Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱԿ ՆԱՄԱԿ

Սեպտեմբեր 25,2003 00:00

ՓԱԿ ՆԱՄԱԿ Երբեւէ մտածե՞լ եք՝ ինչո՞ւ մենք պատմություն չունենք։ Ինչո՞ւ մենք մեր պատմությունը չգիտենք։ Մենք միայն գիտենք այն, ինչ պետք է իմանանք՝ ինչ պետք է օրվա իշխանությանը, որպեսզի ապացուցի իր հարատեւությունն ու անկրկնելի-անփոխարինելիությունը։ Մնացածին տեղյակ լինելու համար պիտի անցնի ժամանակ (նվազագույն֊առավելագույնը մինչեւ հերթական իշխանափոխություն, որից հետո էլ ճշմարտությունը կարող է մնալ պատմության լուսանցքում, որովհետեւ մենք միշտ դատափետում ու մերկացնում ենք «նախորդ հանցավոր վարչակարգին» եւ պատմությունը չի դատում հաղթողներին՝ մինչեւ նրանց առաջին պարտությունը, որից հետո արդեն դատապարտում է)։ Ասվածի ապացույցը տալիս են հազարավոր էջերով մեր պատմաբանները իրենց անաչառ ու անքննելի աշխատությունների՝ գրված, առավել հաճախ չգրված (պարզապես թաքցված կամ ըմբռնումով լռության մատնված) էջերով։ Ո՞րն է պատճառը, որ պատմաբանները նույն իրողություններն ու փաստերը էական, հաճախ իրարամերժ տարբերություններով են շարադրում՝ գնահատականների ու մեկնությունների մեջ արդեն առաջնորդվելով միայն «Ո՞վ է պատվիրատուն» հարցի պատասխանով։ Ընդ որում՝ նույն պատմաբանը նույն փաստերին տարբեր ժամանակներ տարբեր գնահատականներ տալու «սովորությունն» է դրսեւորում։ Անուններ տալ ու գրքեր թվարկելը դժվար չէ, բայց կարեւորը դրդապատճառը հասկանալն է։ Որովհետեւ մեր օրերի պատմությունն էլ գրվում ու գրվելու է նրանց ու նրանց նմանների ձեռքով, եւ ուրեմն այս խնդիրը նաեւ մեր սերունդների գլուխկոտրուկն է լինելու։ Ու մեղք են նրանք, որ հարկադրված են լինելու աղտ-աղարտի շեղջերի մեջ ճշմարտության ոսկեհատիկ պեղել։ Գտնել֊չգտնելն էլ մեծ հարցական է։ 20-րդ դարասկիզբը գլխապտույտ հաղթանակների ու պարտությունների նշանավորումն էր՝ մասնակցություն երկու կայսրությունների՝ օսմանյան ու ռոմանովյան, կործանմանը, սեփական առաջին հանրապետության սկիզբ ու վախճան։ Ցեղասպանություն ու Հայ դատ։ Ծովից ծով ու …մի բուռ երկիր։ Իհարկե՝ նույն այդ ժամանակների պատմության մեջ բազում էջեր կան՝ լավ ու վատ, բայց ընդհանրությունը անփոփոխ է՝ անխուսափելի են տարընթերցումները, ավելի ճիշտ՝ սեւ ու սպիտակի հերթագայումներից ստացվում է պատմական գորշությունը, որի մեջ իրականությունը կորցնում է ոչ միայն դեմքը, այլեւ դիմագիծը։ Եվ օրվա քաղաքականությունը աղավաղում է ոչ միայն անցյալի պատմությունը, այլեւ ներկայի ապագան՝ սերունդը այլասերելով ու արժեքների սանդղակի գլխապտույտ անկումով, երբ ճշմարտությունը վերածվում Է ժամանակավրեպ ռոմանտիզմի, իսկ ռոմանտիզմը դառնում է… Նայած՝ երբ ինչի պահանջարկ կա։ Դարակեսը կոմունիստներինն էր, երբ նյութական արժեքների ստեղծումը հակադարձ համեմատական էր հոգեւոր արժեքների վերացմանը։ Եվ ամենեւին էլ միայն 1937 թվականը չէ կումունիստների իսկական խարանը՝ 30-ական ու 40-ական թվականներին նրանք սպանում էին «անցանկալի» մարդկանց՝ «ժողովրդի թշնամի» բացատրությամբ, բայց տասնամյակներ իրենք էին ժողովրդի իրական թշնամին՝ երկրագնդի մեկ վեցերորդ մասի հարստահարմամբ ու տնտեսական ամլացումով, մարդկանց բարոյական172հոգեւոր ամլացումով՝ գաղափարական ահաբեկչությունը նրանց օրոք սկիզբ ու վերջ չուներ՝ կենսակերպ էր։ ՀԽՍՀ նախկին ղեկավարներից մեկը փոխանակ ընդամենը վերապատմի եղած-չեղածը, ճշտի-ճշգրտի, ասի-ապացուցի, համոզի՝ իրեն ուղղված հարցերը համարում էր ոչ պրոֆեսիոնալ, հարց տվողին էլ՝ ոչ պրոֆեսիոնալ մարդ։ Իսկ հարցերը հետեւյալն էին՝ 88-ը ո՞նց սկսվեց, մեզ ասացին՝ ուզեք՝ կտանք, նրանց էլ թե՝ կուզեն, բայց ոչ դուք կտաք, ոչ էլ մե՞նք, թե՞… Մոսկվան ի՞նչ ու ինչպե՞ս գիտեր եւ ումի՞ց։ Դո՞ւք էիք նրան խաբում, թե՞ ինքը չէր ուզում հասկանալ. խիստ անտրամաբանական քայլեր էին արվում. դիմումը, ժամն է ողջախոհության եւ սթափ վճիռների, դժբախտության ժամ եւ պատասխանատվության ժամ եւ այլն։ Դուք ուզում էիք պայքարել եւ չկարողացա՞ք. ինչո՞ւ, թե՞ չէիք ուզում, ինչո՞ւ։ Մոսկվայում ի՞նչ խնդիրներ էիք կարողանում լուծել։ Ինչպե՞ս։ Ինչո՞ւ ձերբակալեցիք «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին։ Կամ՝ թողեցիք, որ ձերբակալեն։ Ի՞նչ խնդիր էիք լուծում դրանով։ Ինչ-որ բան էդ ժամանակ ձեզ ենթարկվու՞մ էր, թե ոչ, ինչը, ինչու, ինչպես, օրինակ՝ գլավլիտը։ Ինչպե՞ս էիք զգում ձեզ, երբ պարտադրում էին ԳԽ-ում ձեզ ոչ ցանկալի որոշումներ ընդունել, նստաշրջաններ անցկացնել։ Թե դրանք ձեզ էլ էին հաճո։ Եթե այո, ինչո՞ւ էիք դիմադրում։ Կամ ի՞նչ էիք զգում, երբ չէին թողնում դուրս գալ դահլիճից։ Դեպքերի զարգացման ինչպիսի սցենարներ եւ հետագա զարգացումներ էին հնարավոր… Հարցերն ընդամենը երկու տեսակի են լինում՝ մեկի պատասխանները գիտես, մյուսի պատասխանները չգիտես։ Արժե հարցերի լրիվ նոր ու անկապ խումբ հորինել… Նրանց համար, ովքեր եկան հետո՝ դարավերջին, եկան՝ գնահատականներ տալու՝ մինչդեռ իրենք չունեին գնահատականի ներկայացվելու որեւէ քայլ։ Նրանք եկան՝ առանց հարցնելու, մինչդեռ պատասխաններ ունեցողները կամ լուռ, կամ հարկադրված հեռացան։ Ու ոչ ոք չի հարցնում՝ ինչո՞ւ։ Վերջապես՝ ինչո՞ւ։ Ու այսպես էլ գնում է պատմությունը 1998-ից ի վեր՝ պատմություն, որ կա ու չկա՝ կա, որովհետեւ ինչ-որ բաներ կատարվում են ու չկան, որովհետեւ ոչինչ իր իրական գնահատականը չի ստանում։ Պարզապես երրորդ հազարամյակում մենք հայտնվել ենք անժամանակ ժամանակի մեջ, երբ անհնար է հիշել որեւէ օրենք, որոշում, հրամանագիր, որը հիմնված չլինի որեւէ մեկի անձնական շահի վրա։ Օպտիմալացվում է առողջապահությունը՝ հիվանդանոցների շենքերը ինչ-որ մեկին պետք են, օպտիմալացվում է կրթական համակարգը՝ դպրոցների շենքերն են պետք նույն այդ մեկին։ Ու էդպես շարունակ: Եվ ոչ ոք չի հարցնում՝ ինչո՞ւ ու ինչպե՞ս են անընդհատ կրճատվում հիվանդների ու սովորողների թվերը, երբ ընտրողների թիվն անփոփոխ է։ Իսկ նախագահը հերթական անգամ դիտորդի կարգավիճակում է։ Նամակները լինում են բաց ու փակ, բայց անգամ փակ նամակները երբեւէ բացվում ու ընթերցվում են։ Խնդիրը նույնիսկ ոչ թե հասկանալն է, այլ՝ հասկանալու անհրաժեշտությունը հասկանալը։ ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել