Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

5 ՏՈԿՈՍԻՑ ԱՆԴԻՆ

Սեպտեմբեր 27,2003 00:00

5 ՏՈԿՈՍԻՑ ԱՆԴԻՆ Խորհրդարանից դուրս գտնվող կուսակցությունները փնտրում են իրենց տեղը քաղաքական դաշտում Ինչպես հայտնի է, ՀՀ-ում բոլոր կարեւոր հարցերը լուծում են երկու հոգի՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Մեծ հաշվով նույնիսկ կոալիցիոն եռյակը հարց լուծող չէ։ Ոչ էլ ԱԺ-ում տեղեր ունեցող եւ իրար վրա «կեղտ բռնող» ընդդիմադիր դուետը։ Էլ ո՞ւր մնաց՝ խորհրդարանից դուրս մնացած ուժերը։ Բայց այդպես միշտ չէ, որ լինելու է։ Այդպես չի լինելու այն ժամանակ, երբ կուսակցությունները դառնան որոշակի գաղափարների կրող։ Առայժմ դա նրանց չի հաջողվում։ Ո՞ւմ կլանը կդառնա «Հզոր հայրենիքը» «Դաշինքներն ու կոալիցիաները մեր երկրում կլանային են»,- «Առավոտի» հետ զրույցում տեսակետ հայտնեց «Հզոր հայրենիք» կուսակցության կազմակերպական բաժնի վարիչ Շիրակ Թորոսյանը։ Սակայն նա կտրականապես դեմ չարտահայտվեց այն մտքին, որ «Հզոր հայրենիքը» եւս երբեւէ կհայտնվի որեւէ կոալիցիայում։ Նա միայն հավելեց. «Մենք այնքան բարոյականություն ունենք, որ գաղափարը առաջնային պահենք»։ Ըստ այդմ, մեր դիտարկումը, թե ենթադրվո՞ւմ է համագործակցություն նույն գաղափարական հենքով կուսակցությունների հետ, որոնք են՝ ՀՀՇ-ն, ԼԴԿ-ն եւ աջ ուժերն ընդհանրապես, Շիրակ Թորոսյանը բացառեց։ Հիմնավորումը հետեւյալն է. «Նրանք արմատական լիբերալներ են, դա չի ընդունվում մեր կողմից։ Մենք ավելի չափավոր լիբերալ ենք»։ «Կոալիցիոն կառավարությանը կարելի՞ է համարել նախագահի կլան» հարցադրման պատասխանը այսպիսին եղավ՝ «մեկ տարի հետո կասեմ»։ Պարոն Թորոսյանից տեղեկացանք նաեւ, որ «Հզոր հայրենիքը» դեռեւս վերջնական քաղաքական կուրսի փնտրտուքներում է եւ կուսակիցներն ակնկալում են այն գտնել Նոր տարվա նախօրյակին կայանալիք համագումարում։ Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ «Հզոր Հայրենիքի» փոխնախագահ, նախկին փոխքաղաքապետ Վարդան Վարդապետյանը շարունակում է հանգստանալ։ Ամառը նա անցկացրել է Ջավախքում՝ հայրենի գյուղում, իսկ այժմ մի վայրում է, որի անունը Շիրակ Թորոսյանը խուսափեց բարձրաձայնել։ ԺԴԿ – «Արժանապատիվ ապագա» դաշինքը կկայանա «Առավոտի» հետ զրույցում համոզվածություն հայտնեց «Արժանապատիվ ապագա» կուսակցության համանախագահ Լյուդմիլա Հարությունյանը։ Նման համոզվածությանը տիկին Հարությունյանը հանգել է վստահ լինելով, որ «այս նոր իրավիճակում, վերագնահատման փուլում՝ կոալիցիաներն անհնար են դարձնում առանձին կուսակցությունների գոյությունը»։ Իսկ հնարավոր առաջնորդների մասին խոսելը, տիկին Հարությունյանը վաղ համարեց։ Ի դեպ, ըստ որոշ լուրերի, նախընտրական դաշինքի չկայացման պատճառներից մեկը հենց այս հարցի շուրջ անհամաձայնությունն էր։ Արմեն Դարբինյանը ցանկացել էր ինքը դառնալ միավորված կուսակցության առաջնորդ, նույն նկրտումներն է ունեցել նաեւ Լյուդմիլա Հարությունյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ, կարծիք հայտնելով այս հարցի շուրջ, ԺԴԿ նախագահ Գագիկ Ասլանյանն ասել էր, որ ընտրություններից հետո ստեղծված քաղաքական նոր իրավիճակում իրենք պետք է այլ լուծումներ գտնեն (նրա խոսքից կարելի է ենթադրել՝ ոչ դաշնակցային)։ Միաժամանակ, նա պնդել էր, որ ԺԴԿ-ն շարունակելու է մնալ կենտրոնամետ դաշտում՝ իշխանություն-արմատական ընդդիմություն-հասարակություն, կապող օղակը դառնալու ձգտումով։ Կոմունիստները միավորվում են առանց ՀԿԿ-ի Կոմունիստական գաղափարախոսությամբ որոշ ուժեր միավորման հերթական փորձերն են անում։ Այդ մասին տեղեկացանք Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցության ղեկավար Յուրա Մանուկյանից։ Հիշեցնենք, որ միավորման նախորդ բոլոր փորձերը չեն հաջողվել։ Սա, սակայն, չի խանգարում պարոն Մանուկյանին համոզվածությամբ պնդել, որ «միավորումը պարտադիր է եւ կլինի անպայման»։ Յուրա Մանուկյանը տեղեկացրեց նաեւ, որ առաջիկա տասնօրյակում արդեն կլինի միավորման համաժողովը։ Մեր զրուցակիցը ձեռնպահ մնաց անուն առ անուն հրապարակել միավորվողների ցուցակը, քանզի, ըստ նրա, «բավականին զգայուն հարց է եւ ավելորդ մի բառը կարող է վնասել»։ Թիվ 1 նորացված կոմունիստը հարկ համարեց նշել, սակայն, որ «այն անձինք, ովքեր հասկանում են, թե դա ինչ է նշանակում՝ իրենց համաձայնությունը տվել են կամ, լավագույն դեպքում, լոյալություն են դրսեւորում։ Իսկ ովքեր չեն հաղթահարել երեսպաշտությունը՝ գործընթացից դուրս են»։ Պարոն Մանուկյանի այս վերջին դիտարկումը վերաբերում էր, այսպես կոչված, մայր կուսակցությանը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությանը։ Վերջինս, ըստ Յուրա Մանուկյանի կուսակից Համբարձում Հովակիմյանի, «էնպիսի պայմաններ է թելադրում… նրանք համարում են, որ դիմացը մարդ չկա, որպեսզի միավորվեն։ Ուզում են, որ հին ձեւով գնանք, դիմում գրենք, անդամագրվենք ՀԿԿ-ին»։ Դատելով նորացված կոմունիստների կեցվածքից, «հնացված» կոմունիստների դիրքորոշումը չի փոխվել։ Մեզ հետ հեռախոսազրույցում անունը հրապարակել չցանկացող մի ՀԿԿ-ական միավորման հերթական գործընթացի մասին այսպիսի կարծիք հայտնեց. «Ստից բան է։ Մանուկյանն իրենից դուրս բաներ է անում»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել