Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տնօրենը վերջնականապես արդարացվեց

Սեպտեմբեր 26,2003 00:00

Տնօրենը վերջնականապես արդարացվեց Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը հաստատեց, որ Վանաձորում դպրոց կառուցելը մեղք չէ Վանաձորի Վազգեն Ա կաթողիկոսի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն, 1996-ից «Մաշտոց» հանդեսի գլխավոր խմբագիր Գագիկ Աթաբեկյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 2001թ. ապրիլին։ Լոռու մարզի դատախազությունը Քրօրի 2 հոդված (182 հոդվածի 2-րդ մաս եւ 187) «ներառել» էր այսպիսի ձեւակերպման մեջ. «Գ. Աթաբեկյանը իր պաշտոնեական դիրքը շահադիտական նկատառումներով հակառակ ծառայության շահերի դիտավորյալ օգտագործելով, պետական շենքի վրա 65 մլն դրամ պետական ֆինանսական միջոցների ներդրմամբ կրտսեր դպրոցի վերակառուցված շենքը դարձրել է «Մաշտոց» հասարակական կազմակերպության սեփականություն»։ Կարճ ասած՝ իր պետական ոչխարները խառնել է հասարակական ոչխարների հետ: Տնօրեն-խմբագիրը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման։ Այս տարվա հուլիսի 8-ին Գ. Աթաբեկյանի բեկանված գործը նորից էր հանգրվանել Լոռու մարզի 1-ին ատյանի դատարան եւ այս անգամ դատավոր Վահան Հովհաննիսյանը կայացրել էր արդարացման դատավճիռ, գտնելով, որ հանցադեպը եւ հանցակազմը բացակայում են։ Լոռու մարզի դատախազությունը դիմել էր ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան՝ արդարացման դատավճռի դեմ։ Երեկ Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ շարունակվեց սույն քրգործի քննությունը։ Մեղադրող Գագիկ Պապոյանը մեղադրանքի թիրախ դարձրեց Լոռու մարզի դատարանը, ասելով, որ այն Աթաբեկյանի «մերկապարանոց ապացույցներն ու բանավոր հայտարարություններն է դրել գործի հիմքում»։ Մեղադրողը գտնում էր, որ Աթաբեկյանը իր գործունեության 5 տարիների ընթացքում կարող էր սեփականաշնորհել շենքը, սակայն չի արել, որովհետեւ «մտադիր է եղել դպրոցը հասարակական կազմակերպության սեփականությունը դարձնել»։ Վերլուծելով Աթաբեկյանի «մտադրությունները», մեղադրողը միջնորդեց 1 տարի ազատազրկում «ուղղիչ-աշխատանքային» ռեժիմով։ Իրեն «վաստակավոր ամբաստանյալ» համարող Գագիկ Աթաբեկյանը ասաց, որ օրվա հորոսկոպը հուշել էր (քրեական համաստեղությունից դուրս նա Կշեռք էր), որ գործ չունենա պետական մարմինների հետ։ Սակայն 2,5 տարի ստիպված է ապացուցել, թե ինքն անմեղ է, որ 1995-ին իբրեւ տնօրեն իրավասու չէր այդ շենքը սեփականաշնորհել (մարզպետարանի կրթության վարչությունն ի՞նչ պիտի աներ- Ռ. Մ.)։ Իսկ Գ. Աթաբեկյանի պաշտպան Լյովա Գոգինյանն ասաց, որ իր պաշտպանյալի կողմից իբրեւ թե կեղծված ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել դատարան։ Նա գտնում էր, որ «առարկայազուրկ» է մեղադրանքը։ «Ամբաստանյալը» իբրեւ վերջին խոսք ներկայացրեց Ամենայն հայոց կաթողիկոս, երջանկահիշատակ Գարեգին Ա-ի խոսքը (վեհափառը կրթահամալիրի կողմից «Մաշտոց» մեդալին էր արժանացել). «Խորապես ազդված եմ Ձեր այդ գեղեցիկ ձեռնարկի համար։ Գնահատում եմ Ձեր ջանքերը»։ Ասել է, թե դպրոց կառուցելը մեղք չէր։ Այն էլ աղետի գոտում։ Երեկ դադարեցվեց Գ. Աթաբեկյանի նկատմամբ քրհետապնդումը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել