Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բանակցային «ակնթարթ»

Սեպտեմբեր 25,2003 00:00

Բանակցային «ակնթարթ» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ իրար հաջորդող առաջարկների փաթեթները սկսել են նմանվել «Ընտանեկան զառ»-ի խաղարկության տոմսերի: Ամեն անգամ կողմերը վերցնում են դրանք, «ջնջում» եւ իհարկե չեն շահում: Լավագույնը, որ կարող է արձանագրվել նման բանակցային «խաղարկությունների» ժամանակ, եւ որը բավականին հաճախ է պատահում, դա լրացուցիչ տոմս (իմա՝ առաջարկների նոր փաթեթ) ստանալու հնարավորությունն է: Ասենք, երբեմն լինում են նաեւ թեթեւ շահումներ: Օրինակ, ժամանակին հայկական կողմին անչափ դուր էր եկել համանախագահների կողմից առաջարկված «Ընդհանուր պետություն» անվամբ հայտնի գաղափարը: Մեկ ուրիշ անգամ միջնորդների նոր մտահղացումները Ադրբեջանի արտգործնախարարի կողմից գնահատվել էին, իբրեւ «քննության արժանի», եւ՝ այդպես շարունակ: Ոչ մի լուրջ շահում: Բանակցային գործընթացի եւ լոտոյի նմանություններն, իհարկե, այսքանով չեն սահմանափակվում: Այս իմաստով թերեւս արժե նշել Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակներում առաջացող այն սպորտային հուզմունքը, որն ամեն անգամ նախորդում է նոր առաջարկների «ջնջմանը»: Հետաքրքիր է, որ նման պահերին երկու կողմում էլ լինում են այնպիսիք, որոնք, այնուամենայնիվ, հույսները չեն կորցնում, թե այս ամգամ գուցեեւ բախտները բերի ու Ղարաբաղը շահեն պրծնեն: Սակայն, ցավոք, իրականությունն այլ է, եւ, ինչպես խաղարկության նոր «տոմսեր» առաջարկողներն, այնպես էլ հակամարտության մեջ ներքաշված կողմերի իրազեկ ներկայացուցիչները հրաշալի հասկանում են, որ հակամարտության կարգավորման շարունակ նորացվող առաջարկներն իրականում այլ բան չեն, քան՝ լավագույն դեպքում, հների նորովի խմբագրված տարբերակները: Մնացածը շահարկումներ են: Այլ կերպ լինել չէր էլ կարող. չափազանց մեծ է հակամարտող կողմերի դիրքորոշումների միջեւ եղած անդունդը, որպեսզի այդ պայմաններում միջնորդներն ի վիճակի լինեն առաջարկել միաժամանակ բոլորին բավարարող մի հրաշք տարբերակ: Մյուս կողմից կարգավորման շուրջ ստեղծված այս անորոշ իրավիճակը պաշտոնական Երեւանի եւ պաշտոնական Բաքվի համար, գոնե վերջին տարիներին, կարծես թե այնքան էլ անցանկալի չի եղել: Շարունակաբար չլուծվող հիմնախնդրի առկայությունը, փաստորեն, առնվազն միջազգային հանրության աչքում, ինչ-որ չափով երկուստեք արդարացրել է ներկա վարչախմբերի գոյությունը: Վստահաբար, նաեւ այդ հանգամանքն էր պատճառը, որ միջազգային հանրությունն ու, մասնավորապես, նրա՝ այս խնդրի լուծմամբ առավել շահագրգիռ հատվածը շատ անողորմ չգտնվեց հայաստանյան խայտառակ ընտրություններն «ըստ արժանվույն» գնահատելու հարցում եւ ակնհայտ է, որ անողորմ չի գտնվի նաեւ՝ Ադրբեջանում սպասվող ոչ պակաս խայտառակ ընտրությունները գնահատելիս: Սակայն դա կլինի վերջին «շահումը», որ կունենան հակամարտող կողմերի առաջնորդները: Այդ են վկայում ԱՄՆ իշխանությունների մի շարք ներկայացուցիչների հայտարարությունները՝ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո ԼՂ հիմնախնդրի շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին: Մասնավորապես, այդ է վկայում նաեւ վերջերս ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Փերինայի արած այն արձանագրումը, թե անհրաժեշտ է պատժել հիմնախնդիրների «կարգավորումից խուսափող տարածաշրջանային առաջնորդներին»: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել