Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հանրապետությունը» «SOS» է հնչեցնում

Սեպտեմբեր 27,2003 00:00

«Հանրապետությունը» «SOS» է հնչեցնում Գտնելով, որ Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով անցնող ամբաստանյալ Արմեն Սարգսյանին, որպես՝ սպանության պատվիրատուի, առաջադրված մեղադրանքը շինծու է եւ, որ այդ քրգործի դատաքննությունն, առավել եւս նախորդ օրը կայացած նիստից դատելով, ըստ էության, փակուղի մտնելու միտում ունի «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը երեկ հանդես է եկել հայտարարությամբ: «Պատվիրված գործի ձախողման հեռանկարը ստիպեց, որպեսզի իշխանությունները եւ նրանց հրահանգները հլու-հնազանդ կատարող մեղադրողները դատավարությունը շեղեն արդարադատություն իրականացնելու գործառույթից՝ այն ծառայեցնելով ընդդիմության առաջնորդների եւ նրանց հարազատաների դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարի սցենարին»,- արձանագրել է կուսակցությունը: Դատավոր Ս.Արամյանի եւ մեղադրողների, հատկապես՝ Զ. Թադեւոսյանի, ուղղակի ճնշմամբ ամբաստանյալները հրաժարվում են դատաքննական ցուցմունք տալուց՝ ճանապարհ հարթելով ապօրինություններով եւ խարդավանքներով ձեռք բերված նախաքննական նյութերի համար: Երբ վերջին դատական նիստում ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանը ցուցմունք տալու պատրաստակամություն հայտնեց, դատավարությունը կեղծ պատրվակով հետաձգվեց: Ի դեպ, նույն օրը՝ սեպտեմբերի 25-ին դատարանի տարածք է ժամանաել նախաքննություն իրականացնող մարմնի ղեկավար Հեկտոր Սարդարյանը՝ կոպտորեն ոտնահարելով ՀՀ օրենսդրության պահանջները: Ավելին, ԶԼՄ-ները փաստում են, որ սեպտեմբերի 25-ի դատական նիստի կարճ ընդմիջումից հետո՝ ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի դեմքին նկատվել են բռնության հետքեր: «Բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ Հարությունյանի վարքագիծը անկառավարելի է դարձել դատարանի եւ մեղադրողների համար եւ վերջիններս՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը հետաձգելով դատավարությունը, ամբաստանյալին «մշակելու» նպատակ ունեն»,- ասված է հայտարարության մեջ: Միաժամանակ կուսակցությունն արձանագրել է, որ «դատավարությունը դուրս է եկել իրավական հարթությունից եւ՝ դառնալով ապօրինի նախաքննության շարունակությունը, փորձում է կյանքի կոչել 2003 թվականի մարտի 19-ի հայտնի հեռուստաելույթով Ռ.Քոչարյանի ձեւակերպած պատվերը, այն է՝ քաղաքական հաշվեհարդար տեսնել Վ.Սարգսյանի ընտանքի հետ»: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդն այս հայտարարությամբ նաեւ դիմել է միջազգային կազմակերպություններին, ՀՀ-ում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին՝ ներազդել ՀՀ իշխանությունների եւ նրանց կցորդը դարձած դատարանի վրա՝ «վերը թվարկված ապօրինությունները կանխելու, դատավարությունն իրավական դաշտ տեղափոխելու նպատակով»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել