Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բազկամարտիկ, հրապարակախոս նկարիչը

Սեպտեմբեր 24,2003 00:00

Բազկամարտիկ, հրապարակախոս նկարիչը «Իմ կտավներում ցանկացել եմ պատկերել վերջին շրջանի հայաստանյան իրավիճակները եւ դրանք շտկելու իմ տարբերակներն եմ առաջարկել»,- ասում է երիտասարդ գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Մեխակ Էլբակյանը։ Արվեստագետը իրականության զգացողությունը չի կորցնում, կեղծ լավատեսությունը, դեկորատիվ գունագեղությունը տեղ չեն գտել նրա նկարներում։ Մ. Էլբակյանի խոսքերով. «Տասը տարվա ստեղծագործական ճանապարհիս տեսել եմ պատերազմ, հեղափոխություն, արտագաղթ եւ դրանցից «ծնված» նյութապաշտ մարդիկ, որոնք դարձել են իմ ստեղծագործությունների հիմնական թեման»։ Օրինակ, գեղանկարչի «Ճաշկերույթ» կտավում ստամոքսապաշտներ ու արտագաղթողներ են, իսկ նրանց «ֆոնի» վրա՝ օրեցօր աղավաղվող ազգային ճարտարապետության խորհրդանիշ օպերային թատրոնն ու ՀՀ կառավարական շենքը։ «Դեպի աթոռը» կտավում Ազնվություն, Արդարություն, Պարկեշտություն, Բարոյականություն, Արժանապատվություն բառերը խորհրդանշում են մարդկային լավագույն որակների դեֆիցիտը մեր օրերում։ Ըստ գեղանկարչի, որը նաեւ անուղղելի լավատես է, «ամեն մարդ իր տեղում պետք է լինի, ամեն ինչին, այդ թվում եւ երազած աթոռին, պետք է հասնել միայն ազնիվ ճանապարհով»։ Բարեկեցիկ կյանքը, Մեխակի կարծիքով, անհրաժեշտ է բոլորիս։ Բայց այն ունենալու համար պարտադիր չէ ընտրել քծնանքի ու ստորության ճանապարհը։ Ասվածի արտահայտությունն են «Անդեմ մարդը», «Դիմակներ» կտավները։ Ընդհանուր առմամբ, նրա ստեղծագործություններում նաեւ լույս կա, «առանց որի անհնար է ապրել ու ստեղծագործել»։ Բոլոր չարություններին նկարիչը հակադրում է Ռաֆայելի «Սիքստինյան Մադոննան», որը բոլոր ազգություններին ու ռասաներին նայում է աստվածային գթությամբ, եւ ի զորու էր նրանց փրկության համար զոհել միակ որդուն։ «Չեմ կասկածում, որ այդ նկարի առջեւ կանգնած յուրաքանչյուր ադամորդի լիցքավորվում է նրանից ճառագող բարությամբ»,- համոզված է Մ. Էլբակյանը։ Այսօր շատերը նրան՝ խայթող նկարները նկատի ունենալով, համարում են հրապարակախոս-նկարիչ։ Մ. Էլբակյանը նաեւ բազկամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն է։ Լ. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել