Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տալ-չտալը «խոսելու վրա է»

Սեպտեմբեր 26,2003 00:00

Տալ-չտալը «խոսելու վրա է» ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի տվյալներով, մինչեւ 2003թ. սեպտեմբերի 1-ը գյուղացիների ոռոգման ջրի պարտքը կազմում է 8,5 մլրդ դրամ, որից 1,3 մլրդ դրամը կուտակվել է միայն 2003-ին։ Որոշ գյուղական համայնքներում, օրինակ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում, դադարեցվել էր ջրամատակարարումը։ «Արզնի-Շամիրամ ոռոգում» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Տոնոյանի հավաստմամբ, գյուղացու ջրամատակարարման դադարեցումը նույնքան հակաօրինական է, որքան ջուր տալը պարտքերի կուտակման դեպքում։ Հակասական միտք է. ստացվում է՝ եւ տալն է սխալ, եւ կտրելը: Իսկ Ջրային տնտեսության պետական կոմիտեի փոխնախագահ Ռուդիկ Ղուկասյանի խոսքերով. «Չվճարման դեպքում ջրամատակարարումը չի դադարեցվում»։ Թերեւս մեր պետական պաշտոնյաները նախեւառաջ պետք է լավ սերտեն իրենց ոլորտին վերաբերող օրենսդրությունը, նոր միայն դրանց հետ կապված հայտարարություններ անեն։ ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 26-ի թիվ 2121 որոշման համաձայն, բաժանորդի՝ ջրային տնտեսության հետ կնքած պայմանագրում կա հետեւյալ դրույթը. «Բաժանորդի կողմից նախորդ ամիսների կուտակած պարտքերը սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում, սահմանված կարգով 3 օր առաջ զգուշացնելուց հետո դադարեցնել բաժանորդի ջրամատակարարումը մինչեւ պարտքի մարելը»։ «Արզնի-Շամիրամ ոռոգում» ՓԲԸ-ի Նաիրի մասնաճյուղի տնօրեն Միհրան Հովհաննիսյանը բացատրում է, որ ոռոգման սկզբնական փուլում թերեւս պարտք ունեցող բաժանորդներին ջուր տրվում էր, սակայն հիմա, երբ ավարտվում է ոռոգման շրջանը եւ այլեւս պարտքերի գանձման լծակներ չեն ունենա, «ջրի մարդիկ» պետք է ավելի վճռական լինեն։ Հակառակ դեպքում, ջրամատակարարող ընկերությունների տնօրենները կդառնան խաբված ավանդատուներ։ Ջրտնտպետկոմի փոխնախագահ Ռուդիկ Ղուկասյանը հայտնեց, որ Ջրօգտագործողների միությունները (ՋՕՄ-երը) իրենց իրավասության ներքո գտնվող համայնքներում ոռոգման ջրի սակագնային քաղաքականություն են մշակում՝ հաշվարկելով տվյալ տարածքի կորուստները, ներցանցային ծախսերը եւ այլն։ Գյուղացիները վստահեցնում են, որ ոռոգման ջրի հաստատագրված վարձավճարների հարցում պաշտոնյաները կամայականություններ են թույլ տալիս։ Այսինքն, ըստ նրանց, ոռոգվող հողատարածքի համար հաշվարկվում է սպառած ջրից ավելին։ Անկասկած, սրան էլ պաշտոնյաները պատասխան ունեն. տվյալ տարածքներում ջրի խորանարդ մետրերը ավելի են հաշվարկվում, որովհետեւ հենց այդ տարածքներում ջրի կորուստը շատ է լինում։ Բայց գյուղացու մեղքը որ՞ն է։ ԱՐՓԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել