Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերջնագիր՝ Իրանին

Սեպտեմբեր 27,2003 00:00

Վերջնագիր՝ Իրանին «Այն բնագիծը, որին հասնելուց հետո այլեւս վերադարձ չի լինի, Իրանի կողմից կնվաճվի արդեն հաջորդ տարվա կեսին»,- տագնապած հայտարարում են Իսրայելի իշխանությունները։ Ամերիկյան վերլուծաբանները պակաս հոռետես են, սակայն՝ ոչ պակաս անհանգստացած։ Նրանք կանխատեսում են, որ իրանական միջուկային ռումբը «լույս աշխարհ կգա» ընթացիկ տասնամյակի ավարտին։ Ըստ արեւմտյան փորձագետների, Իրանի իշխանությունները շատ լավ հասկանում են, որ քաղաքական-դիվանագիտական միջոցներով Իրանի միջուկային ծրագիրը սառեցնելու համար ժամանակ գրեթե չի մնացել, ուստի անում են հնարավոր ամեն ինչ՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ բանակցությունները եւ միջազգային տեսուչների ժամանումը ամիսներով հետաձգելու նպատակով։ «Այսպիսով, նրանք մեծ շանսեր ունեն հաջողության հասնելու համար, եթե միայն ԱՄՆ-ը, Եվրոպան եւ Ռուսաստանը ամենամոտ ապագայում համատեղ ջանքերով չհակադրվեն Թեհրանին»,- արձանագրում է ամերիկյան մամուլը։ Սակայն, միեւնույն ժամանակ, ամերիկյան պաշտոնատարները սրտնեղում են, որ ջանքերի համատեղում ոչ միայն տեղի չի ունենում, այլեւ եվրոպական որոշ երկրներ անգամ տեխնիկական աջակցություն են առաջարկում Թեհրանին, փոխարենն, իբրեւ թե, ակնկալելով ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների անարգել գործունեության արտոնում Իրանի իշխանությունների կողմից։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ՌԴ Ատոմային էներգետիկայի նախարարությունը պնդում է, որ շարունակվեն Բուշերի ատոմակայանի շինարարական աշխատանքները։ Եվ դա այն պարագայում, երբ Վաշինգթոնում Պուտինին կարծես թե հասկացրել են Իրանի միջուկային նկրտումների վտանգավորությունը։ «Քեմփ-Դեյվիդում ՌԴ նախագահի նկատմամբ Ջորջ Բուշի կողմից ճնշում գործադրելը գուցեեւ վերջին շանսն է այս հարցում միասնական ճակատ ձեւավորելու համար»,- նշում է հեղինակավոր «Ուոլ սթրիթ ջռնլ»-ը, ավելացնելով, որ հարկ է հասնել այն բանին, որ Պուտինն ուղղակիորեն հայտարարի ՌԴ միջուկային աջակցությունը բացառապես Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի լիարժեք համագործակցությամբ պայմանավորելու մասին։ Իրանի եւ Ատոմային էներգետիկայի միջազգային կազմակերպության՝ վերջին շրջանում ծայրաստիճան լարված հարաբերությունները վերջնականապես փչացան սեպտեմբերի 22-ին, երբ ՄԱԳԱՏԷ-ն վերջնագիր ներկայացրեց Իրանին։ Ըստ այդմ, եթե մինչ առաջիկա հոկտեմբերի 31-ը միջազգային տեսուչների մուտքի եւ գործունեության համար պատշաճ պայմաններ չապահովվեն, ապա Իրանը կհռչակվի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը խախտող երկիր, դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Այդուհանդերձ, բուն ԱՄՆ-ում այնքան էլ հակված չեն հավատալ, որ Թեհրանն այս անգամ անսպասելիորեն կփոխի իր «միջուկային» վարքագիծը եւ ընդառաջ կգնա ՄԱԳԱՏԷ-ի պահանջներին։ Կյանքը ցույց տվեց, որ վերջին շրջանում ԱՄՆ-ն նախընտրում է երկար-բարակ չսպասել միջազգային հանրության «շահագրգիռ» աջակցությանն ու ինքնուրույն դիմագրավել աշխարհին եւ, մասնավորապես՝ իրեն նետված մարտահրավերներին։ Վաշինգթոնի ներիշխանական կուլիսներում արդեն իսկ մտմտում են հոկտեմբերի 31-ից հետո Իրանի նկատմամբ առավել կոպիտ ճնշում բանեցնելու ձեւերը։ Սակայն, ինչպես եւ Իրաքի պարագայում, ԱՄՆ-ում նախընտրում են աշխարհի առաջադեմ երկրներին, այնուամենայնիվ, համագործակցության շանս ընձեռել եւ կոչ են անում, անհրաժեշտության դեպքում, առանց ավելորդ վերապահումների միանալ համապարփակ պատժամիջոցների կիրառմանը։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել