Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԻՆ ԴՈՒՐՅԱՆԸ ՀԱՐՈՒՍՏ Է

Սեպտեմբեր 24,2003 00:00

ԼԻՆ ԴՈՒՐՅԱՆԸ ՀԱՐՈՒՍՏ Է Երեւանում է 60-70-ական թվականների Փարիզի «Գրանդ օպերա» թատրոնի թիվ մեկ մեցցո-սոպրանո Լին Դուրյանը Նա բարձրագույն վարպետության դասընթացներ անցկացրեց Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայում։ Երգչուհին հիշեց, որ առաջին անգամ հայրենիք է ժամանել 1972թ. ու իրեն՝ «Գոսկոնցերտից» կցված ֆրանսերենի թարգմանչուհին էլ, պարզվել էր, անվտանգության ծառայության աշխատակից էր։ Սակայն տիկին Դուրյանին ավելի շատ սարսափեցրել էր սովետական ժողովրդի, մասնավորապես հայերի կաշկանդվածությունը, հայ օպերային երգիչների բեմական ճակատագիրը։ «72-ին Երեւանի օպերային թատրոնում բեմ բարձրացա Ամներիսի դերերգով (Վերդիի «Աիդա»), խաղընկերներ ունենալով Ելենա Միքայելյանին (Աիդա), Սվետլանա Կոլոսարյանին (քրմուհի), Դավիթ Պողոսյանին (Ամոնասրո)։ Ափսոս, որ նրանք չկարողացան միջազգային կարիերա անել հասկանալի պատճառներով»,- հիշեց երգչուհին։ Ըստ նրա, այսօր Հայաստանում երաժիշտներն ազատ են եւ կարող են ինքնուրույն տնօրինել իրենց ստեղծագործական ճակատագիրը։ Լ. Դուրյանը հիացած էր նաեւ դրսում իրեն հանդիպած հայ երգիչներով ու կոնսերվատորիայի լավագույն ուսանողներով։ Երգչուհին փաստեց, որ Երեւանում հյուրընկալվելու օրերին շարունակ լսում է պետական աջակցության եւ հովանավորության բացակայության մասին։ Այս առիթով նա անկեղծացավ. «Իմ կարիերայի սկզբում չունեի իմպրեսարիո, ամեն ինչ ինքս էի անում։ Ես էլ ձեզ նման չեմ տեսել պետական հոգածություն։ Թեեւ Հայաստանի նման, Ֆրանսիայում էլ շատ են հայ կուսակցությունները՝ դաշնակ, ռամկավար, հնչակ եւ այլն։ Բայց նրանցից էլ ոչ մի օգնություն չեմ ստացել, չնայած հնչել են բազմաթիվ խոստումներ»։ Ժամանակին երգչուհին ինքն է Փարիզի փողոցներում փակցրել իր համերգների ազդագրերը ու որպեսզի չճանաչեն, կրել է մուգ ակնոցներ ու գլխաշոր. «Եթե չլիներ իմ նպատակասլացությունը, վստահությունը ուժերիս հանդեպ, ես էլ ոչնչի չէի հասնի, կկորչեի։ Սա դեռ քաղաքակիրթ Ֆրանսիայում էր»։ Ի դեպ, այս օրերին Լ. Դուրյանը Երեւանում ձայնագրել է մի ամբողջ CD՝ Կոմիտասի երգերով: Ժամանակակից սփյուռքահայ աշխարհահռչակ երգչուհիների շարքը համալրած Լին Դուրյանը համեստորեն կարծում է, որ ինքը հայաստանցու նման Կոմիտաս չի կարող երգել։ «Ինձ շատ համոզեց, ոգեւորեց բարեկամս՝ Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտ, այժմ փարիզաբնակ, բարիտոն Մկրտիչ Մկրտչյանը։ Մի բան է բեմից հնչեցնել երգը, այլ՝ ձայնագրելը։ Ունկնդիրը կդատի ինչպես եմ երգել։ Ասեմ, որ ծնողներս Կոմիտասի արվեստի երկրպագուներն են եղել։ Նրանք բախտ են ունեցել լսելու մեծն երգահանի առաջին բեմելը 1906թ. Փարիզի «Ագրիկուլտուր» սրահում»,- տեղեկացրեց Լ. Դուրյանը։ Բորիս Խրիստովի, Կառլո Բեռգոնցիի, Ջոն Վիկերսի, Մարտինա Առոյոյի եւ այլ օպերային աստղերի հետ աշխարհի հեղինակավոր դահլիճներում ելույթներ ունեցած հայազգի երգչուհին վստահ է, որ բարձրակարգ օպերային երգիչ դառնում են միայն 10 տարվա ուսումնառությունից հետո։ Ըստ նրա, միայն 30 տարեկանը բոլորած երգիչը կարող է իրեն թույլ տալ բեմ դուրս գալ օպերային դերերգով։ Հանդիպման ավարտին Լ. Դուրյանը ասաց, որ ինքը ոչ թե հարուստ է, այլ ավելի քան հարուստ. «Հարստություն չէ՞, որ ե՛ւ հայուհի եմ, ե՛ւ ֆրանսուհի։ Հարստություն չէ՞, որ ուսանել եմ Կառուզոյի սան Սյուզան Բոմոնին եւ երգել աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում։ Եվ սա այն դեպքում, երբ չեմ ունեցել որեւէ հովանավոր։ Մի՞թե ավելի չեմ հարստացել Հայաստանում՝ ձայնագրելով Կոմիտաս։ Բայց այս ամենը քիչ է՝ էլի եմ ուզում հարստանալ»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել