Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇՐՋԱՆԱԿ՝ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

Սեպտեմբեր 24,2003 00:00

ՇՐՋԱՆԱԿ՝ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ Որեւէ տարակույս չկա, որ կոալիցիան «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծն այսօր կընդունի առաջին ընթերցմամբ, թեեւ երեկ օրինագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները մատնանշեցին բազմաթիվ վտանգավոր եւ խոցելի դրույթներ: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հիշեցրեց, թե Եվրախորհրդի փորձագետները կարեւորում էին, որ այս օրենքն ընդունվի փոխհամաձայնության շնորհիվ, որն այսօր, ըստ էության՝ գոյություն չունի: Օրինագիծը ներկայացնողը՝ Արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը պատասխանեց, թե դոգմա չեն ԵԽ փորձագետների արտահայտած ցանկությունները: Մինչդեռ իշխանություններին հաճո եզրակացությունների պարագայում՝ ԵԽ փորձագետների առաջարկներն անմիջապես են դառնում դոգմա: Աշոտ Աբովյանն այնպես էր ներկայացնում, թե օրինագծին ընդդիմադիր է միայն Մամուլի Ազգային ակումբը, որը «գործում է միայնակ եւ չի ներկայացնում լրագրողների լայն հանրույթի շահերը», իսկ այդ «հանրույթի խոշորագույն սուբյեկտները»՝ բավարարված են օրինագծով: Իբրեւ այդպիսիք՝ մատնանշեց Երեւանի մամուլի ակումբը, Ժուռնալիստների միությունը, «Իրավունքը»: Վերջինիս անունից Հրանտ Խաչատրյանն անմիջապես հերքեց, թե «Իրավունքը» հավանություն է տվել: ԱԺ-ում երեկ հրապարակվեց նաեւ ՀՀ-ում ԵԱՀԿ դեսպանի նամակը, որով նա սեպտեմբերի 11-ին մտահոգություններ էր հայտնել «ԶԼ մասին» օրինագծի կապակցությամբ: Եվ այդ մտահոգությունը ստորագրությամբ բաժանել են նաեւ նույն Երեւանի մամուլի ակումբը, Հետաքննող լրագրողների ընկերակցությունը եւ լրագրողական «հանրույթի» այլ «խոշորագույն սուբյեկտներ»: Արդարադատության փոխնախարարի մեկ այլ փաստարկի համաձայն՝ այս օրինագծի առնչությամբ կազմակերպվել են բազմաթիվ սեմինարներ եւ լսումներ: Մինչդեռ Շավարշ Քոչարյանը պնդեց, թե այդ քննարկումների ժամանակ հնչած առաջարկները հաշվի չեն առնվել եւ օրինագիծը վերստին ԱԺ է ներկայացվել գրեթե առանց էական փոփոխությունների: Աշոտ Աբովյանը խոստացավ, թե բոլոր առաջարկները հաշվի են առնելու միանգամից՝ 1-ից 2-րդ ընթերցման ժամանակ: Հերթական անգամ մատնանշվեց, թե «ԶԼ մասին» օրինագծում գրեթե բառ անգամ չկա լրագրողների իրավունքների եւ պարտականությունների մասին, որն, ըստ Վիկտոր Դալլաքյանի հայտնի համեմատության, նման է «հարսանիքի՝ առանց հարսի, կամ ԱԺ-ի՝ առանց Սադոյանի»: Արդարադատության փոխնախարարն ի պատասխան ակնարկեց, թե չարժե խցկվել «մատի եւ մատանու» արանքը՝ լրագրողների իրավունքները պիտի կարգավորվեն ոչ թե օրենքով, այլ լրատվամիջոցների ինքնակառավարման ակտերով. «Իբրեւ օրենսդիր՝ չպիտի մտնենք գլխավոր խմբագրի եւ լրագրողի արանքը»: Իսկ ԱԺ գիտության, կրթության եւ մշակույթի հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանն առավել յուրօրինակ բացատրություն տվեց, թե ինչքան սահմանում ու թվարկում ենք իրավունքները՝ այնքան քչացնում ու սահմանափակում ենք դրանք: Շավարշ Քոչարյանն ի պատասխան զարմացավ, թե ինչո՞ւ է Հայաստանը միացել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, եթե նման ակտերով միայն սահմանափակվում են իրավունքները: Օրինագծի «Խոսքի ազատության ապահովման երաշխիքները» հոդվածում նշվում է, թե կարող է սահմանափակվել այն ԶԼՄ-ների տարածումը, որոնք քարոզել են քրեորեն պատժելի արարքներ: Պատգամավորները պահանջում էին որոշակիացնել, թե ինչ է նշանակում սա՝ ասենք, Սամվել Բաբայանի մասին դրվատալից հրապարակումները կարո՞ղ են դիտարկվել իբրեւ նման քարոզչություն: «Խոսում եք ազատության երաշխիքների մասին, բայց ամրագրում այդ ազատությունը սահմանափակող դրույթներ՝ սա՛ է մեր հասարակության նկարագիրը»,- նշեց Հմայակ Հովհաննիսյանը: Որքան էլ զեկուցողները պնդում էին, թե այս օրենքը «ժողովրդավարության ամենավերջին ճիչն» է՝ իրական մտադրություններն Արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը բացահայտեց իր այս հարցադրմամբ. «Ի՞նչ ենք ուզում մենք՝ մամուլին կամ զանգվածային լրատվությանը տանք ասպատակության իրավո՞ւնք: Մենք մոռանո՞ւմ ենք, որ հասարակության մնացած անդամների իրավունքներն ու շահերը կարող են ոտնահարվել: Վերջին հաշվով՝ զանգվածային լրատվության միջոցները պե՛տք է ունենան գործելու որոշակի շրջանակ»: Երեկվա քննարկումներում արձանագրվեց միայն 1-2 դրական փոփոխություն: Պատգամավորները բազմաթիվ կատակներ արեցին այն թեմայով, թե ըստ օրինագծով նախատեսված սահմանման՝ ինչը կարող է համարվել ԶԼՄ: Քանի որ ըստ նախնական տարբերակի՝ լրատվության միջոցն այն է, որը միեւնույն բովանդակությամբ թողարկման առնվազն 100 օրինակ ունի՝ Արշակ Սադոյանը ենթադրեց, որ լրատվամիջոց կարող է դառնալ ինքը, երբ ԱԺԴ համագումարի 100-ից ավելի մասնակիցներին նյութեր կբաժանի, իսկ ըստ Շավարշ Քոչարյանի՝ լրատվամիջոց է նաեւ ԱԺ օրակարգը, որն ամեն եռօրյայի բաժանում են 131 պատգամավորների: Ամփոփիչ ելույթի ժամանակ Արդարադատության փոխնախարարը հայտարարեց, թե քվեարկության դրվելիք նախագծում զանգվածային լրատվամիջոցի սահմանման մեջ ավելացվել է, թե այն պիտի պարբերաբար թողարկվի, ունենա «մշտական անվանում, հերթական համար եւ թողարկման ամսաթիվ»: Օրենքի ամենախնդրահարույց դրույթներից մեկն էլ հոդված 13-ն է՝ «Ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը», որը ԶԼՄ-ին պարտավորեցնում է հրապարակել իրեն նվիրատվություններ կատարածների անունները: Այս կետը թերեւս հանվի, քանի որ դրան դեմ արտահայտվեց ինչպես Հրանուշ Հակոբյանը, այնպես էլ՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը: Իսկ ընդհանրապես՝ մամուլի նկատմամբ հերթական ոտնձգությունը կիրառելու պարագայում՝ իշխանություններն անպայման չէ, որ դիմեն օրենքի օգնությանը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել