Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՂՄԿՈՒՄ «ՕԵ»-Ի ՀՆՉԱԿԸ

Սեպտեմբեր 24,2003 00:00

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՂՄԿՈՒՄ «ՕԵ»-Ի ՀՆՉԱԿԸ Երեկ «ԶԼ մասին» օրինագծի առնչությամբ ելույթ ունեցավ 29 ընտրատարածքի պատգամավոր, «Օրինաց երկրի» անդամ Մեխակ Մխիթարյանը, որը պատգամավոր էր նաեւ 1990-1995-ին, բայց այդ ժամանակ ներկայանում էր իբրեւ հնչակյան: Բազմակուսակցական այս պատգամավորը դասեր տվեց մամուլին չափի զգացումը, կոռեկտությունը եւ պարկեշտությունը պահպանելու անհրաժեշտության մասին: Եվ իր օրինակով ցույց տվեց, թե ինչպես կարելի է ոտնահարել այդ ամենը՝ «ոչ անհայտ մի ոմն քաղաքագետի» կոչ անելով ազատվել «երազախաբությունից, քանի որ կարող է արթնանալ եւ անկողինը թաց տեսնել»: Պրն Մեխակը նաեւ ասաց. «Որպես գյուղից ընտրված պատգամավոր՝ ինձ երբեմն լավ եմ զգում, որ այսօրվա իրավիճակը հասու չի դարձնում, որ գյուղի աշխատավորները հաղորդակցվեն մեր լրատվության առանձին միջոցների հետ: Մասնավորապես՝ չէի ուզենա, որ «Չորրորդ իշխանություն» կոչվող այդ լրատվամիջոցը հասներ գյուղ: Այնտեղ արտահայտված մտքերը, ժարգոնը կամ լեքսիկոնը… բոլորովին չգիտեմ, թե ինչի մասին են խոսում: Ընդհանրապես՝ դա կարելի՞ է համարել լրատվամիջոց, թե՞ ոչ: Ես հասկանում եմ հայտնի ուժերի խոսափողը լինելու նրանց ձգտումը՝ հատկապես ռեւանշիզմի ձգտելու միտումը, որը կարմիր թելի պես անցնում է այդ օրաթերթի բոլոր համարներով: Եվ օր առաջ այդ ռեւանշը տեսնելու մոլուցքը բթացրել է բանական մտածելու նրանց ընդունակությունը»: Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, թե ռեւանշիզմի վտանգի մասին խոսում են «դաշտային հրամանատարների մանկլավիկները» եւ հավելեց. «Ես ցավակցում եմ Ռոբերտ Քոչարյանին՝ չնայած նա արժանի է իր ճակատագրին, քանի որ այն մարդիկ, ովքեր դեռ երեկ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պնակալեզներն էին՝ վաղը, երբ Ռոբերտ Քոչարյանը կզրկվի իշխանությունից՝ նրա՛ն նույն ձեւով կմեղադրեն ռեւանշիզմի մեջ: Սա՛ է այդ մարդկանց դեմքը եւ պատահական չէ, որ նրանք են պաշտպանում այս օրինագիծը»: ԶԼՄ-ներին կոռումպացվածության մեջ մեղադրող այս պատգամավորի անունը մամուլում հայտնվել էր մեկ էլ նրա եղբոր՝ Վահրամ Մխիթարյանի կաշառակերության մեղադրանքով ձերբակալության կապակցությամբ: Բացի այդ՝ նա ընտրվել է մի ընտրատարածքում, որտեղ տեղի էին ունեցել ամենախայտառակ խախտումները՝ սկսած միջազգային դիտորդի նկատմամբ բռնարարքից, վերջացրած՝ քվեատուփ փախցնելով: Բնականաբար՝ նա կնախընտրեր, որ այս ամենի մասին չգրվեր երբեք: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել