Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սպիները դեռ երկար են ցավ պատճառում»

Սեպտեմբեր 25,2003 00:00

«Սպիները դեռ երկար են ցավ պատճառում» Ասում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Անդրանիկ Մարգարյանի վարչապետության ժամանակահատվածը շուտով կհասնի եւ հավանաբար կգերազանցի Հրանտ Բագրատյանի համապատասխան ժամկետին։ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցին երեկ հետաքրքրում էր՝ դա պարզապես հանգամանքների բերումո՞վ է ստացվել, թե՞ Անդրանիկ Մարգարյանը նպատակադրվել է գերազանցել ՀՀՇ-ի վարչապետին։ Պարզվեց, հատուկ նպատակ չկա, պարզապես վարչապետություն է՝ մանրից արվում է։ Իսկ ավելի լուրջ՝ Անդրանիկ Մարգարյանը բավականին հետաքրքրական գնահատական տվեց հենց Հրանտ Բագրատյանի վարչապետությանը. «Շատ գոհ եմ այն աշխատանքից, որ կատարել է պրն Բագրատյանը։ Բարեփոխումները սկսվել են նրա ժամանակ եւ նրանից հետո բոլոր վարչապետները այդ բարեփոխումները զարգացնում են եւ ոչ թե ուղղություն են փոխում։ Այդ բարեփոխումները ոչ միայն Հրանտ Բագրատյանի, այլ նաեւ այդ ժամանակ մեր իշխանությունների վարած քաղաքականության արդյունքն են։ Տնտեսական ոլորտում մենք 12 տարի շարունակում ենք այն բարեփոխումները, ինչ որ սկսել ենք։ Յուրաքանչյուր տարի մենք կարող ենք (իրավիճակի փոփոխությունը հաշվի առնելով) զարգացումներ կամ որոշակի շեղումներ տալ, բայց առանցքը մնում է նույնը»։ Անդրանիկ Մարգարյանը նկատեց, որ յուրաքանչյուր վարչապետի ժամանակ էլ լինում են տակտիկական քայլեր, որոնք ոչ բոլորի կողմից են միանշանակ ընդունվում. «Մանավանդ Բագրատյանի ժամանակ, երբ անհրաժեշտ էր ոչ թե թերապեւտիկ բուժում կատարել, այլ՝ վիրահատական։ Եվ ամեն մի վիրահատական գործողություն ցավ է պատճառում եւ սպիներն էլ են հետագայում ցավում»։ Վարչապետը չհերքեց, որ առաջիկայում կլուծվի փոխնախարարների հարցը եւ որոշակի կադրային փոփոխություններ կլինեն. «այս հարցը ոչ թե պայմանավորված է նրանով, որ այդ երկու կուսակցությունները (ՀՅԴ եւ ՕԵԿ.- Մ. Ե.) ցանկանում են տեղեր, այլ պայմանավորված է նրանով, որ խնդիր է դրված կոալիցիայի առջեւ եւ որոշակի փոխնախարարներ այդ խնդիրը չեն կատարել»։ Իսկ նախարարների փոփոխություն սպասվո՞ւմ է. «քանի դեռ նրանք աշխատում են, գործից հեռացված չեն, ես չեմ դիմել հանրապետության նախագահին՝ գործից հանելու, այդ առումով բավարարում են»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել