Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿԱՄՎՈԼՆՈՒ» «ՏԱՆԻՔԸ» ԿԱՐԼՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է

Սեպտեմբեր 27,2003 00:00

«ԿԱՄՎՈԼՆՈՒ» «ՏԱՆԻՔԸ» ԿԱՐԼՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է Երեւանի կենտրոնում կառուցվող սրճարանատերերի մեջ ոչ մի պատահական մարդ չկա: Եթե նույնիսկ անունները որեւէ բան չեն ասում, միեւնույն է՝ նրանց հետեւում կանգնած են հանրապետությունում ազդեցիկ դիրք ունեցող պաշտոնյաներ: «Օնլի մերիմենթ» ՍՊԸ-ն Ազատության հրապարակին հարող տարածքում (Թումանյան փողոցի կողմից) կոմպյուտերային խաղերի սրահ կառուցելու նպատակով հողատարածք էր խնդրել քաղաքապետ Ռոբերտ Նազարյանից: Քաղաքապետի 2002թ. հունվարի 11-ի թիվ 24 որոշմամբ 10 տարի ժամկետով 20 քմ տարածք է տրամադրվել վերոհիշյալ ընկերությանը: Մոտ մեկ ամիս անց՝ փետրվարի 22-ին, Ռ.Նազարյանի թիվ 273 որոշմամբ «Օնլի մերիմենթ» ՍՊԸ-ին՝ կոմպյուտերային խաղերի սրահին կից բացօթյա (ընդգծումը մերն է) սրճարան կազմակերպելու նպատակով, լրացուցիչ 312,0 քմ մակերեսով հողամաս է տրամադրվում: Այս անգամ՝ արդեն 25 տարով: Սակայն սա դեռ վերջը չէ: Մեկ ամիս անց Ռոբերտ Նազարյանի մեկ այլ որոշմամբ, փոփոխություններ են կատարվում նախորդ որոշման մեջ: Ահա որոշման 2 կետը. «Որոշման 1-ին կետում «բացօթյա (ընդգծումը մերն է) սրճարանի կազմակերպման» բառերը փոխարինել «կոմպյուտերային խաղերի կենտրոնի եւ սրճարանի կառուցման բառերով»: Այս փոփոխությամբ, փաստորեն, սեփականատերերը հնարավորություն ստացան կառուցելու այս հսկան: Ավելին, շինությունը կառուցվել է կոպիտ խախտումներով: Քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունը նման նախագիծ չի հաստատել: Այդ ընթացքում «Օնլի մերիմենթը» վերագրանցվել է իբրեւ «Ատլանտիկ Գարդեն» ՍՊԸ: Փաստաթղթերով նրա զբաղեցրած տարածքը պետք է կազմեր 312+20 =332 քմ: Իսկ թե իրականում որքան է զբաղեցրել «Ատլանտիկ Գարդեն» ընկերությունը Օպերայի այս հատվածում, այսօր ոչ ոք ճշգրիտ չգիտի: Շինարարության ընթացքում ընդլայնումներ են եղել 4 ուղղություններով: Այս կառույցը նույնպես ենթակա է քանդման: Սակայն ո՞վ կհամարձակվի նման քայլի դիմել: Եվ ինչու՞ էր այսքան «հոգատար» նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը այս կառույցի տիրոջ նկատմամբ: Բացատրությունը կարող մեկը է լինել. սրճարանի տիրոջ՝ Անուշ Ղազարյանի (հասարակության մեջ առավել հայտնի է «Կամվոլնի», «Սիրուն» Անուշ) «տանիքը» ԱԱԾ պետ Կառլոս Պետրոսյանն է: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել