Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՆ ԿՔԱՆԴՎԻ՞

Սեպտեմբեր 26,2003 00:00

ԿՈԱԼԻՑԻԱՆ ԿՔԱՆԴՎԻ՞ Կոալիցիայի ստեղծման 100-օրյակն ամփոփվեց այն իրողության արձանագրմամբ, որ ՀՀԿ-ի կամ «ՕԵ»-ի կողմից չեն պահպանվում հունիսի 11-ին ստորագրված հուշագրի դրույթները: Խոսքը, մասնավորապես՝ կոալիցիայի ընթացիկ քննարկումների վերաբերյալ խորհրդապահական կարգը պահպանելու, հրապարակային հաշվետվություններով հանդես գալու կամ այլ կուսակցությունների հետ այնպիսի հարաբերությունների վերաբերյալ տեղյակ պահելու մասին է, որոնք կարող են ազդել կառավարության քաղաքականության մշակման վրա: «Առավոտի» հարցին, թե այս պայմաններում ինչպե՞ս են պատկերացնում կոալիցիայի հետագա գործունեությունը՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը պատասխանեց. «Չկան այնպիսի հարցադրումներ, որոնք իսկապես կվտանգեին կոալիցիայի ապագան, քանի որ առայժմ չկան սկզբունքային նշանակության հակադրություններ: Կան տարբեր տեսակետներ ու մոտեցումներ, որոնք հարթվում են՝ դանդաղ, նաեւ բանակցությունների միջոցով»: ՕԵ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը նշեց, որ կոալիցիայի մեխանիզմները դեռեւս կարիք ունեն ամրակցման, զոդման. «Այս տեսանկյունից՝ ինչ-որ խնդիրներ երբեմն առաջանում են: Սակայն մոտեցումների, դիրքերի համաձայնեցումների քննարկումների մեխանիզմը քայլ առ քայլ ավելի է զարգանում»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դրական գնահատեց կոալիցիայում տեղի ունեցող քննարկումները, իսկ հոռետեսական կանխատեսումներն՝ անտեղի. «Բացի մեզնից՝ կոալիցիայի կուսակցություններից, բոլորը շա՜տ հոգատար մտավախություններ ունեն: Մի մասն ասում է՝ «ե՞րբ է քանդվելու», մյուս մասն էլ՝ «տեսնես, ի՞նչ կլինի»: Ի դեպ, քանի որ վարչապետը վերջապես պատրաստակամություն հայտնեց կոալիցիոն իր դաշնակիցներին հայեցողական որոշակի պաշտոններ առաջարկել՝ լրագրողները հետաքրքրվեցին, թե որ ոլորտներում են տեսնում իրենց ներկայացուցիչներին: Որոշակի անուններ կամ բնագավառների թվարկումներ չհետեւեցին: Մհեր Շահգելդյանն առաջադրումների սկզբունքների մասին խոսեց: Լեւոն Մկրտչյանը միայն ասաց. «Կադրային բանկի իմաստով՝ Դաշնակցությունը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել համարյա բոլոր ոլորտներում»: Իսկ Գալուստ Սահակյանը շեշտեց, թե ՀՀԿ-ն կադրային խնդիրներ չի քննարկում կուսակցության ներսում: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել