Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ԴԱՇՏՈՒՄ

Սեպտեմբեր 26,2003 00:00

ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ԴԱՇՏՈՒՄ Շուկայում մեծ կշիռ ունեցող մի քանի տնտեսվարողների բիզնեսում ծավալների փոփոխություններ են արձանագրվել: Մեր տնտեսության չափանիշներով խոշոր գործարարներ են Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը եւ Միխայիլ Բաղդասարովը: Շուկայում վերջին կես տարում իրենց զբաղեցրած դիրքերը փոփոխվել են: Այս երեքից Գագիկ Ծառուկյանն է, որ, մեր տվյալներով, ոչ միայն «կորուստներ» չի ունեցել, այլեւ ընդլայնել է իր բիզնեսի ծավալները: Օրինակ, նա կայուն «ընդլայնում» է արձանագրում ավտոգազալցման շուկայում: Ավտոգազալցման շուկայում պարոն Ծառուկյանին պատկանող «Մուլտի լեոն» ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում դիրքերը լավացրել է շուրջ 3,2 տոկոսով: Իսկ «Մուլտի գազ» ՍՊԸ-ն շուրջ 2.7 տոկոսով: Այսպիսով, գազալցման կայանների շահավետ բիզնեսում Գագիկ Ծառուկյանն իր ծավալներն ավելացրել է շուրջ 6 տոկոսով, ինչն, ի դեպ, մեր տեղեկություններով, աճի միտում ունի: Չի կարելի նույնը ասել Միխայիլ Բաղդասարովի մասին: Թեեւ պարոն Բաղդասարովը տնտեսության այլ ոլորտներում էլ է ներկայացված, բայց հայտնի է, որ նրա հիմնական բիզնեսը բենզինն է: Մեկ այլ հրապարակման մեջ արդեն նշել ենք, որ բենզինի 87 տոկոսը Մ. Բաղդասարովի միջոցով է Հայաստան ներկրվում: Հիշեցնենք, դա տեղի է ունենում հետեւյալ կերպ. նրան պատկանող «Միկա Արմենիա թրեյդինգը», ասենք, նախանցած տարի Հայաստան էր ներկրում ընդհանուր ծավալի շուրջ 20 տոկոսը, իսկ այդ շուկայում գործող մի քանի այլ ընկերություններ բենզին ձեռք էին բերում նույնպես Մ. Բաղդասարովից, բայց Հայաստանի սահմաններից դուրս: Անցած տարի էական փոփոխություններ են գրանցվել: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ստացված տեղեկությունների համաձայն, պակասել են Միխայիլ Բաղդասարովի բիզնեսի ծավալները: Այս գործարարը, որն ըստ էության տնօրինում էր շուկայի 87 տոկոսը, 2002թ. ընթացքում զիջել է իր ծավալների մոտ 23 տոկոսը: Գումարային արտահայտությամբ սա խիստ էական քանակ է: Արտաքին մատակարարից (տվյալ դեպքում՝ «Միկայից») կախվածության նվազումը, ընդհանուր առմամբ, դրական երեւույթ է: Որքան էլ հետաքրքիր է, այս շուկայից դուրս է մնացել երկու տնտեսվարող, ինչը միայն առաջին հայացքից է բացասական հանգամանք: Իրականում սա բնականոն զարգացման հետեւանք է, որովհետեւ դրանք երկուսն էլ շատ փոքր ծավալներ ունեցող (հանձնաժողովի տվյալներով՝ մոտ 2 տոկոս) ընկերություններ էին եւ, ամենայն հավանականությամբ, վնասով աշխատող: Ավելին, պարզվում է, այս շուկայում մեծ աշխուժություն ակնկալել օբյեկտիվորեն իմաստ չունի, որովհետեւ առկա է մասշտաբի էֆեկտը: Այսինքն այս բիզնեսը շահավետ է գործում միայն մեծ ծավալների դեպքում: Իսկ մեծ ծավալներով բենզին ներկրելը այսօրվա հագեցված շուկայում ռիսկային է: Առավել եւս, որ հանրապետությունում ավտոմեքենաների այլընտրանքային վառելիքի՝ գազի հետ հարաբերակցությունը թեքվում է դեպի վերջինը: Սակայն բենզինի շուկայում կարծես թե նոր գործարար է հայտնվել արտաքին մատակարարի տեսքով: Փաստը, ինչպես նաեւ սուբյեկտի ով լինելը ճշտում ենք: Առավել բարդ է Սամվել Ալեքսանյանի բիզնեսի վիճակը: Վերջին շրջանում նրա դիրքերը թուլացել են: Դեղերի շուկայում պարոն Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմը» ամենեւին էլ չզբաղեցրեց այն ծավալները, որոնք հավակնում էր ստեղծման ժամանակ: Նախատեսվող 70 տոկոսի փոխարեն այսօր այդ ընկերությունն ամենալավատեսական հաշվարկներով գրավում է շուկայի ընդամենը 20 տոկոսը: Իսկ ցորենի ներկրման շահավետ բիզնեսում Ս. Ալեքսանյանի ծավալները էականորեն են կրճատվել: Նրան պատկանող «Աստղացոլք» ընկերությունը 2001 թվականի համեմատությամբ 23 տոկոսով զիջել է դիրքերը: Իսկ վերջին ամիսներին, տարածված լուրերի համաձայն, «Աստղացոլքն» ընդհանրապես ցորեն չի ներկրում: Փոխարենը շուրջ 22 տոկոսով ավելացել է Կարեն Բաղդասարովին պատկանող «Վիկտորիա թրեյդ» ընկերության ծավալը: Եթե բենզինի շուկայում գրանցված վերաբաշխումները կարելի է գնահատել որպես մրցակցության հետեւանք, ապա Ս. Ալեքսանյանի հետ կատարվողը վերլուծաբանները կապում են ոչ տնտեսական գործոնների հետ: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել