Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱԶԴԻ՞ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔԸ

Սեպտեմբեր 25,2003 00:00

ԿԱԶԴԻ՞ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔԸ Դեռ ամռանն ազդարարվեց, որ Մամուլի Ազգային ակումբում ձեւավորվում է հասարակական հանձնախումբ, որը պիտի համեմատի վերջին մրցույթում «Ա1+»-ի, «Նոյյան տապանի» եւ նրանց մրցակիցների առաջարկները: ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանին խնդրեցինք պատմել, թե ինչ փուլում են ուսումնասիրությունները: Պարզվեց, որ ձեւավորվել է 17 հոգանոց մի խումբ, որին մաս են կազմում ինչպես լրագրողական կազմակերպությունների, այնպես էլ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները: «Ազգային միաբանությունը» ներկայացնելու է Աղասի Արշակյանը, «Արդարությունը»՝ Վարդան Գրիգորյանը, ՄԱԿ-ը՝ Հովսեփ Պողոսյանը եւ այլն: «Պատասխան չունենք միայն ՀՅԴ-ից»,- ասաց Նարինե Մկրտչյանը: Նաեւ հայտնեց, որ հանձնախմբին իբրեւ փորձագետ մասնակցում է ԵԱՀԿ ներկայացուցիչը:Ուսումնասիրությունները փոքր-ինչ ձգձգվում են տեխնիկական պատճառներով: ՄԱԱ-ն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում, Գրիգոր Ամալյանի համաձայնությամբ, պատճենել է վերջին մրցույթին մասնակցած բոլոր ընկերությունների առաջարկները: 1200 էջից ավելին կազմող այդ փաթեթներն այժմ պիտի բազմացվեն 17-ական օրինակներով եւ տրամադրվեն հանձնախմբի անդամներին: Աշխատանքի կեսն արված է, եւ, ըստ Նարինե Մկրտչյանի, երբ պատրաստ կլինեն բոլոր փաթեթները՝ «Հանձնախումբը կգումարի իր առաջին նիստը: Դրանից հետո 7-10 օր ժամանակ կտրվի, երբ հանձնախմբի անդամները հնարավորություն կունենան ուսումնասիրել հեռուստաընկերությունների առաջարկները»: ՄԱԱ նախագահը հայտնեց, որ նախատեսում են հանձնախմբի քննարկումներ, որոնց ընթացքում իրենց գնահատականները հիմնավորելու հնարավորություն կտրվի ՀՌԱՀ անդամներին, կլսեն նաեւ մրցույթներում հաղթած կամ պարտված հեռուստաընկերություններին: Մեր հարցին, թե իր կարծիքով՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հանձնախմբի հրապարակելիք եզրակացությունը՝ Նարինե Մկրտչյանը պատասխանեց. «Իրավական ազդեցություն, բնականաբար, չի ունենա: Բայց եթե հաջողվի արդյունավետ աշխատել ու փորձագիտական աշխատանքը կատարել անկողմնակալ հիմունքներով՝ կհնչի փաստարկված վերլուծություն, որին առարկելը դժվար կլինի: Եվ արդեն յուրաքանչյուր մրցույթի ժամանակ կունենանք հասարակական փորձաքննության հնարավորություն, որը լրացուցիչ զգոնության պիտի կոչի ՀՌԱՀ-ին: Սա՝ իբրեւ ցանկալի ազդեցություն»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել