Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՏ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Սեպտեմբեր 24,2003 00:00

ՇԱՏ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ Հայաստան-Սփյուռք առաջին տնտեսական համաժողովում գործարար շփումների «ծանր» հատվածն օրվա առաջին կեսն էր՝ հարկային, մաքսային քաղաքականություն, ֆինանսաբանկային համակարգ։ Արդյունաբերության տարբեր ճյուղերում առկա իրավիճակը ներկայացվեց հետկեսօրին։ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտում քննարկման գլխավոր խնդիր համարվեց Հայաստանի ինֆորմացիոն անջրպետումն արտաքին աշխարհից։ ԱՄՆ-ում Հայկական բարձր տեխնոլոգիաների ամերիկյան խորհրդի անդամ Աշոտ Հովհաննիսյանը գտնում էր, որ մեր ձեռնարկություններն ու երկրի տնտեսությունն ընդհանրապես, շատ վատ են ներկայացված Եվրոպայում ու ԱՄՆ-ում։ Ամերիկյան «Global Web Access» ընկերության տնօրեն Դավիթ Դավթյանն ավելի որոշակիացրեց. «ԱՊՀ մյուս երկրները շատ ավելի լավ են ներկայացված, քան Հայաստանը եւ մեր ընկերությունն այժմ եկել է առաջարկելու ընկերություններին՝ մեր միջոցով ունենալ հայկական գներով ամերիկյան որակի համակարգչային էջեր, ուր վատ կապ կամ այլ խնդիրներ չեն առաջանա»։ Ասենք, որ հենց երկրորդ ելույթ ունեցողից հետո մասնակիցները դժգոհություն հայտնեցին, որ «սա գործարար խորհրդակցություն է, ոչ թե առանձին ընկերությունների գովազդ», հատկապես որ «բոլորս էլ իրար գիտենք»։ Արդյունքում խորհրդակցությունը համադրող Տիգրան Դավթյանը (առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ) կիսով չափ կրճատեց ելույթների տեւողությունը։ Թեթեւ արդյունաբերության շուրջ խորհրդակցության «սեղանի թեման» Հայաստանից արտահանվող չմշակված հումքն էր։ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության արդյունաբերության վարչության պետ Մերուժան Հակոբյանը կտրականապես դեմ էր հումքի արտահանմանը, «հետո ինչ, որ դրա համար հարկ չկա» եւ որ «գոնե նախնական մշակում պետք է անցնի այստեղ»։ Նրա կարծիքով, «այսօր մենք կորցնում ենք հագուստի ճյուղը», «սուբսիդիաներն այս ոլորտում քիչ են» ու «թե կարող եք՝ օգնեք»։ Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արմեն Գեւորգյանն էլ հայկական ապրանք առնելու պրոբլեմ ուներ, որովհետեւ «ցուցահանդեսներում ներկայացվածը շուկայում չկա, շուկայում նույնի անորակ տեսակն է», մյուս կողմից էլ «չինական կոշիկը էժան լցրել են, մերոնք արտադրեն՝ ո՞վ է առնողը», հետեւաբար եւ «ներքին շուկան պաշտպանության խնդիր ունի»։ Քննարկումներ եղան նաեւ գյուղատնտեսության ակնագործության, հանքարդյունաբերության եւ այլ ուղղություններով։ Նկատեցինք, որ հին հայ թագավոր-թագուհիների անունները կրող սրահները փոքր էին՝ տեղավորելու գործարար աշխարհի ներկայացուցիչներին, որոշ նիստերից բացակայում էին թարգմանիչներ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել