Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԽՈՍՏԱՑԵ՞Լ ԷՐ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ

Սեպտեմբեր 26,2003 00:00

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԽՈՍՏԱՑԵ՞Լ ԷՐ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաստատեց, որ 2004-ի հունվարի 1-ից աճելու են էլեկտրաէներգիայի, ջրի եւ գազի սակագները: Ի՞նչ է մտադիր ձեռնարկել ԱԺ-ն՝ սպասվող սոցիալական լարվածությունը կանխելու համար: Երեկ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Առավոտն» այս հարցն էր ուղղում խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչներին, որ պարզվի՝ արդյոք առաջիկա թանկացումների սոցիալական հետեւանքները նախատեսո՞ւմ են մեղմել օրենսդրական կարգավորման միջոցով: ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը հիշեցրեց, որ երբ ներկայացվում էր կառավարության գործունեության ծրագիրը՝ իրենք վարչապետին այդ մասին հարց ուղղեցին. «Մենք այդ ժամանակ արդեն գիտեինք ու ենթադրում էինք, որ հնարավոր են գնային փոփոխություններ»: ՄԱԿ-ն այն ժամանակ նաեւ կանխատեսել էր, որ կառավարությունը չի կարողանալու լուծել իր հռչակած կարեւորագույն խնդիրը՝ աղքատության հաղթահարումը: Գուրգեն Արսենյանը նաեւ հիշեցրեց, որ գազն ու էլեկտրաէներգիան արդեն «մասնավոր սեկտորի կողմից առաջարկվող ծառայություններ են եւ կառավարության ազդեցությունը տվյալ ոլորտների վրա բավական քչացել է, այսինքն՝ հնարավորությունը միայն Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի կողմից սակագնային քաղաքականության որոշումն է: Համենայն դեպս՝ գտնում ենք, որ կառավարության ուշադրության կենտրոնում պետք է լինի փոխհատուցումների մեխանիզմների մշակումը բնակչության այն հատվածի համար, որի գնողունակությունը բավական ցածր է: Դրա հիմքերն առայժմ դեռ չենք տեսնում, թե կառավարությունն իր քաղաքականությունը կառուցելու է այդ մեթոդոլոգիայով: Սակայն կներկայացվի բյուջեն եւ եթե նախագծում ներկայացված չլինեն այդ մեխանիզմները՝ կասենք մեր ասելիքը»: «Ժողովրդական պատգամավոր» խմբի ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանը նույնպես բնական համարեց, որ գազի եւ էլեկտրաէներգիայի մասնավոր սեփականատերերը պիտի շահագրգիռ լինեին սակագների այս թանկացմամբ՝ «բիզնեսն առաջ տանելու համար»: Պատգամավորը համաձայնեց լրագրողներից մեկի դիտարկմանը, թե նման անցանկալի զարգացումներից խուսափելու համար՝ արժեր, որ էներգետիկ ոլորտը մնար պետական մենաշնորհ. «Ինձ թվում է՝ հնարավոր է, որ 1-2 տարի հետո ավելի բացասական արդյունքներ քաղենք: Սակագնային քաղաքականությունը պետք է որոշեր պետությունը՝ անկախ սեփականատերերի վերաբերմունքից: Նրանք, բնականաբար, պետք է ձգտեն ունենալ մեծ շահույթ: Բայց այնպիսի երկրում, ինչպիսին մերն է՝ սակագնային քաղաքականությունը պիտի քննարկվի շատ լրջորեն»: Ինչ վերաբերում է պետական մենաշնորհ մնացած ջրին՝ պատգամավորը գտնում է, որ տարիներ առաջ սակագնային քաղաքականության մեջ սխալ է գործվել. «Չենք սահմանել ԱՄՆ դոլարին համարժեք կուրսը: Եւ այս թանկացումներն ուղղակի արժեզրկման պայմանների հետեւանք են»: Դաշնակցային կառավարությունը ներկայացնող ուժերը խոստացան, թե, ըստ ամենայնի, կլինեն փոխհատուցումներ կամ լրավճարներ: Թեեւ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը հայտնեց, որ կոալիցիայի շրջանակներում առայժմ չի քննարկվել այս խնդիրը: «Սակագների պարբերական վերահաշվարկի կամ փոփոխության խնդիրները Հայաստանի Հանրապետությանն ուղեկցելու են դեռ երկար ժամանակ»,- նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը եւ կարեւորեց, որ սոցիալապես անպաշտպան խավերը «նմանատիպ օբյեկտիվ բնույթի փոփոխություններից» պաշտպանված լինեն բյուջեով: Թեեւ նաեւ հնարավոր համարեց, որ այդ խավերի պաշտպանվածության խնդիրը լուծվի օրենսդրական ճանապարհով: Որոշակիացումների համար անհրաժեշտ համարեց, որ հաշվարկվի՝ «ինչ չափով եւ որքան են բարձրանալու սակագները»: Դրանից հետո կառավարությունը կներկայացնի սոցիալական լարվածությունը մեղմելու վերաբերյալ նախատեսվող քայլերը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց այդ քայլերից մեկը՝ «Ակնկալվում է աշխատավարձերի եւ թոշակների բարձրացում»: Ներկայացնենք նաեւ ընդդիմադիր ուժերի գնահատականները: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը կանխատեսեց. «Բնականաբար, սակագների բարձրացումը կհանգեցնի մնացած ապրանքների թանկացմանը, որն անթույլատրելի է ժողովրդի սոցիալական ծանր վիճակում: Եվ թոշակների կամ ուսուցիչների աշխատավարձերի ենթադրյալ բարձրացումները, որ խոստանում է կառավարությունը, ըստ էության՝ չնչին չափով, մասնակիորեն կմարեն բարձրացվող սակագները: Հանրապետության գործող կամ չընտրված նախագահն իր նախընտրական ծրագրերում երբե՛ք չի խոսել այն մասին, որ պետք է լինի սակագների բարձրացում: Այս մասին չեն խոսել նաեւ կոալիցիան ներկայացնող քաղաքական ուժերը: Ըստ էության՝ նրանք ուղղակի թյուրիմացության մեջ են գցել ժողովրդին՝ ե՛ւ նախագահի, ե՛ւ խորհրդարանի ընտրությունների ընթացքում»: «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը, թերահավատ էր, թե կկարողանան օրենսդրական որեւէ նախաձեռնությամբ մեղմել սպասվող լարվածությունը. «Ամենալավ օրենքն իսկ ոտնատակ է արվում»: Եւ միակ լուծումը համարում էր՝ «իշխանափոխությո՛ւնը: Տվյալ իշխանության պայմաններում չի լինի ոչ մի նոր, լավ բան: Չեն կարող փտած ծառից դուրս գալ լավ տերեւներ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել