Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԸ՝ «ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ» ԵՐԿՐԻՑ

Սեպտեմբեր 27,2003 00:00

ԼՐԱԳՐՈՂԸ՝ «ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ» ԵՐԿՐԻՑ Սեպտեմբերի 24-ից բացված «Արմմոնո» միջազգային փառատոնը լուսաբանելու համար Երեւանում է թուրքական «Ջում Հյուրիեթ» թերթի թղթակից Էմրե Էրդեմը։ Նրա բոլոր ծախսերը հոգացել է թուրքահայ գործարար Մաժակ Եղիա Օհանյանը։ Վերջինս խոստացել է աջակցել բոլոր նրանց, ովքեր կցանկանային թուրք լրագրողի հետ Հայաստան ժամանել։ Թատերական փառատոնից բացի, զուտ կենցաղային մակարդակով Է. Էրդեմի վրա մեծ տպավորություն էր թողել Երեւանի փողոցներում տրանսպորտի վայրիվերո երթեւեկությունը։ Հարսանեկան մեքենաների ձայնային ազդանշաններից թուրք լրագրողը չի «խրտնում». խոստովանում է, որ Ստամբուլի փողոցներում էլ են ուրախ առիթներով «խլացնում» անցորդներին։ Հայաստանի մասին, պարզվում է, Է. Էրդեմը մինչեւ մեր երկիր գալը տեղեկացել է թուրքական դասագրքերից։ Լրագրողը դիվանագիտորեն շրջանցեց «Առավոտի» այն հարցը, թե հատկապես ի՞նչ է կարդացել այդ դասագրքերում։ Ընդամենն ասաց, որ շատ հետաքրքրված է Հայաստանի մշակույթով եւ ուսումնասիրում է հայկական, հրեական ու թուրքական թատրոնների պատմությունը։ Սպասելի էր, որ Է. Էրդեմը բոլոր՝ թեկուզ չնչին ինտրիգ պարունակող հարցերին պետք է զգուշավոր պատասխաններ տար։ Օրինակ, ասաց, որ լսել է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի մասին, սակայն չի հասցրել դիտել։ Եվ որոշել է Հայաստանից տանել այդ ֆիլմի, ինչպես նաեւ հայկական ժողովրդական երգերի տեսաերիզներ։ Միեւնույն ժամանակ թուրք լրագրողը բնական է համարում թուրքական իշխանությունների՝ «Արարատը» գրաքննելու պահանջը եւ այդ պայմանով միայն իրենց մոտ ցուցադրելը։ Է. Էրդեմը թղթակցում է նաեւ Թուրքիայում տպագրվող «Ակոս» երկլեզու թերթին, որի խմբագիրը 92-ամյա Հակոբ Այվազն է։ «Հրաշալի կլիներ, եթե նրան կարողանայինք Հայաստան բերել։ Ափսոս, տարիքը թույլ չի տալիս ճամփորդել»,- ասաց նա՝ Այվազին բնութագրելով որպես թատրոնի պատմության հանրագիտարան։ Է. Էրդեմի քեռին՝ Հադի Չամանը, որն ազգությամբ հրեա է, Ստամբուլում ղեկավարում է թատրոն։ Այնտեղ երկու հայ դերասան է աշխատում։ Վերջերս վերաբեմադրվել է «Սեւ կոմեդիա ընտանիքի մասին» կատակերգությունը, որն, ըստ լրագրողի, քաջ ծանոթ է ոչ միայն հայերին, այլեւ թուրքերին։ Կատակերգությունը, ոչ ավել-ոչ պակաս, հայ-թուրքական բախումների մասին է։ Իհարկե, Է. Էրդեմը ձեռնպահ մնաց սյուժեն մանրամասնելուց։ Է. Էրդեմը ասաց, որ չի կարդացել թուրքական մամուլի արձագանքները՝ Անթալիայում կայացած հարավկովկասյան երկրների մշակույթի նախարարների հանդիպման մասին. «Բայց եթե իսկապես ՀՀ մշակույթի փոխնախարարը ասել է, որ հայերն ու թուրքերը պետք է երկխոսեն՝ համամիտ եմ նրա հետ։ Վաղուց ժամանակն է գոնե մշակույթի ասպարեզում համագործակցելու։ Թեեւ վատ չէր լինի, որ բացվեր հայ-թուրքական սահմանը»։ Հետաքրքիր է, որ թուրք լրագրողը Թուրքիան դեմոկրատական երկիր է համարում եւ պնդում, որ, ի տարբերություն այլ երկրների, իրենց մոտ իբր մամուլը խնդիրներ չունի։ Չնայած հիշեց, որ Թուրքիայի հեռուստաընկերություններից մեկի տնօրենը, որ հայտնաբերել էր, թե ինչպես է ազդեցիկ պաշտոնյաներից մեկի «մատը խառը» մարմնավաճառությանը, ճնշումների է ենթարկվել։ Ու պատրաստված տեսանյութում ստիպված են եղել նրա դեմքը քողարկել։ Ընդհանրապես, թուրք լրագրողի կարծիքով, աշխարհի բոլոր լրագրողների թշնամին խմբագիրներն են, որոնք «նյութը մկրատելով՝ թողնում են դրա մեկ քառորդը»։ Հոկտեմբերի սկզբին Էրդեմը կվերադառնա Թուրքիա, համոզված է, որ իր Հայաստան կատարած այցին ազգակիցներն ու կոլեգաները հանգիստ կվերաբերվեն։ Որոշել է Հայաստանը խորհրդանշող փոքրիկ հուշանվերներ տանել բոլորի համար: Իրեն դուր է եկել մի մանրանկարչություն, որտեղ պատկերված է հայկական ընտանիք՝ կինը հայկական տարազով, տղամարդը՝ երկար, ոլորված բեղերով։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել