Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետությունը կվճարի՞ ավանդատուների ժառանգներին

Սեպտեմբեր 24,2003 00:00

Պետությունը կվճարի՞ ավանդատուների ժառանգներին Առաջարկում է փաստաբանը Եթե 75 տարեկանից բարձր ավանդատուների ավանդների վերադարձման հարցը չլուծվի մի քանի ամսում, քանի դեռ ավանդատուն կենդանի է եւ անձամբ ինքը կարող է ստանալ ու տնօրինել այն, ապա նրա մահից հետո նրա ժառանգները պետք է սպասեն եւս վեց ամիս, որպեսզի դիմեն նոտարական գրասենյակ՝ ստանալու ժառանգության իրավունքի վկայագիր։ Ընդ որում, ժառանգների միջեւ անհամաձայնություն լինելու դեպքում շատերը կդիմեն դատարան։ Այսպիսով, նոտարական գրասենյակներն ու դատարանները արհեստական կերպով կհեղեղվեն ավանդների վեճերով, ինչը լուծում կստանա դատական երկարատեւ ու հոգեմաշ քաշքշուկից հետո։ Թեման հիմնավորելու եւս մի փաստարկ։ Երբ մի քաղաքացի մյուսից պարտքով փող է վերցնում եւ ժամանակին չի վերադարձնում, ապա, գործող քաղաքացիական օրենքի համաձայն, ուրիշի դրամական միջոցները վերադարձնելուց խուսափելու դեպքում, այդ գումարին ավելանում է տոկոսներ՝ բանկային տոկոսի հաշվարկային դրույքով, այն է՝ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը։ Պատկերավոր ասած, հազար դոլար պարտքը վերադարձնելը երեք-չորս տարի ուշացնելու դեպքում բռնագանձվում է շուրջ երկու հազար դոլար։ Հարց է ծագում, իսկ եթե պետությունը ավանդատուին 12 տարի հետո էլ չի վերադարձնում, ապա ինչպես վարվել։ Կարծում եմ, պետությունը որքան շուտ վերադարձնի հիշյալ ավանդները, այնքան իր օգտին կլինի։ Իսկ եթե պետբյուջեն հնարավորություն չունի, ապա ինչ անել։ Իմ կարծիքով, ելքը արտասահմանյան երկրներից 50-60 տարի ժամկետով վարկ վերցնելն է, ինչպես նաեւ ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանին դիմելը, որն, ի տարբերություն Հայաստանի մեծահարուստների, շատ գթասիրտ ու բարյացակամ է իր ցեղակիցների նկատմամբ։ Թող Լինսի դրամին հաջորդի մարդասիրական դրամը։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ավանդատուի մահից հետո նրա ժառանգները կստանան ավանդը, ապա պետք է նկատի ունենալ, որ ավանդատուների մի մասը կարող է ժառանգ չունենա, կամ անարժան ժառանգներ լինեն։ Եվս մի հանգամանք։ Եթե պետությունը հայտարարի, որ նրանք, ովքեր կցանկանան քսան կամ երեսուն ռուբլու փոխարեն ստանալ մեկ դոլարին համարժեք դրամ, սակայն մեկ կամ երկու ամսում, ապա 75 եւ ավելի տարիք ունեցողներից շատերը, այդ թվում նաեւ 77-ամյա տողերիս հեղինակը, համաձայն կլինի, որ իր եւ կնոջ 30 հազար ռուբլու ավանդի փոխարեն ստանա հազար դոլարին համարժեք դրամ եւ այդ ստրկական բնույթի գործարքը հազար անգամ ձեռնտու կլինի, քան տարիներ հետո, մեր մահկանացուն կնքելուց հետո՝ ոչինչ չստանալ։ Ով համաձայն կլինի նման պայմանի, թող իր ավանդը, թեպետ քիչ, բայց շուտ ստանա, իսկ ով համաձայն չէ, թող երկար սպասի եւ առավել շատ ստանա։ ԱԺ-ում ստեղծված հանձնաժողովը ցանկալի է հաշվի առնի հետեւյալ առաջարկները. 1. Ավանդների վճարումը կատարել ըստ սոցիալական խմբերի եւ գումարի որոշակի սահմաններում։ 2. Վճարումը սկսել 2003թ. չորրորդ եռամսյակից՝ վճարելով 75 տարին անց քաղաքացիների, առաջին խմբի հաշմանդամների եւ արցախյան ազատամարտում զոհվածների ընտանիքների ավանդները։ 3. Ավանդների ինդեքսավորումը (փոխանակման հարաբերակցությունը) սահմանել կառավարության հայեցողությամբ։ ՇԱԼԻԿՈ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել