել հայ-թուրքական սահմանը, թե՞ ոչ։ Շատ տարօրինակ է։ Այդ մարդիկ, իրենց մեծ տեսաբան երեւակայելով, շատ էլեմենտար բան չեն հասկանում։ Չեն հասկանում, որ սահմանի բացումը կախված չէ մեզնից։ Թուրքերի գործն է՝ իրենց սահմանը բացում են, թե չեն բացում։ Իսկ մենք լուրջ-լուրջ քննարկում ենք՝ բացե՞լ, թե՞ չբացել։ Մեզնի՞ց է կախված բացելը։ Ուրիշ բան, որ երբ թուրքերը սահմանը կբացեն, մենք սկսենք քննարկել՝ օգտվո՞ւմ ենք այդ սահմանից, թե՞ ոչ։ – Արդյո՞ք, սահմանի հարցը կարող է կոալիցիոն կառավարության ներսում առճակատում առաջացնել, նկատի ունեմ, որ Դաշնակցությունը դեմ է բացմանը, եթե այն արվի որոշ նախապայմաններով։ – Չեմ կարծում, որ այդ հարցը կարող է առճակատման առիթ դառնալ, որովհետեւ քչերն են կտրականապես ասում, թե սահմանից չպետք է օգտվենք։ Բոլորն էլ ասում են՝ «այո», բայց «այո»-ից հետո բազմաթիվ բաներ են ասում։ Ես որեւէ տեղ չեմ հանդիպել Դաշնակցության կտրուկ հայտարարությանը, որ իրենք դեմ են, որ սահմանից մենք օգտվենք։ Իհարկե, ես կարծում եմ որեւէ նախապայման սահմանի բացման հարցում չի կարող լինել։ Եթե փորձեն նախապայմաններ դնել, այդ դեպքում ինձ համար էլ միանշանակ չի լինի, ես եւս դեմ կլինեմ։ Ընդհանրապես այդպիսի հարցերում որեւէ նախապայման անընդունելի է։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ Հ. Գ. Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցի շարունակությունը՝ առաջիկայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել