Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՅԺՄ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

Սեպտեմբեր 25,2003 00:00

ԵԽ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՅԺՄ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ Պիտեր Շիդերը անդրադարձավ պետականամետ հեռուստաընկերություններին Այսօր Ստրասբուրգում կմեկնարկի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 2-ը: ԵԽ ԽՎ այս նստաշրջանում Հայաստանի խորհրդարանը կներկայանա մասամբ թարմացված կազմով՝ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ: Ի տարբերություն արդեն ընդունված կարգի, այս անգամ ԵԽ ԽՎ նստաշրջանը այսօր կսկսվի Պիտեր Շիդերի ու Պետ Քոքսի նախագահությամբ՝ «Միասնական Եվրոպայի կառուցումը» թեմայով եւ կընդմիջվի մինչեւ սեպտեմբերի 29-ը: ԵԽ ԽՎ նստաշրջանի օրակարգում, որքան հասկացանք, Հայաստանի կենսական շահերը շոշափող քննարկումներ, կարծես թե, չեն ակնկալվում: Մասնավորապես այս հարցին անդրադառնալով էր, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուսամյանն օրերս մամուլում հայտարարել էր, թե նկատի ունենալով, որ ՀՀ ԱԺ-ն վավերացրել է մահապատժի վերացմանն առնչվող 6-րդ արձանագրությունը, ԵԽ ԽՎ-ում Հայաստանին ոչինչ չի սպառնում: ԵԽ ԽՎ այս նստաշրջանում նախապես ընդգրկված հարցերի թվում հիմնականներից մեկը համարվում է Եվրոպայում էքստրեմիստական կուսակցությունների կողմից ժողովրդավարության դեմ սպառնալիքը եւ ռասիզմի, քսենոֆոբիայի եւ քաղաքականության ռետորիկայում անհանդուրժողականության դրսեւորումները, ազգային փոքրամասնությունների իրավունքները: Մասնավորապես սեպտեմբերի 29-ին ԵԽ ԽՎ-ում ի թիվս այլ հարցերի կզեկուցվի նաեւ Ուկրաինայի կողմից իր ստանձնած պարտավորությունների կատարման մասին: Ինչ վերաբերում է մահապատժի վերացման խնդրին, ապա՝ ԵԽ ԽՎ-ում դրան կանդրադառնան միայն հոկտեմբերի 1-ին, բայց դա էլ կվերաբերի ԵԽ-ի միայն դիտորդ-պետություններին: Միաժամանակ հարկ է նշել, որ այս՝ նախապես մշակված օրակարգը ԵԽ ԽՎ-ում դոգմա չէ եւ այն կարող է փոփոխության ենթարկվել նստաշրջանի առաջին օրը: Թերեւս, այդ կարգով էլ կարող է օրակարգ ընդգրկվել ԵԽ ԽՎ մոնիտորինգի խմբի կողմից՝ որպես հրատապ թեմա առաջարկվելիք «Ժողովրդական զարգացումները Անդրկովկասում» թեմայով հարցը, որի մասին օրերս մամուլում ասել էր նաեւ Ա.Ռուստամյանը: Այդ հարցի քննարկումը ամենաշատը կարող է լինել բարոյական հարթության վրա եւ ՀՀ-ի համար իրավական տեսանկյունից որեւէ հետեւանք, գոնե այս նստաշրջանում, չի ունենա: Իսկ բացի այս, ընդհանրապես ինչ է կատարվում ԵԽ-ում եւ ԵԽ ԽՎ շրջանակներում՝ գարնանային եւ աշնանային նստաշրջանների արանքում: Միայն վերջերս՝ սեպտեմբերի 19-ին, Բուխարեստում ԵԽ ԽՎ նախագահ Պիտեր Շիդերը զեկույցով հանդես է եկել մի խորհրդաժողովում, որը նվիրված էր նաեւ մեզ հուզող այնպսի հիմնախնդրի, ինչպիսին է՝ «Ինչպես երաշխավորել պետական հեռարձակման անկախությունը»: Պիտեր Շիդերի այս զեկույցին եւ, առավելապես Հայաստանին վերաբերող հատվածին մեր ԶԼՄ-ները չանդրադարձան: Ընդհանրապես զեկույցին քչերն անդրադարձան, մինչդեռ ԵԽ ԽՎ նախագահն արձանագրել էր. «Հեռուստաընկերությունների զինված գրավումը մեր օրերում դառնում է ավելի պակաս պոպուլյար եւ ոչ այն պատճառով, որ էլեկտրոնային ԶԼՄ-ների վրա վերահսկողություն սահմանելու այդ մեթոդին անխուսափելիորեն պակասում է նրբագեղությունը. պարզապես դրան այլընտրանքներ կան: Դրանք պակաս ակնհայտ են, բայց դա չի նշանակում, որ պակաս արդյունավետ միջոց են: Ճշմարտությունն աղավաղելով եւ քաղաքական մրցակիցներին խեղդելով հեռուստատեսությունն օգտագործվում է որպես իշխանությունը պահելու հիմնական գործիք»: Հետաքրքիր կլիներ տեսնել ԵԽ ԽՎ նախագահի դեմքի արտահայտությունը, եթե նրա ձեռքի տակ լիներ երեկ ՀՀ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «ԶԼՄ-ների մասին» ՀՀ կառավարության մշակած օրինագիծը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել