Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելի» դեմ ցույցից հետո

Սեպտեմբեր 27,2003 00:00

«ԱրմենՏելի» դեմ ցույցից հետո Պետրոս Մակեյանի դեմ բռնություններ են կիրառվել Երեկ հրապարակվել է «ԱրմենՏելի» հետագա ճակատագիրը որոշող եզրակացությունը: «ԱրմենՏելից» դժգոհների եւ տուժողների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Սակայն այս ընկերության անուղղակի զոհերից մեկի համար այսօրվա վճիռն արդեն կարեւոր չէ: Նա վաղուց դիմել է Եվրոդատարան: Ընդ որում, նրա հայցն ընդդեմ Հայաստանի է: Խոսքը ԱԺ նախկին պատգամավոր Պետրոս Մակեյանի մասին է: Կհարցնեք՝ իսկ ի՞նչ կապ ունի Մակեյանը «ԱրմենՏելի» հետ: Շատ պարզ. Պ.Մակեյանը 2001թ. սեպտեմբերի 7-ին մասնակցել է «ԱրմենՏելի» կողմից րոպեավճարի կիրառման դեմ 12 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքին, ապա՝ երթին, որից հետո երեկոյան ՆԳ աշխատակիցների կողմից բռնությամբ բերման է ենթարկվել ՆԳ բաժին: Կիրառելով «Վարչական իրավախախտումների մասին» տխրահռչակ օրենքի 180 եւ 182 հոդվածները, նրան 10-օրյա կալանքի են ենթարկել: Ինչպես «Առավոտին» հաղորդեց Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը, շուտով կլրանա Մակեյանի՝ ԵԴ դիմելու մեկ տարին եւ ամենայն հավանականությամբ մոտ ժամանակներս պարզ կդառնա՝ ընդունվո՞ւմ է այս գործը վարույթ, թե՝ մերժվում. «2002թ. հոկտեմբերին գործը հանձնվել է ԵԴ, իսկ 2003 թ. հունվարին ավարտվել է փաթեթի ներկայացումը, եւ փաստորեն արդեն ինն ամիս է՝ գործը նայվում է ԵԴ-ում: Կարծում եմ, որ մինչեւ նոյեմբերի վերջը կմտնի վարույթ, ապա համապատասխան գրառություններից հետո կնշանակվի դատի օրը»,- ասաց փաստաբանը: Պարոն Տեր-Եսայանը հայտնեց նաեւ, որ ՆԳ աշխատակիցների անօրինական գործողությունների կապակցությամբ Մակեյանը դիմում է հղել դատախազություն, որտեղ քննարկվել է դիմումը, եւ դատախազությունը գտել է, որ «համապատասխան մարմինների կողմից անօրինական գործողություններ կատարելու, բնակարանը անօրինական խուզարկելու մասին ձեր փաստարկները ստուգմամբ չեն հիմնավորվել»: Սրանից հետո, բնականաբար, դիմել են դատարան: Համապատասխան ատյաններում գործը լսվել է եւ մերժվել, չնայած կային հարեւանների վկայությունները եւ տարբեր հեռուստաընկերությունների նկարահանումները, որոնցում պարզորոշ երեւում էին բռնության եւ անօրինականության դրվագներ: Սակայն դատարանը որոշել է, որ դատախազությունը ճիշտ է գործել եւ մերժել է հայցվորի՝ բռնություն կատարողներին պատասխանատվության կանչելու վերաբերյալ պահանջը: Ի վերջո, 2002 թ. մայիսին, երբ ավարտվեցին մեր արդարադատության համակարգում արդարություն որոնելու ապարդյուն դեգերումները, որոշվեց հասնել ԵԴ: Ըստ պրն Տեր-Եսայանի, ԵԴ-ն ուշացնում է իրենց գործի կապակցությամբ որոշում ընդունել, քանի որ «գործը բարդ է այն առումով, որ մենք ԵԽ լիիրավ անդամ ենք դարձել կատարված դեպքից հետո, բայց դատախազություն-դատարան գործընթացը ավարտվել է, երբ արդեն ԵԽ անդամ էինք»: Գործի բարդությունը միայն ժամկետների մեջ չէ, այլ բնույթի. «Բարդ գործ է նաեւ այն առումով, որ խոսքը վարչական կալանքին է վերաբերում՝ զազրախոսության եւ չարտոնված երթերի կազմակերպման համար: Սակայն առանձին դրվագով բողոք կա հետեւանքների մասին, որ համապատասխան մարմիններին դիմելով՝ դիմում-բողոքները ընթացք չեն ստացել: Մեկ գործ է, բայց մի քանի դրվագներով»,- նշեց ՓՄՄ նախագահը: Այսպիսով, շատ հնարավոր է, որ «ԱրմենՏելի» պատճառով բռնությունների ենթարկված Մակեյանը շուտով հայտնվի Եվրոդատարանում՝ պետության զոհի կարգավիճակում: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել