Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԶԱՏ-ԱՆԿԱԽ ԱՅՆ ՕՐԻՑ

Սեպտեմբեր 26,2003 00:00

ԱԶԱՏ-ԱՆԿԱԽ ԱՅՆ ՕՐԻՑ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունն արդեն կես դար է, որ անաչառ, օբյեկտիվ եւ բազմակողմանի լրատվություն է տրամադրում հայ հասարակությանը: Խորհրդային տարիներին «Ազատություն» ռադիոկայանը գրեթե միակ աղբյուրն էր, որտեղից կարելի էր իմանալ մարդկանց իսկապես հետաքրքրող ինչ-որ բան, որը դուրս էր «հնգամյակը՝ չորս տարում» կամ «կեցցե մայիսի 1-ը» կաղապարներից: Անկախությունից հետո փոքր ինչ փոխվեց «Ազատության» հայկական ծառայության առաքելությունը, բայց հիմնական ուղղությունը նույնն է՝ մարդկանց պրոֆեսիոնալ ձեւով տեղեկացնել երկրում կատարվող կարեւորագույն իրադարձությունների մասին: Ինչը եւ մեր գործընկերները հաջողությամբ անում են: Ռադիոկայանի հայկական ծառայության 50-ամյակի առիթով Հայաստանում են գտնվում «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումների տնօրեն Միշել Դյուբակը եւ ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանը: Երեկ նրանք հայաստանյան մամուլի ներկայացուցիչներին պատմեցին ռադիոկայանի առաջիկա ծրագրերի մասին: Մասնավորապես, նախատեսվում է բացել «Ազատության» հայկական գրասենյակի հեռուստատեսային ծրագիր: Նման առաջարկություններ «Ազատությունը» ստանում է տարբեր հեռուստաընկերություններից՝ «դուք ծրագիրն ապահովեք, մենք եթերը կտրամադրենք»: Հնարավոր է նաեւ Հանրային ռադիոյի եթերում լինեն «Ազատության» պատրաստած տարբեր փոքրիկ հաղորդումներ, ինչպես, ասենք, «Մաքս Լիբերթին» է կամ առավոտյան թոք-շոուները: Մեր հարցին՝ վտանգ չի՞ սպառնում «Ազատության» հետագա գործունեությանը «ԶԼ մասին» օրենքը, որն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է, եւ որում տեղ է գտել օտարերկրյա ֆինանսավորում ստացող լրատվամիջոցների նկատմամբ որոշ սահմանափակումներ նախատեսող հոդված (այն պահանջում է, որ այլ երկրներում թողարկվող լրատվամիջոցի տարածումը լինի միայն ձեռնարկատիրական գործունեություն) պարոն Թամրազյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե հիմա, հետընտրական շրջանում ինչ-որ մեկին պետք է մեր դեմ ինչ-որ բաներ ձեռնարկել: Հույս ունեմ, որ մինչեւ երկրորդ ընթերցումն ընկած ժամանակաշրջանում այդ հոդվածը կփոխվի: Մենք ձեռնարկատիրական կազմակերպություն չենք եւ մենք իրավունք չունենք կոմերցիայով զբաղվելու: Եթե չփոխվի, մենք անպայման կբարձրացնենք մեր ձայնը»: Իսկ ընդհանրապես, ըստ պարոն Թամրազյանի, մամուլի համար որեւէ օրենքի կարիք չկա: Տիկին Դյուբակին լիովին բավարարում է «Ազատության» հայկական ծառայության աշխատանքը, քանի որ լրագրողները աշխատասեր են եւ պրոֆեսիոնալ: Հայկական ծառայությունը ռադիոկայանի ամենամեծ լսարաններից մեկն ունի: Ընդհանրապես, «Ազատությունը» եթեր է դուրս գալիս 34 լեզուներով, եւ տարեկան Վաշինգթոնը տրամադրում է $72 միլիոն գումար` բոլոր ծառայությունների աշխատանքի համար: Քանիցս նշվեց «Ազատության» սկզբունքները` անկախություն եւ անաչառություն: Իսկ հե՞շտ է անկախ լինել Հայաստանում: Այս հարցին պարոն Թամրազյանը պատասխանեց. «Շատ դժվար է: Նույնիսկ մեզ համար, որ բոլոր հիմքերն ունենք անկախ լինելու, բազմաթիվ դժվարություններ կան: Սակայն մենք միշտ հավատարիմ ենք մեր սկզբունքներին, եւ եթե բոլոր լրագրողների համար լինեն անդավաճան սկզբունքներ, որոնցով նրանք կառաջնորդվեն անկախ այն բանից` իշխանական թե ընդդիմադիր լրատվամիջոցում են աշխատում, ապա հեռու չի լինի այն օրը, որ պրոֆեսիոնալիզմը կլինի գլխավոր որակը: Ճիշտ է, հնարավոր է, որ սկզբունքայնության պատճառով ոմանք աշխատանքից զրկվեն»: Ձեւավորված ավանդույթի համաձայն Հայաստանում մամուլի անկախության եւ ազատության համար պայքարում են նրանք, ովքեր այդ պահին ընդդիմություն են: Եվ քանի որ «Ազատությունը» միշտ անկախ է եղել, զարմանալի չէ, որ 95-96թթ. իշխանությունները նրան մեղադրում էին դաշնակցականների հանդեպ բարյացակամության մեջ, իսկ հիմա` ճիշտ հակառակը` «նախկինների» կամ «արմատականների» կողքին լինելու մեջ: Այնինչ, փաստը մեկն է` «Ազատությունը» ներկայացնում է ամեն ինչ եւ բոլոր կողմերից. «Մեզ համար չկա փակ թեմա, չկա թեմա, որը մենք կխուսափենք լուսաբանել»,- ասում են «Ազատության» ղեկավարները: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել