Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԷՐՈՏԻԿ ԸՆԴԴԻՄԱՑՈՒՄ-2

Սեպտեմբեր 25,2003 00:00

ԷՐՈՏԻԿ ԸՆԴԴԻՄԱՑՈՒՄ-2 «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը «ինֆորմացիոն ինտերվենցիա» է համարում էրոտիկայի քարոզչությունը եւ գտնում, որ առողջ տղամարդիկ չունեն էրոտիկ գրականության կարիք: ԱԺ-ն երեկ 1-ին ընթերցմամբ ընդունեց Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով լրացումներ են առաջարկվում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում: Ըստ այդմ՝ «Էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների եւ սարսափ ֆիլմերի հեռարձակումը դրանց համար չնախատեսված ժամերին՝ առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20-30-ապատիկի չափով: Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո 1 տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 30- 50-ապատիկի չափով»: Նշենք, որ կառավարությունն առաջարկել է վերոհիշյալ դրույթները շարադրել «ՀՌԱՀ կանոնակարգ» օրենքում, քանի որ դրանք վերաբերում են հեռուստատեսությանը: Պրն Դալլաքյանի առաջարկած մյուս լրացումն է. «Էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաձայներիզների վաճառքն արգելված վայրերում՝ առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 10-20-ապատիկի չափով՝ էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաձայներիզների բռնագրավմամբ կամ առանց դրա: Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո 1 տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20-40-ապատիկի չափով»: Տուգանքների այս չափերն ունկնդրելուց հետո՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, իրավաբան Ռաֆիկ Պետրոսյանն ամբիոնից անեկդոտ պատմեց մի ամբաստանյալի մասին, որը լսելով իր պատժաչափը՝ դատավորին հարցնում է. «Էդ տարիները որ տենց ասում ես՝ ո՞վ է նստելու» եւ զուգահեռ տարավ՝ «Այդքան տուգանքներ որ նշանակում եք՝ ո՞վ է տալու»: Իրավաբանն առաջարկում էր խղճմտանքով մոտենալ՝ մարդ է, ընտանիքի կարիքները հոգալու համար մի սկավառակ է վաճառել՝ ի՞նչ կարիք կա նման չափի տույժերի: Սակայն նրա տեսակետին ըմբռնումով չմոտեցան: Ավելին՝ պայմանավորվեցին առավել մեծացնել տուգանքի նախատեսվող չափերը 2-րդ ընթերցման ժամանակ: «Բայց դրանք կլինեն տրամաբանական: Չափի զգացումը չենք կորցնի»,- «Առավոտին» խոստացավ պրն Դալլաքյանը: Ի դեպ՝ սա վերաբերում է նաեւ այն լրացումներին, որոնց շնորհիվ գրաքննություն իրականացնողները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով, իսկ լրագրողներին տեղեկատվություն չտրամադրող պաշտոնյաները դրա համար կհատուցեն նվազագույն աշխատավարձի 5-10-ապատիկի չափով, իսկ կրկնվելու դեպքում՝ կրկնակի: Սակայն վերադառնանք էրոտիկայի տարածման նախատեսվող սահմանափակումներին: «Կարեւոր է, որ արտոնագրող մարմինը համապատասխան արտոնագրեր տա այս գործառույթներով զբաղվողներին»,- ասաց օրենքի հեղինակը: Մեր հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում այդ արտոնագրի ձեւակերպումը՝ պատասխանեց. «Ճիշտն ասած՝ չեմ նախանձում այդ արտոնագիրը տրամադրողին: Բայց ողջ աշխարհում դա գոյություն ունի: Դա նաեւ կապահովի պետության կողմից էրոտիկ այդ գործունեության վերահսկողության իրականացումը: Գուցե ձեւակերպումը մի քիչ զավեշտալի է հնչում, բայց կարծում եմ՝ ներկա իշխանություններին կհաջողվի գոնե դա»: Կառավարությունն առաջարկել էր, որ այս օրենքով սահմանվեն այն վայրերը, որտեղ կարգելվի էրոտիկ հրատարակությունների եւ տեսաձայներիզների վաճառքը: Մեր հարցին, թե որտեղ են նախատեսում թույլատրել վաճառքը՝ պրն Դալլաքյանը պատասխանեց. «Այդ վայրերը կարող են սահմանվել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով: Բայց նաեւ կարող ենք գտնել այնպիսի ձեւակերպում, որը տեղավորվի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում: Վաճառքի վայրերն, իմ կարծիքով, պետք է լինեն սահմանափակ, քանի որ ցանկացած առողջ տղամարդ կարիք չունի էրոտիկ գրականության: Իսկ կանայք ոչ թե նման գրականությամբ պետք է զբաղվեն, այլ գործնական հարցերով»: Վիկտոր Դալլաքյանը քննարկումների ժամանակ նշել էր, թե սեքսի քարոզչությունը համարում է Ազգային անվտանգության խնդիր. «Սրանք մտածված քայլեր են եւ, եթե մի քիչ ավելի կոպիտ արտահայտվեմ՝ մարդկանց հիմարացնելուն են նպատակաուղղված: Այսինքն՝ սրանք ինֆորմացիոն տեռորի եւ ինտերվենցիայի բաղադրիչներից են եւ միանգամայն տրամաբանական կլինի, որ ՀՀ ԱԺ-ն դիմի հակաքայլերի՝ համապատասխան օրենքների ընդունմամբ»: Հակաքայլերի դիմելուց առաջ պետք է լավ պատկերացնել թշնամու մեթոդները: Ուստի փորձեցինք պարզել՝ թե այդ ո՞ր երկրի հետախուզական ծառայություններն են փորձում հիմարացնել մեզ՝ ահաբեկելով էրոտիկայով: Մանրամասնելու մեր խնդրանքին ի պատասխան՝ պրն Դալլաքյանն ասաց. «Այժմ հեռուստատեսությամբ արգելված ժամերի ընթացքում՝ այսինքն, մինչեւ ժամը 24-ը, բարոյականության եւ չափի զգացումը խախտելով ցուցադրվում են նման տեսարաններ: Կարծում եմ, որ դա կարող է բացասական մեծ ազդեցություն ունենալ հասարակության եւ հատկապես մատաղ սերնդի բարոյականության վրա: Օրինակ՝ ԱՄՆ-ում նման ֆիլմերն ընդհանրապես արգելված է ցուցադրել եւ դրանք կարելի է դիտել միայն վճարովի, կոդավորված մալուխային կայաններով»: Համաձայնելով նրա այս դիտարկումներին՝ այնուամենայնիվ նկատեցինք, որ մեր հեռուստաընկերություններն ինքնակամ են ցուցադրում այդ ֆիլմերը՝ առանց «ինտերվենցիայի» կամ ծրագրված տեղեկատվական ահաբեկչության: «Այդ տեսաերիզները մեր հեռուստաընկերությունները հիմնականում ստանում են դրսից»,- ասաց պրն Դալլաքյանը: Սակայն որոշ հեռուստաընկերություններ էլ հայտնվել են հակառակ ծայրահեղության մեջ: Ասենք՝ «Ար»-ը ֆիլմերի ցուցադրումն ընդհատում է անգամ ամենաանմեղ համբույրի տեսարանների պարագայում: Մեր հարցին՝ թե իբրեւ հեռուստադիտող իր նյարդերի վրա չե՞ն ազդում նման ընդհատումները՝ «Արդարության» քարտուղարը պատասխանեց. «Եթե ֆիլմերի ժամանակ չափը չեն անցնում… իհարկե, դա էլ է շատ հարաբերական: Բայց եթե համբույրն իրոք անմեղ է՝ կարելի է ցույց տալ: Իսկ եթե երկարատեւ համբույր է եւ բազմաձեւ՝ չի կարելի ցուցադրել մինչեւ 24-ը»: Վերջում այնուամենայնիվ խնդրեցինք ճշտել՝ իր այս նախաձեռնությամբ նա ցանկանում է սահմանափակել էրոտիկայի՞, թե՞ պոռնոգրաֆիայի տարածումը: Պարզվեց, որ խոսքը երկրորդի մասին է: Նշենք, որ մեր օրենսդրությամբ սահմանազատված չեն էրոտիկան ու պոռնոգրաֆիան: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել