Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է»

Սեպտեմբեր 27,2003 00:00

«ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է» Ասում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը – Ըստ որոշ գնահատականների, «Արդարություն» դաշինքի ներսում լուրջ տարաձայնություններ կան եւ, որպես ասվածի ապացույց, ներկայացվում է այն, որ Արամ Զ. Սարգսյանը չի մասնակցում ԱԺ աշխատանքներին։ Խնդրում եմ, որպես դաշինքի ղեկավար, ասացեք, թե ի՞նչ մթնոլորտ է դաշինքում, եթե կան տարաձայնություններ, ի՞նչ հարթության վրա են դրանք։ – Կարծեմ հենց ձեր թերթին տված հարցազրույցում ինքը՝ Արամ Սարգսյանը սպառիչ պատասխանել է ձեզ հետաքրքրող հարցին։ «Արդարություն» դաշինքում որեւէ տարաձայնություն չկա։ Լինում են, իհարկե, տարբեր կարծիքներ, բայց քննարկումների արդյունքում մենք գալիս ենք ընդհանուր հայտարարի։ Մթնոլորտը նորմալ է եւ գործնական։ Իսկ Արամ Սարգսյանի՝ ԱԺ աշխատանքներին չմասնակցելը ժամանակավոր է եւ պետք է նաեւ զուտ մարդկայնորեն հասկանալ։ – Ձեր խմբակցությունը որոշ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնում է կոալիցիայի հետ համատեղ։ Լրատվամիջոցները այս փաստերից ելնելով, խոսեցին «Արդարության» եւ կոալիցիայի միջեւ համագործակցության մասին։ Դեռ որքա՞ն կարող են խորանալ դաշինքի եւ իշխանությունների փոխադարձ ռեւերանսները։ – Մեր մոտեցումները հստակ են եւ չեն փոփոխվել։ Մենք որեւէ մեկի հետ ռեւերանս անելու խնդիր չունենք։ Միշտ էլ ասել ենք, որ կոնկրետ հարցերի շուրջ պատրաստ ենք համագործակցել տարբեր ուժերի հետ։ Եվ եթե մեր նախաձեռնություններին միանում են կամ ինչ-որ հարցերում տեսակետները համընկնում են, բոլորովին չի նշանակում, թե մենք համակերպվել ենք այս իշխանություններին։ Մեր երկրում իշխանությունը բռնազավթված է եւ խորհրդարանի մեծամասնությունը եւս ձեւավորվել է ընտրությունների արդյունքները կեղծելով։ Մենք հետամուտ ենք լինելու օրինական իշխանության հաստատմանը՝ ակտիվ աշխատանքներ ծավալելով թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս։ – Վերջին շրջանում դուք հանդիպումներ եք ունենում ՀԺԿ տարածքային կազմակերպությունների հետ։ Արդյո՞ք սա նշանակում է, թե ձեր կուսակցությունում մթնոլորտը լարված է եւ դուք ձգտում եք հարցերը տեղերում շտկել։ Եվ արդյո՞ք նույն լարվածության մասին չի խոսում օրերս ձեր կուսակցության անդամ Էմմա Խուդաբաշյանի՝ ՀԺԿ քաղխորհրդից դուրս գալը եւ հարցազրույցը, որում խոսվում էր ներկուսակցական ինչ-ինչ խնդիրների մասին։ – Էմմա Խուդաբաշյանի ասածներն ու արածները թողնենք իր խղճին։ Մեր մամուլի ծառայությունը այդ կապակցությամբ իր սպառիչ մեկնաբանությունը ներկայացրել է։ Ինչ վերաբերում է կուսակցությանը, ՀԺԿ-ում շատ նորմալ մթնոլորտ է։ Այսօր էլ հոսք կա դեպի կուսակցություն եւ ընդունվողների թվում շատ են երիտասարդները։ ՀԺԿ-ն ուժեղանում եւ ամրապնդվում է՝ ի հեճուկս այն ուժերի, որոնք շատ կուզեին ՀԺԿ-ն պառակտված տեսնել։ Մեր կուսակցությունը իսկապես լուրջ փորձություններ է անցել։ Միշտ էլ իշխանությունները աշխատել են ՀԺԿ-ի փլուզման ուղղությամբ եւ որեւէ բան չի ստացվել։ Պիտի հիասթափեցնեմ այն ուժերին, որոնք այսօր եւս նման խնդիրներ են հետապնդում՝ անհեռանկար եւ անիմաստ գործ է։ Ինչ վերաբերում է տարածքային կազմակերպությունների հետ իմ հանդիպումներին, ապա դա իմ աշխատանքի անբաժանելի մասն է եւ վկայում է ոչ թե լարվածության՝ ինչպես դուք եք ներկայացնում, այլ կուսակցությունում տիրող գործնական մթնոլորտի մասին։ – «Արդարություն» խմբակցության ներխորհրդարանական աշխատանքը տեսանելի է, բայց երեւի կա արտախորհրդարանական աշխատանք։ Ի՞նչ է այն ենթադրում։ – Ակնհայտ է, թե ինչ է ենթադրում՝ մշտական կապ մեր ընտրողների, համակիրների, բնակչության հետ։ Մենք երբեւիցե այդ կապը չենք խզել եւ ավելի պետք է ակտիվացնենք, որովհետեւ որեւէ այլ բան չի կարող փոխարինել կենդանի շփումներին։ Դաշինքը արտախորհրդարանական աշխատանքներն ավելի է ակտիվացնելու եւ, իհարկե, դաշինքի անդամ բոլոր կուսակցությունները պատասխանատվությամբ են մոտենում այդ աշխատանքներին։ – Այսինքն՝ կլինեն հանրահավաքնե՞ր։ – Անհրաժեշտության դեպքում դրանք էլ կլինեն։ – Մեր թերթին տված հարցազրույցում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը միտք էր հայտնել, թե այս անգամ կանգնելու եք եւ գնալու եք մինչեւ վերջ։ Ի՞նչ է նշանակում «մինչեւ վերջը»։ – Դա նշանակում է, որ մենք հետեւողական ենք լինելու եւ օրինական իշխանություն հաստատելու գործընթացը հասցնելու ենք տրամաբանական ավարտին։ Մենք միշտ ազնիվ ենք եղել ժողովրդի հանդեպ եւ հասարակությունը շարունակում է հույսեր կապել «Արդարություն» դաշինքի հետ։ Մենք պետք է ամեն ինչ անենք այդ հույսերը արդարացնելու համար։ Դա ենթադրում է պատասխանատու մոտեցում եւ ոչ թե հապճեպ քայլեր։ Մենք առավելագույնը արել եւ անելու ենք, որպեսզի իշխանափոխությունը լինի հնարավորինս անցնցում, ելնելով մեր պետության եւ ժողովրդի շահերից։ Դիմել ենք Սահմանադրական դատարան, քննարկվում է Եվրոդատարան դիմելու հարցը, մեր կողմից շրջանառության մեջ է դրվել «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Բայց իշխանությունները որեւէ հետեւություն չեն անում եւ իրենց գործողություններով նպաստում են անկանխատեսելի զարգացումներին։ Իսկ նրանց, ովքեր անընդհատ խրատներ են տալիս, կոչեր են անում եւ մեղադրում են մեզ անվճռականության մեջ, ուզում եմ ասել, որ որեւէ մեկը իրենց չի խոչընդոտում իրենց իսկ տված խորհուրդները ինքնուրույն իրագործել։ Մենք մեր անելիքները գիտենք եւ հասնելու ենք օրինական իշխանության հաստատմանը։ Հարցազրույցը~ վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել