Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գետառը շարունակում է գայթակղել

Սեպտեմբեր 27,2003 00:00

Գետառը շարունակում է գայթակղել Իր առաջին որոշումներից մեկը Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը «նվիրաբերել է» Գետառին՝ «Գետառը մաքրվելու է եւ մնալու է բաց, իսկ գետը ծածկող օբյեկտները ժամանակի ընթացքում ապամոնտաժվելու են»։ Չնայած դրան, ընդամենը մեկ ամիս առաջ Չարենցի 4 շենքի բնակիչների ակտիվ միջամտությամբ կանխվել է Գետառի կողմնապատի քանդումը։ Խոսքը վերաբերում է գետի՝ «Օթյակ» եւ «Ակվա» սրճարանների միջեւ ընկած հատվածին։ «Առավոտյան լսեցինք քանդող մեքենայի ձայն, դուրս եկանք ու տեսանք, որ Գետառի պատը քանդում են»,- պատմում են բնակիչները։ Շինարարության թույլտվության փաստաթուղթ ցույց տալու նրանց պահանջին Սիլվա անունով մի կին՝ քանդման «արարողության» գլխավորողը, ասում է, թե «ամեն ինչ էլ կա, մոտս չի»։ Բնակիչների ահազանգը դեպքի վայր է բերել թաղապետարանի ներկայացուցչին, բայց քանդման ընթացքը կանխել վերջինիս չի հաջողվել։ «Սիլվան» ներկայացրել է կառուցվող շինությունը՝ վեց հարկանի համակարգչային ուսուցման կենտրոն, նաեւ «թուքումուր» տվել՝ «հետո հարեւան ենք դառնալու, ու դուք ամաչելու եք աչքերիս նայելիս»։ Հաջորդ օրերին շենքի բնակիչները գրավոր դիմել են քաղաքապետարան ու Կենտրոն թաղապետարան։ Առաջինից պատասխան դեռ չի եկել, իսկ թաղապետարանի կոմունալ բաժնի պետ Միքայել Դավթյանը խոստացել է՝ «քանի դեռ ես այս աթոռին նստած եմ, այդտեղ ոչինչ չի սարքվի»։ Մեր բանավոր հարցմանն էլ քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հրաչ Մուրադյանը պատասխանեց, որ «այդտեղ շինարարական աշխատանք չի տարվում եւ մենք անելիք չունենք, գուցե այդտեղ ընդամենը բազալտի քարի գողությո՞ւն է եղել»։ Եթե վարչության աշխատակիցները փորձեին իմանալ ավելին, քան աչքի տեսածով էր հնարավոր (հասցեն նշել էինք նախապես), գուցե այդ «գուցե»-ով պատասխանը չլսեինք։ Փոքր-ինչ հեռանալով այս մասնավոր դեպքից, նշենք, որ Գետառի վրա շինություն կամ սպասարկման օբյեկտ ունենալու «մանիան» չի լքում հին ու նոր փողատերերին։ Գետի հիմնական նշանակությունն այն է, որ ծառայում է որպես հեղեղատար եւ յուրաքանչյուր նման ոտնձգություն վտանգավոր հետեւանք կարող է ունենալ քաղաքի կենտրոնի համար։ Բազմիցս խոսվել է այդ մասին, բայց հենց այս տարի «թարմ» ավտոլվացման կետ է հայտնվել «Օթյակի» հարեւանությամբ, իսկ «Սիրո արահետ» սրճարանի հարեւանությամբ ցցված երկաթբետոնե հիմքերը մի քանի տարի է նույն տեղում են։ Թեպետ դեռեւս նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի որոշմամբ (թիվ 718, 24.09.1998թ.) ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությանը հանձնարարվել է քանդել դրանք ու բարեկարգել տարածքը։ Նույն քաղաքապետի նույն թվի թիվ 319 որոշմամբ արգելվել է որեւէ անթույլատրելի գործողություն Գետառի հունի նկատմամբ։ Հավանաբար, պարոն Աբրահամյանը նկատի է ունեցել բոլոր այն գործողությունները, որոնք վտանգի տակ կառնեն գետի «հեղեղատարային» նշանակությունը։ Ասենք, «Օթյակն» արդեն կառուցված էր, «Ակվան»՝ նույնպես, բայց չէ՞ որ ավտոլվացման կետը նոր կառույց է։ Եվ ընդհանրապես, կհաջողվի՞ Երվանդ Զախարյանին ապամոնտաժել գործող օբյեկտները։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել